ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
Մարտի 3ին անսպասելի Ադրբեջան է այցելել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով համակարգում է ռազմատեխնիկական համալիրի հարցերը: Սա չէր կարող չյարուցել Հայաստանի մտահոգութիւնը, որտեղ մտածում են, թէ Ռուսաստանը փորձում է աւելացնել զէնքի վաճառքը Ադրբեջանին:
Դմիտրի Ռոգոզինը այցի արդիւնքների մասին գրառում է կատարել Twitter-ում. «Բաքու կատարած այցի գլխաւոր արդիւնքը. կողմերը հաստատել են, որ պատասխանատու եւ յուսալի գործընկերներ են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմատեխնիկական համագործակցութիւնն է»:
Ռոգոզինի այցը Բաքու միջազգային իրարանցում է առաջացրել: Ռուսական «Կոմերսանտ» թերթն արդէն յօդուած է հրապարակել, որում նշուած է, որ Ադրբեջանը իբր չի վճարել արդէն մատակարարուած ռուսական զէնքի դիմաց, եւ փոխվարչապետը մեկնել է պարտքը ստանալու: Թերթն ակնարկել է, որ Բաքուն կարող է բարձրացնել Հայաստանին ռուսական զէնքի վաճառքի հարցը:
Բաքուի փորձագէտները հերքել են «Կոմերսանտ»ի փաստարկները: Լրատուամիջոցների ենթադրութեամբ՝ քանի որ Բաքուի եկամուտները նաւթի միջազգային գների անկման պատճառով նուազել են, ուստի նա չի կարող վճարել ձեռք բերած զէնքի որոշ խմբաքանակի դիմաց:
Ռազմական փորձագէտ Ուզէիր æաֆարովի խօսքով՝ Ադրբեջանը հրաժարւում է Ռուսաստանի մատակարարած որոշ զինատեսակներից եւ ցանկանում է վերադարձնել: Եւ Ռուսաստանը փորձում է համոզել Բաքուին պահել եւ վճարել այդ զէնքի համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Ռոգոզինի հանդիպման մասին պաշտօնական տեղեկատուութեան մէջ նշւում է, որ «ակտիւ աշխատանքներ են կատարւում Ռուսաստան մեր արտադրանքի արտահանման ծաւալների աւելացման ուղղութեամբ»: Ռուսաստանից զէնքի արտահանման մասին չի խօսւում: Սակայն Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռուած է նրանում, որ ռուսական արտահանումը աւանդաբար զբաղեցնի կարեւոր տեղերից մէկը՝ «նոյնիսկ առաջին տեղը՝ ադրբեջանական ներմուծման մէջ»:
Թէ ինչի՛ մասին են պայմանաւորուել Ռոգոզինը եւ Ալիեւը՝ պարզ կը լինի զէնքի յետագայ մատակարարումներից: Առայժմ չկան տուեալներ, որ Հայաստանը ստացել է դեռ նախորդ տարուայ ամռանը ստորագրուած վարկային համաձայնագրով զէնք եւ ռազմական տեխնիկա: Այն ուժի մէջ է մտել այս տարուայ Փետրուարին, եւ Ռուսաստանը պէտք է Հայաստանին 200 մլն. դոլարի զէնք մատակարարի, այդ թւում՝ «Սմեր»չ համակարգեր:
Անցեալ ամիս Ադրբեջանի արտգործնախարարութիւնը բողոքի նոտա էր յղել Ռուսաստանին այս գործարքի կապակցութեամբ, սակայն Ռուսաստանի արտգործնախարարութեան ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ էր արել Ադրբեջանին ըմբռնումով մօտենալ ռուսական զէնքի մատակարարմանը դաշնակից Հայաստանին: Նա միեւնոյն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է ուժերի հաւասարակշռութիւնը տարածաշրջանում:
Նման համալիրներ Ռուսաստանն աւելի վաղ վաճառել էր նաեւ Ադրբեջանին՝ 5 մլրդ. դոլարի ռազմատեխնիկական համաձայնագրի շրջանակներում: Փորձագէտների խօսքով, հնարաւոր է՝ Ռուսաստանը այժմ Բաքուին առաջարկում է «Սմեր»չը գերազանցող նոր զինատեսակներ:
Ադրբեջանը եւ Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը հակամարտում են Լեռնային Ղարաբաղի շուրջ, որտեղ վերջին տարիներին լարուածութիւնը սրուել է: 2015թ. ընթացքում հակամարտութեան գօտում գրեթէ չորս տասնեակ հայ զինուոր է զոհուել ադրբեջանական ուժերի կողմից:
Նաիրա Հայրումեան՝ «Արմինիա Նաու»ի թղթակից