ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ջանքերը՝ Վաշինգտոնում սկսուող Միջուկային անվտանգութեան համաժողովի շրջանակներում առանձին հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, արդիւնք չեն տուել: Էրդողանի հետ հանդիպել է միայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարի գծով ԱՄՆ նախագահի յատուկ ներկայացուցիչ Բարեթ Մակգերկի եւ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի ուղեկցութեամբ, այն էլ՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը:
Աւելին՝ ամերիկեան կողմն ընդգծուած անյարգալից վերաբերմունք է դրսեւորել Էրդողանի նկատմամբ. օդանաւակայանում նրան դիմաւորել են… Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն եւ ԱՄՆում Թուրքիայի դեսպան Քըլըչը:
Պաշտօնական Վաշինգտոնի նման վերաբերմունքը «դեմարշ» է Էրդողանի դէմ՝ նրա վարած ներքին ու տարածաշրջանային քաղաքականութեան պատճառով: Էրդողանի վարչակարգը երկրում դիկտատուրա (միապետութիւն-Խմբ.) է հաստատում՝ վերացնելով խարխուլ ժողովրդավարութեան վերջին նշոյլները, բռնի ճնշելով այլախոհութիւնը, «ազատուելով» Էրդողանի «ճշմարտացիութեանը» կասկածող բոլոր շրջանակներից:
Էրդողանի նկատմամբ Վաշինգտոնի այս վերաբերմունքի միւս պատճառը՝ Իրաքի եւ Սիրիայի քրդական կազմակերպութիւնների դէմ ծաւալած պատերազմն է, Թուրքիայի հարաւարեւելեան շրջաններում Քրտական բանուորական կուսակցութեան (ՔԲԿի) դէմ հակաահաբեկչական գործողութիւնների անուան տակ խաղաղ քուրդ բնակչութեան նկատմամբ իրականացուող բռնութիւններն ու հալածանքները:
Անկարա, արհամարհելով Սիրիայում հաստատուած հրադադարը, որին յաջողուել էր հասնել ռուս-ամերիկեան համաձայնութեան արդիւնքում, շարունակում է հրետանային հարուածներ հասցնել ինչպէս իրաքեան քրդերի, այնպէս էլ ԱՄՆի աջակցութիւնը վայելող, Ասադի եւ «Իսլամական պետութեան» (ԻՊ) դէմ յաջող պայքար մղող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միութեան» (PYD) մարտիկների դիրքերին: Ի հեճուկս ԱՄՆի, Անկարան նաեւ տապալում է քրդերի ներգրաւումը Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգաւորման՝ ժընեւեան բազմակողմ բանակցութիւններում:
Բացի դրանից՝ թէեւ պաշտօնական Վաշինգտոնը հերքում էր ԻՊին հովանաւորելու, ֆինանսական օժանդակութիւն ցուցաբերելու եւ ահաբեկիչներ մատակարարելու հետ կապուած՝ Թուրքիային ուղղուող մեղադրանքները, սակայն այդ ամէնը հաստատող կոնկրետ փաստեր են ի յայտ գալիս՝ չափազանց անյարմար դրութեան մէջ դնելով Վաշինգտոնին: Ըստ ամենայնի՝ այս ամէնն արդէն անտանելի է դառնում Վաշինգտոնի համար, որին Էրդողանն անդադար կանգնեցնում է փաստի առաջ: Վաշինգտոնը հասկանալի է դարձնում, որ այլեւս չի պատրաստւում համակերպուել Անկարայի՝ նման անպատասխանատու պահուածքի հետ:
Սակայն ի՞նչ գործնական հետեւանք է սա ենթադրում թուրք-ամերիկեան յարաբերութիւններում: Երկու օր առաջ Պենտագոնի յատուկ ներկայացուցիչ Պետեր Կուկը հաստատեց, որ Թուրքիայի Մուղլայի, Իզմիրի եւ Ադանայի նահանգներից ամերիկացի զինուորականների ընտանիքներին՝ թուով 670 հոգու, տարհանելու որոշում է կայացուել: Ուշագրաւ է, որ այդ քայլը Պենտագոնը բացատրել է ոչ թէ Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի զգալի աճով, այլ «տարածաշրջանում անվտանգութեան հետ կապուած ընդհանրական խնդիրներով»: Այն, որ սա ահաբեկչութեան վտանգի հետ կապ չունի, հաստատում է նաեւ փաստը, որ տարհանումն առայժմ չի վերաբերում այդ սպառնալիքին ամենաշատը ենթակայ Անկարայում եւ Ստամբուլում գտնուող՝ ԱՄՆ քաղաքացիներին: Ըստ էութեան՝ ԱՄՆն իր այս քայլով ոչ միայն իրական է համարում թուրք-քրդական ներքին պատերազմի ծաւալման վտանգը, այլեւ ինքն է դրա համար նախադրեալներ ստեղծում:
Սա կարող է երկու բան նշանակել.
Առաջին՝ Վաշինգտոնը դրանով փորձում է, չէզոք դիրքաւորում գրաւելով, նպաստել Թուրքիայի՝ յաջորդ «Սիրիայի» վերածմանը եւ քրդական հարցի կենսագործումը դարձնել իր վերահսկողութիւնից ակնյայտօրէն դուրս եկող Էրդողանի վարչակարգին հեռացնելու հիմնական գործիքներից մէկը, որը յղի է թուրք-քրդական լայնածաւալ ներքին քաղաքացիական պատերազմով: Եթէ Թուրքիայից «ձեռքերը լուանալու» ամերիկեան մօտեցման նպատակն իսկապէս սա է, ապա կարելի է սկսուած համարել նաեւ Թուրքիայի մասնատման գործընթացը:
Երկրորդ՝ հնարաւոր է՝ ԱՄՆ այսպիսով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրայ Սիրիայի դաշնայնացման համատեքստում քրդական ինքնավարութեան ստեղծման նպատակով, ինչը հակասում է Անկարայի ռազմավարական շահերին: Հիւսիսային Սիրիայի քրդերը Անկարայի ճնշմամբ Ժընեւի բանակցութիւններին մասնակցելու իրաւունքից զրկուելուց յետոյ Մարտի 16ին իրենց վերահսկողութեան տակ գտնուող տարածքներում բնակուող հայերի, ասորիների, արաբների, թուրքմանների՝ աւելի քան 200 պատուիրակների մասնակցութեամբ անցկացուած «Ժողովրդավար դաշնային համակարգ Ռոժաւայի համար» համաժողովից յետոյ յայտարարեցին այդ տարածքներում դաշնային միաւոր հիմնելու նախաձեռնութեան մասին: Թէեւ ԱՄՆը հրապարակաւ դա որակեց անհիմն, սակայն, ըստ որոշ տեղեկութիւնների, Ռուսաստանի հետ ԱՄՆը ՄԱԿի յատուկ բանագնաց Ստեֆան դէ Միստորային է փոխանցել Սիրիան դաշնային պետութեան վերածելու առաջարկ: Անձամբ Միստորան յայտարարել էր, թէ այդ հարցը կարող է դառնալ Ժընեւեան բանակցութիւնների թեմա:
Թուրքիայի համար իրավիճակն իսկապէս ծանր է: Ռուսաստանի հետ յարաբերութիւնները փչացնելուց յետոյ, Անկարան փաստացի կորցրել է նաեւ իր հիմնական դաշնակցի՝ ԱՄՆի վստահութիւնը: Թէ՛ Մոսկուան եւ թէ Վաշինգտոնը բացայայտ պաշտպանում են քրդերին, երկուսն էլ փաստացի կողմ են Իրաքում, Սիրիայում, թերեւս, նաեւ Թուրքիայի հարաւարեւելեան շրջանների հաշուին մեծ Քուրդիստանի կամ քրդական պետական միաւորման ստեղծմանը: Էրդողանն իր երկիրը տանում է միջազգային մեկուսացման՝ վերածելով սեւ խոռոչի, եւ ուժային բոլոր կենտրոնների համար անձամբ վերածուելով persona non grata-ի:
Մի կողմից՝ Թուրքիայի այս մեկուսացումը ամրապնդում է Հայաստանի թիկունքը՝ ԼՂ հարցում սահմանափակելով Անկարայի ազդեցութիւնը, սակայն, միւս կողմից, այս գործընթացները Հայաստանին կարող են կանգնեցնել լրջագոյն հիմնահարցերի առջեւ: Նախ՝ իրատեսական կարող է դառնալ անմիջապէս Հայաստանի հարեւանութեամբ ապակայունացման, գուցէ նաեւ պատերազմական գործողութիւնների ծաւալման հեռանկարը, ինչը, անվտանգութեան ապահովման տեսանկիւնից, խիստ ռիսկային (վտանգներով յղի-Խմբ.) է: Երկրորդ՝ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը կարող է բախուել առայժմ զուտ հաւանականութեան մակարդակում գտնուող՝ Թուրքիայի մասնատման, պատմական Հայաստանի տարածքի մի մասի վրայ քրդական պետական կազմաւորման հնարաւոր առաջացման վերաբերեալ դիքորոշում ձեւակերպելու եւ քրդական գործօնի ազդեցութեամբ հայկական պահանջատիրութեան հարցում բոլորովին նոր ռազմավարութիւն մշակելու անխուսափելութեան առջեւ: Ներկայ պահին, սակայն, չափազանց կարեւոր է հասկանալ, թէ ի՛նչ տրանսֆորմացիաների (փոխակերպում-Խմբ.) է ենթարկւում ամերիկեան քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ, եւ ինչի՛ է տանելու այս ամէնը:
Իրավիճակի դիպուկ վերլուծու՛մ։ Ճիշտ է, որ Դաշնակցային Սուրիա ստեղծելու գաղափարը հետզհետէ հող կը շահի դերակատար ուժերու շրջանակին մէջ և սակայն խոչընդոտները առայժմ անյաղթահարելի կը թուին ըլլալ։ Ներկայի առաջնահերթութիւնը ԻՊ-եան բարւոք լուծարումն է, որմէ ետք խաղաքարտերը առայժմ յստակ չեն և ապագան՝ դեռ շատ անորո՛շ։ Խօսելով Թուրքիոյ անդամահատման կարելիութեան մասին, կը թուի, որ Էրտողանի բացակայութիւնը բեմէն նոյնքան մտահոգիչ է Արևմուտքի (և հաւանաբար Ռուսաստանի) համար, որքան անոր ներկայութիւնը՝ զայրացուցիչ…Եւ հոս է իր ուժի աղբիւրը։ ԿԱ 4/3/2016