ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Այն տպաւորութիւնն է, որ քսանհինգ տարի սպասել ենք մեր նորընծայ վարչապետին: Ինչ է, վարչապետը կահո՞յք է, որ իւրաքանչիւր նախագահ, իր ու կնոջ ճաշակով ընտրի: Տասներկո՞ւ թէ տասներեք տեղական վարչակահոյք փորձեցինք, մեզ վայել չգտնելով՝ ստիպուած, կամ յետին նպատակառումներով, դիմեցինք Երեւանում թրծուած, ապա Պուտինի մշակած քաղաքական գործիչին որպէս «Գրիգոր Լուսավորչի»: Մեր գաւառական իշխանութիւնները, իրենց ազգային ժողովով ու տարբեր հարթակների ղեկավարներով, Հայաստանը դարձրել են սովետական թերմացքների մի խումբ գռեհիկ, չտես, կիսագրագէտ, օլիգարխիկ ղեկավարների համար փորձադաշտ, փորձատարածք:
Մեր վարչապետներից առնուազն երեքը անկեղծօրէն խոստովանել են, որ իրենք կախարդական փայտիկ չունեն, որպէսզի մի հարուածով երկիրը երկիր դարձնեն: Այսինքն, բոլորն էլ դեռ մինչեւ նշանակուելը քաջատեղեակ են եղել, որ երկիրը երկիր չի, իսկ իրենք նշանակուել են դէպի կործանում տարած կամ կործանման եզրին հասցրած երկրի նախագահների կողմից: Ի զարմանս բոլորի, նոր վարչապետի նշանակումից անմիջապէս յետոյ միայն, յանկարծ փայլեց մեր նախագահի մտքի հանճարն ու անսալով նորանշանակ վարչապետին, անմիջապես խոհրդակցութեան հրաւիրեց թիմակիցներին, նրանց եւս տեղեկացնելու այն հանճարեղ մտքի մասին, որտեղ ասւում է՝ այսուհետ պետութեան օրէնքները խախտողների տուգանքները ոչ թէ պիտի մտնեն որոշակի անձանց գրպանը, այլ ուղղակի պետական գանձարան: Հեքիաթում ասում են. «Այստեղ է, որ Սաշիկը բութ մատը կծեց»: Սա է դարիս մեծագոյն այն գիւտը, որով ուզում են հերթական անգամ զարմացնել Հայաստան աշխարհի քաղաքացիներին: Որո՞ւ ճիւերուն է, Արամի (Մանուկեանի) տունը կը պայթեցնեն, թէ ինչ որ փողոց կ՛անուանակոչեն Արամի (Ասատրեան) անունով ու …չիկներին վաստակաւորի կոչումներ կը շնորհեն:
Հ-1 հեռուստաալիքում, Արթուր Բախտամեանի «Չակերտներ» հաղորդաշարում կրկնուող հարցերի շարան կայ, որոնցից մէկը հետեւեալն է. «Ինչպէ՞ս էք վերաբերւում յեղափոխութիւնների հետ»: Եթէ բախտի քմահաճոյքը ինձ մասնակից դարձնէր այդ հաղորդման, հարցին կը պատասխանէի հետեւեալ կերպ՝ մեր երկրում առնուազն երկու միլիոն յեղափոխութեան կարիք ունենք: Յեղափոխութեանը դէմ չեմ, եթէ այն տեղի է ունենում անձի մէջ: Նախագահ ու վարչապետ փոխելով, նախագահականից պառլամենտականին անցնելով, ոչինչ չի փոխուի, որովհետեւ մեր սովետական տեսակի հասարակութեան քաղաքացիական գիտակցութեան պակասը աճելու շա՜տ տեղ ունի: Ասում եւ տարիներ կրկնելով ուզում են հաւատացնել, իբր արդար ընտրութիւններով կարելի է շտկել երկրի ծռուած ողնաշարն ու զերծ մնալ յետագայ բացթողումներից:
Հարց եմ տալիս. միթէ՞ առաջին նախագահը արդար ընտրութիւններով չնստեց գահին: Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ նոյն քուէարկողների կողմից գահընկեց եղաւ: Միթէ՞ արդար ընտրութիւններով գահ նստած մեր թագաւորը չէր, որ ձուադրեց ժողովրդի դէմ ծառացած այս բոլոր խնդիրները: Մենք չենք ուզում հասկանալ, որ ընտրութիւնների մշակոյթը շա՜տ հեռու է մեզանից: Ե՞րբ ենք պետականութիւն ունեցել, որ ընտրութիւնների մշակոյթ ձեւաւորուէր, քաղաքացին վստահութիւն դրսեւորէր այդ համակարգի նկատմամբ: Սովետական շրջանի յիշողութիւնները դեռ թարմ են, ու ժամանակի թալանչիների, սուի պետերի, ցեխաւիկների, պահեստապետերի անգամ մսավաճառների ու նրանց զաւակների համար երանելի…
Յօդուածս գրում եմ ԱՄՆի նախագահական ու ինքնակառավարման ընտրութիւնների նախօրեակին՝ Նոյեմբերի եօթին:
Ծննդավայր Իրանում ոչ մի ընտրութեան չեմ մասնակցել: Սովետական Միութիւնը խլել էր քաղաքացու արժանապատուութիւնն ու ինքն էր իր քաղաքացու փոխարէն քուէարկում՝ ում ուզում էր, իսկ այսօր, քաղաքացուս արժանապատուութեամբ տոգորուած, տարօրինակ զգացումներով ու հոգեկան վերիվայրումներով եմ սպասում, վաղուայ տօնական օրս դիմաւորելու: Ես պիտի գնամ ընտրելու իմ նախագահին՝ ԱՄՆի նախագահին, «համայն մարդկութեան» նախագահին, ուզէք թէ չուզէք՝ «աշխարհի ժանդարմին», Կալիֆորնիայի սենատի եւ կոնգրեսի իմ թեկնածուներին, պիտի որոշեմ քաղաքիս՝ Գլենդելի ու նրա քոլեջի ճակատագիրը…
Խաղաղ ու անհամբեր քուն եմ մտնում: Ո՛չ ընտրութիւնները հարցականի տակ դնելու խոսակցութիւն կայ, ո՛չ քուէաթերթիկներ կեղծելու, ո՛չ լցոնների, ո՛չ կաշառքի, ո՛չ հսկիչների, ո՛չ վստահելի անձանց, ո՛չ տեսախցիկների, ո՛չ արտասահմանից հրաւիրուած դիտորդների… Հերն էլ անիծած թեկնածուների, ինչքան կ՛ուզեն թող միմեանց միս ուտեն: Վաղը տօն է, գնալու եմ որոշելու, ինչպէս ասում են՝ գրելու իմ ճակատագիրը… Ահա այստեղից է սկսում քաղաքացու ներգրաւուածութիւնը պետականաշինութեան, առաւել եւս բանակաշինութեան սրբազան գործում, մի բան, որին հասնելու համար Հայաստանի քաղաքացին դեռ ճանապարհ ունի կտրելու:
Կ՛առաջարկէի Հայաստանի դպրոցների բարձր դասարաններում, առնուազն երեք տարի «Ընտրութիւններ» առարկայի դասընթացներ լինէին, եւ բաւականին լուրջ եւ խիստ վերաբերուէին այդ դասընթացներին: Մեր ժողովրդից ոչ թէ խլել են իշխանութիւնների նկատմամբ հաւատը, չեղած բանը չի գողացւում, այլ իշխանութիւնները օգտուել եւ օգտւում են երկրի քաղաքացիական հասարակութեան բացակայութիւնից ու նրանց դարձնում են իրենց խամաճիկը:
Շատ ենք խօսում օրէնքի գերակայութեան մասին եւ զարմանալիօրէն շա՜տ ենք խօսում, որովհետեւ ընդհանրապէս խօսում են այն ամէն ինչի մասին, ինչ գոյութիւն չունի: Զոր օրինակ սովետների ժամանակ շատ էր խոսւում սովետական ժողովրդների անխախտ բարեկամութեան մասին ու քիչ էր մնում «Եղբայր դարձաւ Հայաստան, Ազերբայջան» երգը դառնար Սովետական Հայաստանի հիմնը: Իրօք, մեր ժամանակներում եւս օրէնքը արհամարուած է հասարակութեան բոլոր շերտերում: Ի հարկէ ամէն ինչին պէտք է մօտենալ ըմբռնումով. մեր քաղաքացիները եւ իշխանական եւ ոչ իշխանական խաւը հասակ են առել, ինչպէս սովետական տարիներին էր ընդունուած ասել՝ ԽԾԲի (խնամի, ծանօթ, բարեկամ) հոգեբանութեամբ, եթէ ոչ, ինչո՞ւ պիտի յետ-անկախութեան տարիներում եւս աստիճանաբար մեր դպրոցները կուսակցականացուէին, եւ քաղաքացին հանդուրժէր մի նոր հիւանդ հասարակութեան սաղմը դնելուն: ԽԾԲն գործում է մինչ օրս, անհասկանալի ու աներեւակայելի թանկարժէք ուտեստների ու ալկոհոլային խմիչքների տակ կքած սեղանների շուրջ, կենացներով, ու բրեժնեւեան պաչ եւ պռոշտիներով են լուծւում ամենադժուարին ու անհնարին թուացող «դէպի բարօրութիւն» տանող քաղաքացիների դէմ ծառացած խոչընդոտները:
Մտնենք Ազգային ժողով, որտեղ ննջողների եւ կոճակ սեղմողների կողքին ակտիւօրէն, ամենախիստ շեշտադրութեամբ ելոյթներով հանդէս են գալիս ընդդիմադիրները, եթէ ի հարկէ դրանք պետութեան կողմից ստեղծուած կեղծ ընդդիմադիրներ չեն: Այդ նուազ քանակութեամբ ճառասանները ասում եւ քննարկում են այն ամէն ինչը, որ քննարկւում է նաեւ իւրաքանչիւր թաքսու վարորդի եւ ուղեւորի մօտ, ճառեր, որոնք մինչ օրս հազար անգամ լսել ենք ու Ազգային ժողովն էլ իր հերթին, յոգնել է ու լսելիս՝ օրօրոցային է թւում, ննջում է: Ոչ մի քայլ, ոչ մի ծրագիր, ոչ մի նոր բան, բացի նոր քաղաքական կուսակցութիւններ ստեղծելուց:
Ձախորդ օրեր են, որդնած համակարգում ծնունդ առած, օրէնք չտեսած ու օրէնքով չապրած նախագահներն ու վարչապետները կու գան ու կ՛երթան: Մինչեւ նոր սերունդների քաղաքական խաղադաշտ մուտք գործելը, քաղաքացիական հասարակութեան եւ նոր արժեհամակարգի լիարժէք ձեւաւորուելը: Տոկալ ու պայքարել է պէտք, նրանք են երաշխաւորելու ժողովրդի թէ՛ ֆիզիկական, թէ՛ մշակութային եւ թէ տնտեսական ապահովութիւնը: Նրանք են, որ կարող են մեծ դեր ունենալ արտագաղթի նուազեցման ու ներգաղթի զարգացման գործօնի մէջ:
Ցաւօք, հայի մեր տեսակները բաւականին շատ են, իւրաքանչիւր երկրի հայ համայնք բնորոշւում է իր տեսակով, այնպէս, ինչպէս սովետական հայի տեսակը հայրենի հողում, իրանահայի տեսակը, ֆրանսիահայի, իրաքահայի, ամերիկահայի… Միմեանց չենք ճանաչում, միմեանց լեզուն չենք հասկանում, լեզուամտածողութեան, մշակոյթի, կենսաձեւի, աշխարհըմբռնման, անգամ խոհանոցի ու հագուկապի մեծ տարբերութիւնները պատճառ են դառնում ոչ միայն միմեանց չհասկանալու, այլ նաեւ՝ չհանդուրժելու: Այս երեւոյթը առաւել եւս նկատելի է հայաստանաբնակի եւ ընդհանրապէս սփիւռքահայի բեւեռացման մէջ: Սովետական երկաթեայ վարագոյրը իր գործը հրաշալիօրէն գերակատարեց, իսկ այդ դաւաճանական աշխատանքին նպաստեց նաեւ ժամանակի սփիւռքահայերի հետ մշակութային կապի կոմիտէ կոչուած կա-կէ-բէ-ի որջը, որին այսօր փոխարինելու է եկել սփիւռքի նախարարութիւնը: Դա է պատճառը, որ կամայ թէ ակամայ հայրենի մեր քոյրերն ու եղբայրները սփիւռքահայի հետ շփուելիս տանտիրոջ եւ հիւրի կարգավիճակի հարց են առաջացնում, իսկ երբ հիւրը իրեն իրաւունք է վերապահում միջամտելու հիւրընկալի ընտանիքի ներքին հարցերին, դրանով վիրաւորում է այդ ընտանիքի, յատկապէս ղեկավար անդամի ինքնասիրութիւնն ու արժանապատուութիւնը՝ անկախ նրանից, թէ նա պարկեշտ, քաղաքակիրթ մարդ է, թմրամոլ է, կախուածութիւն ունի ոգելից խմիչքից թէ հոգեգար է: Հայրենաբնակ մեր քոյրերն ու եղբայրները ինչքան էլ հիւրասէր լինեն, չեն հրաժարուի առատ նուէրներից, առաւել եւս կանխիկ դրամից, իսկ թէ նրանք ինչպէս կը տնօրինեն այդ գումարը՝ իրենք գիտեն:
Ինձ թւում է, աշխարհում հայերը այն սակաւ ժողովրդներից են, որոնք իրենց երկրում աւելի վատ են ապրում, քան արտերկրում, իրենց երկրում աւելի անապահով են զգում, քան արտերկրում, որից էլ բխում են մի շարք բարդոյթներ:
Երկրի բարձրաստիճան ղեկավարութիւնը սփիւռքահայերին խոստանում է ներդրումների ազատ դաշտ ապահովել: Իսկ ինչո՞ւ միայն սփիւռքահայերին, ինչո՞ւ ճապոնացու, իտալացու, արաբի ու մեքսիքացիի համար չի ցանկանում այդպիսի ազատ դաշտ ստեղծել: Նաեւ երբեմն, եւ ոչ միայն երբեմն, այլ ընդհանրապէս հայրենի մեր ղեկավարներին թւում է, թե Սփիւռքը չունի իր ազգային խնդիրները: Հաւատացէ՛ք, հայրենիքում մեր քոյրերն ու եղբայրները շատ աւելի համախմբուած են, քան Սփիւռքում. Սփիւռքը շատ աւելի բարդ մարտահրաւէրների դէմ է կանգնած, քան Հայաստանը իր այսօրուայ խելակորոյս իրավիճակում:
Որպէս յենակէտ, տուէք ինձ ազգային գաղափարախօսութիւն, համազգային երազանք, ծրագիր եւ կարգախօս, հաւատ ու վստահութիւն իշխանութիւնների նկատմամբ, ու ես, միայնակ, շուռ կը տամ թէ՛ Բաքուն, թէ՛ Ալիեւի կնկան:
Եթէ չկայ այդ յենակէտը, սփիւռքահային մնում է.
1- Առանց ներդրումների ազատ դաշտ, չնչին իսկ շահոյթի եւ ապահովութեան երաշխիքի ակնկալիքների՝ եաբախտի (ըստ բախտի), բախտի քմահաճոյքով, բիզնես ներդրում:
2- Նուիրատուութիւն՝ շքանշանի դիմաց:
3- Հայաստանից անօրինական արտագաղթուող դոլարներին՝ տարհանման, համարժէք դոլարի ներածում:
4- Սփիւռքահայ երեխաների ու պատանիների մասնակցութիւն «Արի տուն» ծրագրին:
5- Մասնակցութիւն համահայկական ցանկացած գիտաժողովի՝ գրողների, լրագրողների, ճարտարապետների, բժիշկների եւ… Այսինքն այնտեղ, որտեղ կազմակերպիչներին փող լուանալու հնարավորութիւն կայ:
6- Առատաձեռն նուիրատուութիւն ցանկացած, անգամ վարկաբեկուած հիմնադրամներին:
7- Գիտական աստիճանների, ընդհուպ՝ դոկտորական աստիճանի ու պրոֆեսորի կոչում ստանալու համար ԲՈՒՀերի ռեկտորների հետ ջերմ յարաբերութիւն:
Ինչ վերաբերում է մեր երկրորդ հանրապետութեան՝ Արցախին.
Արցախը Հայաստանի վահանն է: Ազատագրուած տարածքները ողջ հայ ժողովրդի հպարտութիւնն ու արժանապատուութիւնն են, որոնք չկորցնելու համար իր պարտաւորութիւններն ունի նաեւ սփիւռքահայը:
Արցախում լուրջ եւ մեծածաւալ մարտական ոտնձգութիւններին ոչ թէ պիտի սպասել այս կամ յաջորդ տարի, այլ պէտք է սպասէինք ամէն տարի, ամէն օր ու ամէն ժամ: Լայնածաւալ պատերազմը անխուսափելի է, թէ ե՞րբ, Աստուած գիտի, գուցէ եւ նա էլ չգիտի: Մենք յաճախ խօսում ենք թշնամու ոտնձգութիւնները, դիվերսիոն յարձակումները արժանապատուօրէն ու յաջողութեամբ կանխելու կամ յետ շպրտելու մասին: Սա պարտութիւնը կուլ տալու, պարտութեանը համակերպուելու հոգեբանութիւն է: Մենք թշնամու ոտնձգութիւնների դէմ պատժիչ միջոցներ ձեռնարկելու փոխարէն պէտք է նախայարձակ լինենք: Մենք չունենք նախայարձակման ծրագիր, եթէ ոչ, կ՛իմանանք նաեւ լայնածաւալ պատերազմի սկիզբը: Մենք պէտք է այնպէս անենք, այնքան հզօրանանք, որ թշնամու մտքովն անգամ չանցնի այդ քայլին դիմել, իսկ դա հնարաւոր է միմիայն զէնքի միջոցով, հզօր ու արժանապատիւ, ինքնավստահ բանակ ունենալու դէպքում: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել ապրիլեան քառօրեայ պատերազմի ու թշնամու նման ոտնձգութիւնների խայտառակ վիճակը: Վկայ հարիւրից աւելի (միայն անապահով ընտանիքների) զինծառայողների զոհերը, տարածքի յանձնումը… Այս հարցում է, որ մտահոգ իւրաքանչիւր սփիւռքահայ իր նիւթական օժանդակութեամբ մեծ պարտք ունի կատարելու: Իրօք, երկքաղաքացիութիւն ձեռք բերած սփիւռքահայերի քանի՞ տոկոսն է որդուն ուղարկում հայոց բանակում ծառայելու, քանի՞ տոկոսն է կատարում քաղաքացիական իր պարտքը հայրենիքի նկատմամբ, ի հարկէ, եթէ սահմանադրութեան մէջ կայ այդպիսի օրէնք: Իսկ եթէ չկա՞յ, զաւեշտից բացի ուրիշ բան չէ երկքաղաքացի լինելը, հայաստանեան անձնագիրը ի ցոյց, կուրծքը դուրս ցցած համայնքային միջոցառումներին մասնակցելը:
Տէր կանգնենք մեր բանակին: Իսկ թէ ինչպէս, իրօք չգիտեմ, հարցրէք մասնագետներին…
==========================================================
Թող Երկնաւոր Հայրը բոլորիս պարգեւէ խաղաղութիւն եւ Ս. Ծննդեան տօնի խորհուրդները՝ սէրն ու միութիւնը ըլլան գործակցութեան ու միասնութեան փարոս, որպէսզի մեր եկեղեցանուէր, սերնդակերտ ու հայրենանուէր ծառայութիւնները արգասաբեր դարձնեն հայութեան աշխատանքի դաշտերը, մանաւանդ վերակենսաւորման կարօտ մեր տառապեալ օճախները:
ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
Մուշեղ Արք. Մարտիրոսեան
Առաջնորդ Կրօնական Ժողով եւ Ազգային Վարչութիւն
===================================================
Կը Շնորհաւորենք Շրջանի Եւ Համայն Հայութեան Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
ՅԱՐԱՏԵՒ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՅԱՂԹԱՆԱԿ
ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրեան» Կոմիտէութիւն
Ֆրեզնոյի ՀՅԴ-ՀԵԴ «Գէորգ Չաւուշ» Ուխտ
ՀՅԴ «Քրիստափոր» Պատանեկան Միութիւն
Ֆրեզնոյի Հայ Դատի Յանձնախումբ – ANC Fresno
ՀՕՄի Ֆրեզնոյի «Մայր» Մասնաճիւղ
ՀՕՄի Ֆրեզնոյի «Սոֆիա» Մասնաճիւղ
Համազգայինի
Ֆրեզնոյի «Դանիէլ Վարուժան» Մասնաճիւղ
ՀՄԸՄի Ֆրեզնոյի «Սասուն» Մասնաճիւղ
ՖՐԵԶՆՕ
========================================================
Հայկուշ Քեղինեան- Քոհլըր
Ի յիշատակ իր ծնողներուն Պետրոս
եւ Մանուշակ Քեղինեաններուն