ONEArmenia՝ շահոյթ չհետապնդող կազմակերպութիւնը, որը կենտրոնանում է Հայաստանում կայուն տնտեսութիւններ ստեղծելու վրայ, Փետրուարի 3ին նոր արշաւ յայտարարեց Բաղանիս սահմանամերձ գիւղում՝ մեղուաբուծական գործունէութիւն սկսելու համար:
Բաղանիսում ապրում է մօտ 800 մարդ: Այդ գիւղը գտնւում է Հայաստան-Ադրբեջան սահմանից մի քանի կիլոմետր հեռու, եւ տնտեսական վիճակն այնտեղ ծանր է: Հողերի մեծ մասն անհասանելի է սահմանային խնդիրների, ականների ու դիպուկահարների ժամանակ առ ժամանակ կրկնուող կրակոցների պատճառով: Շրջանում արդիւնաբերութիւն չկայ, եւ աշխատատեղերի պակասը բերում է արտագաղթի բարձր ցուցանիշների. տղամարդիկ հեռանում են՝ աշխատանք փնտռելով մայրաքաղաքում՝ Երեւանում, կամ հարեւան Ռուսաստանում:
«Հարկաւոր է Բաղանիսում կայուն եկամուտ ապահովող գործունէութիւն ստեղծել, եւ ընտանիքները ստիպուած չեն լինի իրարից հեռու լինելու», ասում է ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարգիսեանը: «Մեր նպատակն է ռազմավարական նշանակութիւն ունեցող այս շրջանում ապրող մարդկանց օգնել ապրելու ու բարգաւաճելու սեփական հողում»:
«Bring on the Buzz»ը հէնց դրա մասին է: ONEArmenia-ի եւ Սահման ՀԿի համատեղ դրամահաւաք-արշաւը Բաղանիսում բնակուող 18 ընտանիքի կ՛ապահովի չորսական փեթակով՝ նրանց հնարաւորութիւն տալով ունենալ կայուն եկամուտ եւ ապահովել իրենց ապրուստը մեղր արտադրելով:
Հաւաքուած գումարը կ՛ուղղուի դէպի Հայաստանում արտադրուած փեթակների, մեղուաընտանիքների, մեղուապահութեան գործիքների եւ սարքաւորումների ձեռքբերմանը: 18 ընտանիքներից իւրաքանչիւրը կը ստանայ մանրամասն ուսուցում մեղուապահութեան մեթոդների մասին եւ նաեւ աջակցութիւն կ՛ունենայ արտադրուած մեղրի գնորդներին գտնելու հարցում:
«Մեր նպատակն է ապահովել կայուն, մնայուն առաջխաղացում», ասում է Սահման ՀԿի համահիմնադիր Աննա Աղաջանեանը: Նախագծի կայունութիւնը ապահովելու համար Սահմանի մեղուապահութեան գիտակը մի տարուայ ընթացքում մշտապէս կ՛այցելի նոր մեղուաբոյծներին՝ տրամադրելով համապատասխան վերապատրաստում ու խորհրդատուութիւն:
ՄԵՂՈՒԱՊԱՀՈՒԹԻՒՆ. ԿԱՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՒՂԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԿի Պարէնի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութիւնը (ՊԳԿ) մեղուապահութիւնը նկարագրել է որպէս կայուն ապրուստ ապահովելու օգտակար միջոց: Մեղուները բարդ խնամքի կարիք չունեն, քանի որ մեծ մասամբ իրենք իրենց մասին հոգ տանում են: Այնպէս որ մեղուապահութիւնը լաւ է համատեղւում այլ եկամտաբեր գործունէութիւնների հետ:
Մեղուապահութիւնը ոչ ժամանակատար է, ոչ էլ չափազանց բարդ. սակայն այն շահութաբեր է: Մէկ փեթակը կարող է տարեկան արտադրել մինչեւ քսանհինգ կիլոգրամ մեղր, իսկ Հայաստանում մեղրի կիլոգրամը կարելի է վաճառել մինչեւ եօթ դոլար (մօտ 3500 դրամ): Բաղանիսի նման չունեւոր սահմանամերձ գիւղերում, որտեղ մէկ ընտանիքի տարեկան միջին եկամուտը մօտ 500 դոլար է կազմում (մօտ 250,000 դրամ), մեղուապահութեան բիզնես սկսելը կարող է նուազեցնել արտագաղթի խնդիրը տեղի զարգացման շնորհիւ:
Բաղանիսում 72 փեթակ տեղադրելը ոչ միայն կը բարելաւի տեղացիների կենցաղային պայմանները, այն դրական ազդեցութիւն կ՛ունենայ շրջակայ միջավայրի վրայ՝ տարածաշրջան բերելով փոշոտող մեղուների ու այդպիսով երաշխաւորելով Բաղանիսի բնական ռեսուրսների պահպանումը:
Նաեւ յայտնի է, որ մեղուները լաւ են զարգանում ոչ արդիւնաբերական տարածաշրջաններում, ինչպիսին է Տաւուշի մարզը, որտեղ օդը մաքուր է, շրջակայ միջավայրն էլ՝ չաղտոտուած: «Առողջ մեղուները օգնում են ապահովել մեղրի որակը», բացատրում է Սահման ՀԿի համահիմնադիր æորջ Տաբակեանը: «Եւ չնայած Հայաստանի գիւղական բնակավայրերում կլիման յարմար է մեղուապահութեամբ զբաղուելու համար, դրա ներուժը դեռ պատշաճ կերպով չի օգտագործուած»:
ԿԱՅՈՒՆՈՒԹԻՒՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔ
Վերջին չորս տարիների ընթացքում Սահման ՀԿն աշխատել է Տաւուշի մարզի այլ նմանատիպ գիւղերի հետ, եւ նրանց աշխատաոճի արդիւնաւէտ լինելն արդէն ապացուցուած է: ՀԿի աշխատանքի պատմութիւնը տպաւորիչ է. Բարեկամաւան, Բերքաբեր, Չինարի, Այգեձոր ու Ներքին Կարմրաղբիւր գիւղերը արդէն ունեն 30 ջերմոց ու 112 փեթակ:
Համագործակցող երկու ՀԿների համար էլ կարեւոր է, որ նախագիծը չսահմանափակուի այդ 18 ընտանիքներով: «Ապագայ մեղուապահները արդէն խօսք են տուել օգնել գիւղին՝ երկու տարուայ ընթացքում նուիրաբերելով մէկական կիլոգրամ մեղր իւրաքանչիւր փեթակից», ասում է Սահման ՀԿի Աննա Աղաջանեանը: «Նուիրաբերած մեղրը կը վաճառուի՝ տեղի մանկապարտէզին օգնելու նպատակով»:
Կիսուէ՛ք կամ կատարէ՛ք նուիրատուութիւն «Bring on the Buzz» արշաւին՝ օգնելով ONEArmenia-ին եւ Սահման ՀԿին՝ քաղցրացնելու Բաղանիս սահմանամերձ գիւղի բնակիչների կեանքը՝ https://onearmenia.org/campaign/։