ԵՒԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Գնահատելով մեր աշխատակից երաշտագէտ Պետրոս Ալահայտոյեանի տասնեակ տարիներու վրայ երկարող երկարաշունչ, համբերատար եւ բեղուն աշխատանքը, որոշեցաինք լոյս ընծայել սոյն յօդուածը, որ լոյս տեսած է «Հայրենիքի Ձայն»ի մէջ, 1988ին։ Կը շնորհաւորենք Պետրոսի Նոր Տարին եւ Ս. Ծնունդը, մաղթելով անոր արգասաւոր տարիներ։

Երբ յայտնի դարձաւ, որ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի հրաւէրով Բելգիայից Երեւան է ժամանել մէկը, որ հայրենիք է բերել իր ձայնագրած ժողովրդական երգերի մի ստուար հաւաքածու, բոլորին համակեց անկեղծ զարմանքի ու հետաքրքրասիրութեան խառը զգացում: Դժուար է պատկերացնել, թէ սիրող բանահաւաքը ինչպէս էր կարողացել Սփիւռքի պայմաններում նման մեծ գործ իրականացնել: Այնպիսի երկրներում, ուր կան հայահոծ համայնքներ, ուր գոյատեւում են ազգային աւանդոյթներն ու կենցաղը, եւ մայրենի լեզուն փոխանցւում է հօրից որդուն, նման հայեցի մթնոլորտում, թերեւս դժուարութեամբ, բայց կարելի է հասնել ցանկալի արդիւնքի: Իսկ ահա Եւրոպայում, ուր հայեր, այո, շատ երկրներում կան, բայց որոնց մեծ մասն ապրում է ցրիւ, երկնքում սփռուած աստղերի նման, հայ բանահաւաքի համար հեշտ չէ աշխատել, մանաւանդ՝ Բելգիայում, ուր ընդհանրապէս հայերը քիչ են, հատ ու կենտ…
Երջանկայիշատակ Միհրան Թումաճանից յետոյ դեռ չէր յայտնուել մէկը, որն իր կեանքը կամովին նուիրէր տարասփիւռ հայութեան մէջ պահպանուած բանահիւսական արժէքները հաւաքելու, մէկտեղելու անգնահատելի գործին: Եւ ահա նման մէկը, որ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի սրահում հաւաքուածներին եկել էր պատմելու իր արածի, ձեռքբերումների մասին, սկզբում կարծես փոքր-ինչ անվստահ էր զգում, մտավախութիւն էր ապրում, թէ ինչպէս կ՛ընդունեն իրեն, ըստ արժանւոյն կը գնահատե՞ն արդեօք այնքան ջանքեր եւ նիւթական միջոցներ խլած իր աշխատանքը:
Պետրոս Ալահայտոյեան, մեզ մօտ տակաւին անծանօթ մի անուն, որ քանի օր անց պիտի դառնար շատ-շատերին մտերիմ ու հարազատ, իր մասին պատմել տար Հայաստանի ռադիոյով ու հեռուստատեսութեամբ, հրաւէրներ ստանար հանդիպելու Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում, կոմպոզիտորների միութիւնում, հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում: Շիկահեր, բաց կապոյտ աչքերով, դիմագծերով, պահուածքով առաւել նման եւրոպացու, սակայն դա միայն արտաքուստ: Իսկ երբ ամենաընտիր հայերէնով սկսեց պատմել իր կեանքի ուղու եւ կատարած աշխատանքի մասին, մեր առջեւ բացուեց եւրոպական քաղաքների խայտանկար բազմութիւնների միջավայրում, անսանձ վայելքների, յարահոս կեանքի մէջ միայնակ ու նրա գայթակղութիւնների դէմ անշէջ հայկականութեամբ վահանուած մի հայի ճակատագիր:
Իւրաքանչիւր սփիւռքահայի կեանքը տարբեր լինելով միւսներից, միաժամանակ նման է իր ապրած ողբերգութիւնների, կորուստների, թափառումների, անձկութիւնների ու կարօտների ընդհանրութեամբ, որ հէնց կոչւում է հայի ճակատագիր: Եւ իւրաքանչիւր տարագիր հայի մասին կարելի է զարմանալի տխուր, միւսներից շատ տարբեր պատմութիւններ գրել: Եւ այսպէս, Պետրոսի կեանքը շարունակւում էր իր համար սահմանուած ծիրով, երբ մի օր, դա 1984ին էր՝ Եղեռնի 70ամեակին նախորդող տարում, յանկարծական մղումով հանրագումարի բերելով իր կեանքը, մտածեց, թէ արդեօք այդ տխուր տարեդարձին ի՞նչ գործերով է ինքը ներկայանում իր ժողովրդին, թէ բացի այն, որ պահել է իր հայութիւնը, ուրիշ ի՞նչ է արել իր ազգի համար, որ յետոյ չափսոսայ անպտուղ ու ի զուր ապրած իր կեանքի համար: Բնիկ ուրֆացիների զաւակ է Պետրոսը, Ալահայտոյեան յայտնի տոհմից, որ քաջարի մասնակիցներ է տուել Ուրֆայի հերոսամարտին: Գաղթի ճամբաները նրա հօրը հասցրին Բէյրութ, ուր արմատակալեց նա, զաւակներ ունեցաւ, բացեց Բէյրութում առաջին հայկական դեղատունը: Որդին՝ Պետրոսը, ոչ բնաւ նախասիրութիւններից մղուած՝ գնաց Բելգիա, ուսանելու Լուվենի համալսարանի դեղագործական բաժնում, որն աւարտելուց յետոյ մի քանի տարի աշխատեց հօր դեղատանը: Սակայն այդ աշխատանքը, որը նիւթական բարեկեցիկ կեանք էր խոստանում, բնաւ չէր լցնում նկարագրով ռոմանտիկ, արուեստի նկատմամբ խոր հակումներ ունեցող երիտասարդի հոգին: Եւ ի վերջոյ, չկարողանալով դէմ գնալ իր ներքին ձայնին, նա կրկին մեկնեց Բելգիա՝ այս անգամ ուսանելու մայրաքաղաք Բրիւսելի համալսարանի Արուեստի պատմութեան երաժշտագիտական մասնաճիւղում: Այն կրթութիւնը, որ ստացաւ նա, ի հարկէ, քիչ բանով էր կապւում հայկական երաժշտութեան հետ, բայց 1972ին Բէյրութ վերադաձաւ արդէն իբրեւ ձեւաւորուած, երաժշտական աշխարհի բոլոր ուղղութիւններին ու նորոյթներին քաջատեղեակ երաժշտագէտ ու սկսեց գործուն մասնակցութիւն ունենալ բէյրութահայ երաժշտական կեանքին, երաժշտագիտական ու թատերագիտական յօդուածներով թղթակցել բազմաթիւ պարբերականների, թերթերի ու հանդէսների: Սակայն օր-օրի ահագնացող քաղաքացիական լիբանանեան պատերազմը, որը սկսուել էր 1975ին, շատ բան էր աւերում լիբանանահայութեան կեանքում: Փլատակների տակ մնաց Պետրոսի հօր դեղատունը: Այդ թոհուբոհում մասնատուեց Պետրոսի ընտանիքը. ինքը մեկնեց Բրիւսել, իսկ կինը միակ զաւակի հետ՝ Լոս Անջելես:
Բրիւսելի ռադիօկայանի համեստ աշխատակցի մեկուսի կեանքը, տեղի փոքրաթիւ հայ բնակիչներից մի քանիսի հետ հազուադէպ շփումները աղքատիկ սնունդ էին զգայուն բնաւորութեան տէր, հաղորդական, մարդկային ջերմ-մտերմիկ յարաբերութիւնների կարօտ նախկին բէյրութահայի համար, որ խորապէս ապրում էր հայաշխարհի կեանքի բոլոր վայրիվերումները: Ահա թէ ինչու անսպասելի չէր նրա ընդունած որոշումը՝ Սփիւռքի տարբեր անկիւններում փնտռել Եղեռնից փրկուած մարդկանց, փորփրել եւ նրանց յիշողութիւնից դուրս կորզել այն ամէնը, որ մայրենի լեզուի, մանկութեան կանչերի, երգ ու խաղի, հայ բնաշխարհի գոյնի ու ձեւերի հետ տպաւորուել է նրանց հոգիներում, ողջ կեանքում անթեղուած մնացել իբրեւ կորցրած երկրի, հայրենեաց տան անմար կարօտ ու յիշողութիւն, հայրենի երգ ու զրոյց: Ոչ, դա անսպասելի որոշում չէր, այլ մի հին, չիրականացուած ներքին ցանկութիւն, որ հաւանաբար ծնունդ էր առել դեռեւս պատանեկան տարիներին, Բէյրութում, երբ իրենց տանը հիւրընկալուել էր Միհրան Թումաճանը: 1972ին Բէյրութում ինքը ձայնագրել, պահել էր մշեցի մի երգասացից գաւառական հնամենի, տոհմիկ երգ ու պարերգեր, նրա մասին յօդուած գրել ու հրապարակել մամուլում: Ափսոս միայն, որ հէնց այն ժամանակ էլ չյղացաւ նման շատ մարդկանց ձայնագրելու միտքը, երբ Եղեռնի մնացորդացի թիւն աւելի մեծ էր, եւ նրանց յիշողութիւնը՝ աւելի թարմ ու անեղծ: Եւ հիմա հաստատապէս վճռեց՝ եթէ հիմա էլ չսկսի այդ գործը, ապա մի քանի տարի անց արդէն չափազանց ուշ կը լինի:
1985ին Պետրոսն իր աշխատանքի տեղում եռամսեայ արձակուրդ ձեւակերպեց եւ ձայնագրիչը, ձայներիզներն ու իրեն անհրաժեշտ միւս իրերն ամփոփած մի պայուսակում, առանց որեւէ մէկի նիւթական աջակցութեան ու սեփական ինքնաշարժի մեկնեց Ֆրանսիա: Եւ քանի որ այստեղ էլ չկան զուտ հայկական թաղամասեր, ուր հնարաւոր լինի հանդիպել շատ ծերերի, ապա գտաւ, որ ամենայարմարը ծերանոցներից սկսելն է: Եղաւ Ֆրանսիայի երեք հայկական ծերանոցներում, երկուսը Փարիզի շրջանում, մէկը Սեն Ռաֆայէլում. հանդիպեց տարիների բեռն ուսած շատ մարդկանց, որոնց մի մասին միայն կարողացաւ ձայնագրել, որովհետեւ շատերը խոր ծերութեան եւ հիւանդութեան պատճառով կորցրել էին արդէն յիշողութիւնը եւ անկարող էին օգտակար նիւթ տալ իրեն:
Աշխատանքը շատ աւելի դժուարին էր, քան ենթադրում էր նախապէս: Գործը հեշտացնելու համար ինքն էլ ապրում էր ծերանոցների մռայլ պատերի ներսում: Ծերերը, որոնք Եղեռնից փրկուած նախկին որբեր էին, որբանոցային կեանքն ապրած, հայրենիքից, մայր զանգուածից բռնութեամբ կտրուած, օտարների լեզուն չիմացող եւ յետագայում էլ օտար միջավայրին չյարմարուած եւ ողջ կեանքում որբութիւնն ու անհաստատ կեանքը իբրեւ մշտական ճակատագիր կրող հայեր, որ այժմ դարձել էին անօգնական զառամեալներ, որբանոց-ծերանոցների թշուառ բնակիչներ: Որբանոց բառը ֆրանսիական արտասանութեամբ հնչում է «ողբանոց», եւ իսկապէս, կատարեալ ողբանոցներ էին դրանք, ուր կեանքի վերջին օրերն էին անցկացնում աւերուած ճակատագրերով ու աւերուած հոգիներով, աւերակ մարմիններով, անդրշիրիմեան աշխարհի բնակիչների նմանուող ծերուկները:
Աշխատանքի սկիզբը ձախողման պէս էր: Երբ մայրենի լեզուով դիմելով հարցնում էր ծերերին, թէ բնաշխարհիկ ինչ պատմութիւններ կամ երգեր են յիշում, ծերերն անակնկալի էին գալիս, ոչինչ չէին կարողանում մտաբերել: Արեւմտեան Հայաստանի նախկին գիւղաբնակներ, նահապետական բարքերով ու կենցաղով ապրած, կովեր ու ոչխարներ պահած, հողագործութեամբ զբաղուած մարդիկ, որ յետոյ կորցրել էին ամէն ինչ, ապրել Եղեռնի սարսափները, անցել տեղահանութեան դժոխային ճամբաներով, ապա ընկել արեւմուտքի խոշոր քաղաքները՝ իրենց աղմկոտ եռուզեռով, մարդկային խուռներամ բազմութիւններով, օտարալեզու խօսքով: Երբեմնի կեանքն ու կենցաղը, որ նոր միջավայրում այլեւս անկարելի էր վերականգնել, դարձել էր հեռաւոր ու անհաւատալի գոյութիւն, ծուարած յիշողութեան խոր ծալքերում, որ երջանիկ խաբկանքի պէս երբեմն յայտնւում էր միայն երազներում: Պետրոսը հասկացաւ՝ որպէսզի ծերունիները կարողանան գէթ ինչ որ բան յիշել, պէտք է փոքր-ինչ վերապրին անցեալը, մտովի տեղափոխուեն բնաշխարհիկ միջավայր: Եւ սկսելով զրուցել, հարցուփորձել, նրանց մէջ փորձում էր արթնացնել հին կեանքի յիշողութիւնները, մագնիտոֆոնային վերարտադրութեամբ ունկնդրել էր տալիս հայ տոհմիկ երգերը, օրինակ, Հայրիկ Մուրադեանի կատարմամբ, երգեր, որոնք նրանց մանկութեան տարիներին հնչել էին աշխատանքի, ուրախութեան, ժողովրդական տօնախմբութիւնների պահերին: Եւ աստիճանաբար ծերուկների մէջ սկսում էին արթնանալ հին յուշերը, մոռացուած պատկերներ ու պատմութիւններ: Նոյնիսկ երբեմն վաղուց լռած երգեր էին մտաբերում եւ ծերունական խռպոտ ձայնով երգում:
Տեսնելով որ գործն սկսում է յառաջանալ, Պետրոսը նամակ է գրում իր աշխատավայրը եւ խնդրում, որ արձակուրդը իր հաշուին երկարաձգեն: Քսանմէկ ու կէս ամիս շրջելով Ֆրանսիայում՝ նա բաւական գործ կատարեց, եղաւ նաեւ առանձին ընտանիքներում, նրանց միջոցով նորանոր հասցէներ ձեռք բերեց: Շատ-շատերին նրա արածը տարօրինակ էր թւում: Նրանց մտքով չէր անցնում անգամ, որ իրենց պատմածներն ու երգածները կարող էին որեւէ մէկի պէտք գալ: Շատերը կասկածով էին մօտենում բանահաւաքին: «Իսկ ի՞նչ շահ ունես դու», հարցնում էին եւ տարակուսում, որ կարելի է առանց որեւէ գործնական ակնկալութեան, թողած աշխատանքը եւ հանգիստ կեանքը, շրջել քաղաքից քաղաք, բախել անծանօթ մարդկանց դռները, դէմ առնել նրանց կասկածոտ հայեացքներին, ստիպուած լինել բացատրել, թէ ով է ինքը եւ ինչ կարեւորութիւն ունի իր կատարածը:
Փնտռումների առաջին արդիւնքներով ոգեշնչուած՝ Պետրոսը վճռում է շարունակել այդ գործը, քանի դեռ Եղեռնից վերապրածների կարելի է հանդիպել: Սեփական համեստ միջոցները հնարաւորութիւն չեն տալիս երկար ժամանակով թողնել աշխատանքը, իսկ իր ձեռնարկումի հետ կապուած հազար ու մի ծախսերը հոգալու համար որոշում է նամակով դիմել հայկական տարբեր կազմակերպութիւնների, բարեսիրական շրջանների օգնութեանը: Առաջինը արձագանգում են Միացեալ Նահանգներից, եւ 1986ին երկուս եւ կէս ամսով հրաւիրւում է անդրովկիանոսեան այդ երկիրը, լինում Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դիտրոյտում: Իսկ հրաւիրողները նախապէս հաւաքել էին ծերերի մի պատկառելի ցուցակ՝ հասցէներով հանդերձ. Պետրոսը կարճ միջոցում, շատ արագ եւ արդիւնաւէտ կերպով կարողանում է բաւական արժէքաւոր երգային եւ բանահիւսական նիւթեր հաւաքել:
Բելգիայում, թւում էր, առանձնապէս հաւաքելու ոչինչ չկայ: Բայց յանկարծ իմանում է, որ Բրիւսելում են հանգրուանել բաւական թուով քրդախօս հայեր, որոնք վերջերս էին եկել Թուրքիայից (Շրնաք եւ Սիլոբէ): Թուրքական իշխանութիւններին յայտնի էր դարձել, որ նրանք գաղտնաբար քրիստոնէութիւն դաւանող հայեր էին, եւ սկսել էին նրանց դէմ հալածանքներ հրահրել: Եւ մարդիկ ստիպուած եղան թողնել տուն ու տեղ, հայրենի բնաշխարհը եւ ապաստան որոնել Բելգիայում, Հոլանդիայում: Պետրոս գտաւ այդ ընտանիքները, բաւական թուով քրդերէն երգեր ձայնագրեց: Պարզուեց, որ տարեցները հայերէն չգիտեն, բայց հոգ էին տարել, որ գոնէ նոր սերունը սովորի մայրենին: Զաւակներին գաղտնաբար ուղարկում էին Պոլիս, որտեղ նրանք տեղի հայերի օգնութեամբ վերադառնում էին իրենց արմատներին: Պետրոսին յայտնեցին, որ իրենց փոխանցած երգերը ծագումով բնիկ հայկական են:
Պետրոս Ալահայտոյեանը իր ձայնագրած երիզներից, որոնց վրայ արձանագրածի ունկնդրութիւնը հարիւրաւոր ժամեր կարող էր տեւել, ընտրել էր մի փունջ լաւագոյն երգեր եւ բերել էր հայրենիք: Դրանք իրենց աշխարհագրութեամբ ողջ պատմական Հայաստանն են ներկայացնում՝ Տիգրանակերտ, Խարբերդ, Վան, Մուշ, Քեսապ, Ակն: Երգերը հայերէն են, երգուած հարազատ գաւառաբարբառներով, նաեւ թուրքերէն ու քրդերէն: Բովանդակութեամբ եւս այլազան են՝ քնարական, խոհական, պարերգեր, երգեր պանդխտութեան եւ Եղեռնի մասին («Տէր Զօր»ի ողբը՝ թրքերէնով, ապա նոյնը՝ հայացուած երգող Ղամպալեանի կողմից), իրենց դժբախտ ճակատագրի մասին: Երգերի մի մասը լիովին նորութիւն էին բանագէտների համար, իսկ մի մասը յայտնի ժողովրդական երգերի տարբերակներ էին, որոնք դարձեալ արժէք են ներկայացնում բանագիտութեան եւ ժողովրդական երաժշտութիւն ուսումնասիրողների համար: Եւ որտեղ էլ ներկայացրեց Պետրոսը իր երգերի հաւաքածուն եւ պատմեց կատարածի մասին՝ Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան ու ազգագրութեան ինստիտուտում, Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում, առանձին երաժտագէտների ու երգահանների մօտ, ամէնուր արժանացաւ խանդավառ ընդունելութեան եւ հիացումի: Եւ բոլորի ցանկութիւնն էր առաջիկայում հաղորդակից լինել նորանոր յայտնաբերումների: (1988ին տակաւին Հալէպ չէի եղած, եւ Մ. Նալպանդեանի Բալուի երգերը չկային հաւաքածուներուս մէջ.- Պ. Ալահայտոյեան):
Գալիքի մեծ ծրագրեր է մշակել Պետրոս Ալահայտոյեանը: Նա մտադիր է շրջագայել Հոլանդիայում, Յունաստանում, յոյս ունի, որ առատ հունձք կ՛ունենայ Սիրիայում: Նամակներով դիմել է հայկական շատ գաղթավայրերի զանազան կազմակերպութիւնների՝ իր ձեռնարկումի համար նրանցից նիւթական աջակցութիւն ստանալու ակնկալիքով: Կարծում ենք, որ այդ կազմակերպութիւնների շուրջ հաւաքուած մարդիկ գիտեն, թէ Եղեռնի սերնդի պահպանած բանահիւսական արժէքները ինչպիսի հարստութիւն են, եւ պէտք է ամէն ինչ անեն՝ այս գործին բարոյական եւ նիւթական աջակցութիւն ցոյց տալու համար: Դրանք արուեստի գործեր լինելուց բացի, մեր ժողովրդի պատմական ծանր ճակատագրի, կորուստների, տառապանքի, վերընձիւղումի վաւերագրեր են: Պէտք է փրկել այդ ամէնը, փրկել, որքան կարելի է շուտ: Կամովին այդ աշխատանքին է նուիրուել Պետրոս Ալահայտոյեանը, որի անխոնջ ջանքերն արժանի են ամենայն երախտագիտութեան եւ գնահատանքի:
Այս ակնարկը պատրաստ էր տպագրութեան, երբ նրա հերոսը վերստին այցելեց հայրենիք: Հրաւիրուել էր մասնակցելու խաչատրեանական փառատօնին: Այս անգամ նա եկաւ՝ այստեղ արդէն ունենալով բազմաթիւ բարեկամներ ու մտերիմներ: Եկաւ, ետեւում թողած շատ անելիքներ: Պատրաստւում էր մեկնել Ֆրանսիայի հարաւը, Մարսելն իր շրջակայքով երկրի առաւել հայահոծ գաղութն է: Առժամանակ յետաձգեց այդ ուղեւորութիւնը, որովհետեւ չուզեց բաց թողնել հայրենիք այցելելու հրաշալի առիթը: Նրա համար արդէն հայրենիք այցելելը հոգու պահանջ է:
«Հայրենիքի Ձայն», 1988թ.