ՄԻՀՐԱՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
2016 թուականը ֆուտբոլային աշխարհում նշանաւորուեց մի շարք կարեւոր իրադարձութիւններով: «Մեդիամաքս Սպորտ»ը առանձնացրել է 10 գլխաւոր ֆուտբոլային իրադարձութիւնները, որոնք հոգեհարազատ են յատկապէս հայ ֆուտբոլասէրներին:
– Հայ երկրպագուների թերեւս ամենամեծ հպարտութիւնը 2016 թուականին: Հենրիխ Մխիթարեանի՝ «Մանչեսթեր Եունայթեդ» տեղափոխութիւնը դարձաւ ամենաքննարկուող թեմաներից մէկն ամբողջ բրիտանական մամուլում: Չնայած սկզբնական շրջանում առկայ բարդութիւններին՝ Մխիթարեանը չընկճուեց եւ իր խաղով ու աշխատասիրութեամբ ապացուցեց բոլորին, որ արժանի է խաղալու Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբի հիմնական կազմում:
– 2016ը Հայաստանի հաւաքականի համար վերելքների եւ վայրէջքների տարի էր: Եղաւ ամենախոշոր հաշուով յաղթանակ, ամենախոշոր հաշուով պարտութիւն տնային խաղերում եւ ընտրական մրցաշարերում: Ու եղաւ հրաշք… ֆանտաստիկ քամբէք (comeback) նոր գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի գլխաւորութեամբ: Հէնց Մոնտենեգրոյի հաւաքականի հետ խաղում կամային յաղթանակ տօնելով էլ մեր ազգային ընտրանին յոյս ներշնչեց երկրպագուներին, որ կը գայ մի օր, երբ Հայաստանի հաւաքականն էլ կ՛ընդգրկուի Աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլի մասնակիցների թւում: Յուսանք, որ այդ օրը սարերի յետեւում չէ:
– Ֆրանսիայում տեղի ունեցած Եւրոպայի առաջնութիւնը լի էր անակնկալներով եւ սենսացիաներով. իսլանդացիների հրաշքը, անգլիացիների եւ ֆրանսիացիների ձախողումները: Դէ, իսկ ամենանշանակալի իրադարձութիւնը Պորտուգալիայի հաւաքականի չեմպիոնութիւնն էր (ախոյեանութեան-Խմբ.): Քրիշտիանու Ռոնալդուն եւ ընկերները կարողացան զարմացնել ամբողջ ֆուտբոլային հասարակութեանը:
– Մինչեւ վերջին պահը շատ քչերն էին հաւատում, որ «Լեսթեր»ի հեքիաթը կարող է իրականութիւն դառնալ: Ակումբ, որն ընդամէնը մի քանի տարում անգլիական ֆուտբոլի յետնախորշից հասաւ մինչեւ Պրեմիեր լիգայի բաղձալի գաւաթին:
– Այս տարի տրանսֆերային շուկան ցնցեց Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Եունայթեդ» տեղափոխութիւնը: «Կարմիր սատանաները» ֆրանսիացի կիսապաշտպանի համար վճարեցին 89 մլն. ֆունտ ստեռլինգ: Այդպիսով, Պոգբան շրջանցեց Լուիս Սուարեսին, Գարեթ Բէյլին եւ Քրիշտիանու Ռոնալդուին:
– Զինեդին Զիդանի առաջին լուրջ մարզչական փորձն աւելի քան յաջող ստացուեց: Ֆրանսիացի մասնագէտի գլխաւորութեամբ Մադրիդի «Ռէալ»ը 11րդ անգամ նուաճեց Չեմպիոնների լիգայի գաւաթը: «Արքայական ակումբ»ին կրկին բաժին էր հասել Սիմէոնէի «Աթլետիկօ»ն: Այս անգամ բանը հասաւ 11 մետրանոցների, որտեղ Խուանֆրանի նեարդերը տեղի տուեցին, եւ այդ օրը Մադրիդն ամբողջութեամբ սպիտակ ներկուեց:
– Իսպանական «Սեվիլիա»ն ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ երրորդ անգամ անընդմէջ դառնալով Եւրոպայի լիգայի գաւաթակիր: Ունայի Էմերիի թիմն այս անգամ եզրափակչում յաղթահարեց անգլիական «Լիվերպուլ»ի արգելքը: Ճիշդ է՝ մերսիսայդցիները առաջինն էին յաջողութեան հասել այդ խաղում, սակայն «Սեվիլիա»ն երկրորդ կէսի հէնց առաջին րոպէին հաւասարեցրեց հաշիւն ու օգտագործեց հոգեբանական առաւելութիւնը՝ նուաճելով բաղձալի գաւաթը:
– ՖԻՖԱի նախագահի ընտրութիւններում յաղթեց շուէյցարացի մի իրաւաբան, ով երկար տարիներ աշխատում էր որպէս ՈՒԵՖԱի գլխաւոր քարտուղար: Նրա թեթեւ ձեռքով էին իրականանում ֆուտբոլային կարեւորագոյն մրցաշարերի վիճակահանութիւնները: Խօսքը æաննի Ինֆանտինոյի մասին է: ՖԻՖԱի նորընտիր նախագահը միանգամից սկսեց լայնածաւալ փոփոխութիւններ կատարել՝ այդպիսով արդարացնելով իրեն ընտրողների յոյսերն ու սպասելիքները:
– Նեմանեա Վիդիչ, Սթիւեն æերարդ, Միրոսլաւ Քլոզէ: Պաշտպանի, կիսապաշտպանի եւ յարձակուողի իսկական իդէալներ, ովքեր աւարտեցին իրենց ֆուտբոլային կարիերան 2016 թուականին:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՕՐԷՆՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ
Վերջին 130 տարուայ ընթացքում ֆուտբոլային օրէնքների ամենամասշտաբային փոփոխութիւնները՝ ընդհանուր առմամբ 94: Ամենակարեւորներից են.
խաղը դաշտի կենտրոնից սկսելիս պարտադիր չէ այն ուղարկել դէպի մրցակցի կիսադաշտ: Եռակի պատժի դադարեցումը. եթէ դարպասապահը կամ պաշտպանը սեփական տուգանային հրապարակում սովորական պայքարում խախտել են խաղի կանոնները, ապա մրցավարները նրանց կարմիր քարտ չեն ցոյց տայ, այլ կը բաւարարուեն միայն դեղինով: Իսկ ահա կոպիտ խախտումը նախկինի պէս պատժուելու է հեռացմամբ: