ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի մէկօրեայ այցն Ադրբեջան աւարտուել է, որից յետոյ նա մեկնել է Ղազախստան: Բաքուի այցի շրջանակում ստորագրուել են երկկողմ մի քանի փաստաթղթեր: Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում Նեթանիահուն յայտարարել է, որ Իսրայէլն ու Ադրբեջանը կարող են հրաշքներ գործել կրթութեան, տեղեկատուական տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան եւ ցանկացած այլ ոլորտում:
Այս երկրների բազմաբեւեռ համագործակցութիւնը վերընթաց զարգանում է 1997ից, երբ այն ժամանակ եւս վարչապետի պաշտօնն զբաղեցնող Նեթանիահուն ժամանեց Բաքու եւ հանդիպեց Ադրբեջանի նախկին նախագահ Հէյդար Ալիեւին: 2009ին պետական այցով Ադրբեջան մեկնեց Իսրայէլի նախագահ Շիմոն Պերեսը, ինչից յետոյ գործակցութիւնն աւելի մեծ ծաւալ բնոյթ ստացաւ:
Սկսած 2006ից՝ Իսրայէլն աստիճանաբար մեծացնում է Ադրբեջանից գնուող նաւթի ծաւալները՝ ապահովելով իր ներքին պահանջարկի 40-50 տոկոսը: Իսրայէլը նաեւ գազ է ստանում Ադրբեջանից, որի ծաւալներն աւելի կ՛աւելանան, երբ գործարկուի տրանսկասպեան TANAP խողովակաշարը: Իսրայէլական ընկերութիւնները խոշոր ներդրումներ են կատարում Ադրբեջանի էներգետիկ արդիւնահանման ոլորտում: Բացի դրանից՝ Ադրբեջանի հետ քաղաքական յարաբերութիւնների խորացումը Իսրայէլի համար կարեւոր է՝ մուսուլմանական աշխարհի հետ համակեցութեան իր տրամադրուածութիւնը փաստարկելու համար:
Իր հերթին, Ադրբեջանը լրջօրէն հետաքրքրուած է գիւղատնտեսութեան ոլորտում Իսրայէլի տեխնոլոգիական նորարարութիւնները իւրացնելու հարցում: Սակայն Իսրայէլից Բաքուի հիմնական դիվիդենտը (շահոյթը-Խմբ.) ռազմականն է: Նեթանիահուի հետ հանդիպմանը, Ալիեւը յայտարարել է, թէ Ադրբեջանն Իսրայէլից 4 մլրդ. 850 մլն. դոլարի ժամանակակից սպառազինութիւն է գնել: Դատելով վարչապետ Նեթանիահուի՝ մինչ Ադրբեջան այցելելն արած այն յայտարարութիւնից, թէ Բաքւում հնարաւոր է քննարկեն Ադրբեջանի կողմից իսրայէլական ռազմական արտադրանքի գնման հետ կապուած հարցեր, այդ գործակցութիւնը շարունակութիւն է ունենալու: Դեռ Հոկտեմբերին Ադրբեջանից յայտարարեցին, թէ պատրաստւում են Իսրայէլից ձեռք բերել «Երկաթէ գմբէ»չ ՀՕՊ համակարգը, որը Թել Աւիւը երկրորդ երկրի չի վաճառում: Թէեւ պաշ-տօնապէս որեւէ տեղեկութիւն չկայ՝ ար-դեօք այդ հարցը իսկապէ՞ս քննարկուել է Նեթանիահուի այս այցի շրջանակում, սակայն կարելի է գրեթէ վստահ լինել, որ Բաքուն առնուազն այդ հարցում Թել Աւիւի տրամադրուածութիւնը շօշափելու առիթը բաց չէր թողնի:
Ադրբեջանն Իսրայէլում դեռ դեսպանութիւն չունի, սակայն Բաքուի եւ Թել Աւիւի յարաբերութիւնները կարելի է գնահատել ռազմավարական, թէեւ պաշտօնապէս Բաքուն խուսափում է յստակ յայտարարել այդ մասին: Կարելի է ասել՝ այդ երկրների բազմաշերտ համագործակցութեան իրական ծաւալներն ու խորութիւնը պահւում են գաղտնի՝ հարեւան Իրանի հակազդեցութիւնից Բաքուի զգուշանալու պատճառով: Նեթանիահուի այս այցից առաջ Իրանի խորհրդարանի նախագահի աւագ խորհրդական Հոսէյն Ամիր Աբդոլահիանը Իսրայէլի վարչապետի այցը որակել էր նոր դաւադրութիւն տարածաշրջանում: Իսկ Իրանի նախագահի խորհրդական Ալի Ասքար Սոլթանէն նշել էր, թէ Իրանին շատ է անհանգստացնում վերջին շրջանում Իսրայէլի հետ Ադրբեջանի սերտացումը:
Նկատելի է, սակայն, որ Իրանն աստիճանաբար ադապտացւում է (կը յարմարի-Խմբ.) այս իրողութեանը: Եթէ 2009թ. Շիմոն Պերեսի՝ Ադրբեջան կատարած պետական այցից յետոյ Թեհրանը, ի նշան խորը դժգոհութեան, ետ էր կանչում Բաքւում իր դեսպանին, ապա հիմա բաւարարւում է ընդամէնը մի քանի հերթապահ ուղերձներ յղելով: Դա, թերեւս, պայմանաւորուած է երկու հանգամանքով: Նախ՝ Ալիեւի վարչակազմը ամէն ինչ անում է Թեհրանին համոզելու, որ Իսրայէլի հետ յարաբերութիւնների խորացումը ոչ թէ Իրանի դէմ է ուղղուած, այլ՝ Հայաստանի: Բաքուն դա անում է Իսրայէլից ժամանակակից զինտեխնիկա գնելուն զուգահեռ Իրանի հետ կոմունիկացիոն (հաղորդակցական-Խմբ.), առեւտրատնտեսական յաւակնոտ նախագծեր իրականացնելով, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան տնտեսաքաղաքական առանցք ստեղծելով:
Երկրորդ՝ Իրանը պարզապէս չի գտնում այդ ընթացքը կասեցնելու արդիւնաւէտ միջոց՝ հասկանալով, որ Ադրբեջանի հետ կոնֆրոնտացիայի (հակադրութեան-Խմբ.) գնալն աւելի է խթանելու իր սահմանների մօտ հրէական քաղաքական եւ ռազմական գործօնի ուժեղացմանը: Իսկ Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրոյնութեան պակասը, Ռուսաստանից կախուածութիւնը եւ յատկապէս Երեւանից փոխըմբռնման ազդակներ չստանալու հանգամանքն Իրանին հնարաւորութիւն չեն տալիս վերջինիս դիտարկել որպէս պոտենցիալ լիարժէք դաշնակից իսրայէլա-ադրբեջանական տանդեմի (լծակցութեան-Խմբ.) ձեւաւորման դէմ: Մինչդեռ իրականում Հայաստանի եւ Իրանի շահերն այս հարցում լիովին համընկնում են:
Խնդիրն այն է, որ Իսրայէլը սկսելով Թուրքիայի հետ խաթարուած յարաբերութիւնները վերականգնելու գործընթաց, սպառազինելով Ադրբեջանին Հայաստանի դէմ եւ վերակառուցելով յարաբերութիւնները Ղազախստանի հետ՝ փորձում է Իրանի դէմ ուժեղացնել թուրքական աշխարհաքաղաքական գործօնը՝ Իրանի հիւսիս-արեւմտեան, հիւսիային եւ հիւսիս-արեւելեան սահմանների երկայնքով տեղակայուած այդ երկրներին դիտարկելով որպէս Իրանի դէմ հիմնական ճակատ: Սա ուղղակիօրէն պանթուրքական քաղաքականութեան խթանում է, որն ինքնին լրջագոյն սպառնալիք է Հայաստանի համար: Այդ քաղաքականութեան հետեւանքները Հայաստանը տեսել ու զգացել է 20րդ դարասկզբին: Դրանով կամայ թէ ակամայ Իսրայէլը թշնամական քաղաքականութիւն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, որի հետեւանքները տեսանելի դարձան ապրիլեան կարճատեւ պատերազմում եւ է՛լ աւելի են զգալի դառնալու, եթէ Թել Աւիւը բաւարարի Ադրբեջանի՝ արդիական ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու առաջարկը: Հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս են Իրանն ու Հայաստանն արձագանգելու Նեթանիահուի այս «թուրքական տուրնէ»ին (շրջագայութեանը-Խմբ.):
Սպասւում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան: Չի բացառւում, որ այն յետաձգւում էր հէնց Նեթանիահուի՝ Ադրբեջան եւ Ղազախստան կատարուող այցի պատճառով, որպէսզի Թեհրանում հաշուարկեն, թէ ինչ ուղերձներով եւ գուցէ նաեւ ինչ առաջարկներով է Ռոհանին հանդէս գալու Երեւանում: Նախկինում վերջինս համարեա ոչինչ չի արել ադրբեջանա-իսրայէլական բարձր մակարդակի հանդիպումներից Իրանի նեարդայնութիւնն օգտագործելու եւ դրանից քաղաքական, տնտեսական եւ ինչու ոչ, նաեւ ռազմական դիւիդենտ քաղելու, ընդհանուր առմամբ Իրանի տարածաշրջանային ռազմավարական շահերը հայկական գործօնի առարկայական ուժեղացման վրայ կենտրոնացնելու ուղղութեամբ: Ունի՞ արդեօք Հայաստանը դրան ուղղուած մշակուած մարտավարութիւն, Իրանին ուղղուած ծրագրային փաթեթ: Սպասենք Ռոհանիին:
Մի մոռնաք որ տակաւին ամիս մ’առաջ էր Մոսկուա-Թեհրանռ Պաքու համաձայնագիր մը ստորագրեցին եւ Իրան չի կրնար այդ համաձայնագիրը ոտնակոխ ընել: Իր շահերուն դէմ է: