«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՄՈՍԿՈՒԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ ԱՆՆԱ ԳԻՒԱՐԳԻԶԵԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց՝ ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ
«Հայերն Այսօր»ի զրուցակիցը Մոսկուայի «Ժամ» ամսագրի հիմնադիր, գլխաւոր խմբագիր, մշակութաբանութեան դոկտոր, Մոսկուայի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Աննա Գիւարգիզեանն է, որը Հոկտեմբերի 20ից 24ը մասնակցեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած «Հայոց պետականութիւնը՝ միասնութեան առանցք» Լրագրողների համահայկական 8րդ համաժողովին:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Աննա, համացանցային այս դարաշրջանում, երբ օրեցօր աւելանում են առցանց կայքերը, հե՞շտ է արդեօք ամսագրի հրատարակումը, ի՞նչ խոչընդոտների էք հանդիպում:
ԱՆՆԱ ԳԻՒԱՐԳԻԶԵԱՆ.- Ութը տարի առաջ, երբ նոր էր հիմնադրւում «Ժամ» ամսագիրը, մոսկովեան գրախանութներից մի քանի տասնեակ գիրք գնեցի, որոնք պատմում էին, թէ ինչպէս կարելի է կազմակերպել ամսագիր հրատարակելու գործը:
Յետոյ եղան կայանալու անասելի դժուար, հիասթափութիւններով, սայթաքումներով ու սխալներով լի, բայց՝ բովանդակալից ու հետաքրքիր տարիներ:
Չունէինք գործնական փորձ, անյոյս ծեծում էինք համացանցում աջ ու ձախ հայրենասիրութիւն բղաւողների փակ դռներն ու հայ մեծահարուստների՝ է՛լ աւելի փակ սրտերը, վազում էինք ամէն լուսաւոր կէտի յետեւից, յայտնագործում անսահման քանակութեամբ հեծանիւներ, իսկ մեր միակ սփոփանքն այն իրողութիւնն էր, որ հաստատ գիտէինք՝ ինչի եւ ում համար ենք անում այս ամէնը:
Այսպէս, 2008ի Նոյեմբերի 30ին «Ժամ»ը իրականութիւն դարձաւ: Ինձ օգնեցին ամուսինս, գաղափարակից հայ եւ օտար ընկերներն ու լրագրող գործընկերները, որոնք մինչեւ հիմա կողքիս են գտնւում:
«Ժամ»ը 112 էջանոց, հրատարակչական բարձր որակով, երկլեզու՝ հայերէն, ռուսերէն, կրթամշակութային ամսագիր է, որի հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժէքների տարածումն է, ինչպէս նաեւ՝ Հայաստանի եւ Սփիւռքի մշակութային եւ հասարակական կեանքի լուսաբանումը: Ամսագիրը նաեւ ԶՀՄի (զանգուածային հաղորդակցութեան միջոցներ) գործառոյթն ունի:
Ամսագիրն ունի եռալեզու՝ zham.ru կայքը, հրատարակում ենք գրքեր, ԵՈՒՆԵՍԿՕի հետ համագործակցութեամբ տարբեր երկրներում կազմակերպում միջազգային սիմպոզիումներ, ցուցահանդէսներ, ֆիլմերի պրեմիերաներ, համերգներ, շնորհանդէսներ, վարպետութեան դասեր, դասախօսութիւններ եւ հանդիպումներ նշանաւոր անձանց հետ: Միայն 2015 թուականի ընթացքում ութ սիմպոզիում ենք կազմակերպել:
Շուրջ երկու տարի հրատարակել ենք նաեւ «Մենք» երիտասարդական թերթը, 2010թ.ին՝ հիմնադրել «Մենք» ստեղծագործական միութիւնը, որտեղ շուրջ հինգ տարի մոսկուաբնակ ռուսախօս հայ երիտասարդները հնարաւորութիւն ունէին անվճար սովորելու հայոց լեզու, հայ գրականութիւն, հայ ժողովրդի եւ մշակոյթի պատմութիւն:
Եւ այս ամէնն իրագործում էինք՝ իւրաքանչիւր քայլափոխի կռիւ տալով ադրբեջանական համայնքի ամբարտաւան եւ անբարոյ ներկայացուցչների հետ, որոնց բախտն անհամեմատ աւելի էր ժպտում, քանի որ վայելում էին իրենց պետութեան խրախուսանքն ու օժանդակութիւնը: Իսկ մենք ոչ միայն չունէինք եւ չունենք նման օժանդակութիւն եւ լիիրաւ ձեւաւորուած հայ համայնք Մոսկուայում, այլ նոյնիսկ ժողովրդի լեզուով ասած՝ «երեսի զօռով» ենք ամէն բան անում:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- «Ժամ» ամսագիրը միայն հայ հասարակութեա՞նն է հասու:
ԱՆՆԱ ԳԻՒԱՐԳԻԶԵԱՆ.- Ամսագիրը ստեղծելիս շատ էի ցանկանում, որ այն տարածուէր նաեւ ռուսական շրջանակներում: Իմ առջեւ նպատակ էի դրել ամսագրի միջոցով ռուս եւ միւս ազգերին ներկայացնել Հայաստանն ու հայկական մշակոյթը՝ ծանօթացնելով մեր ազգային արժէքներին ու հարստութիւններին:
Շատ են դէպքերը, երբ Ռուսաստանում տարբեր առիթների ժամանակ մեզ որպէս կովկասցիներ են ներկայացնում եւ թշնամի ժողովուրդներին նմանեցնում, որը շատ վիրաւորական էր:
Ամսագրում նաեւ էջեր ենք յատկացրել օտարազգի այն մարդկանց, որոնք իրենց գործունէութեան ընթացքում անդրադարձել են Հայաստանին ու հայկական խնդիրներին:
Սփիւռքեան տարբեր համայնքներում մեր թղթակիցներն ունենք: Առհասարակ, աշխատակազմում, ցաւօք սրտի, հայերի թիւը քիչ է: Տեխնիկական սպասարկման խմբում, ընդհանրապէս, հայեր չկան:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Ե՞րբ ծնուեց ամսագիր ստեղծելու գաղափարը, ո՞րն էր շարժառիթը:
ԱՆՆԱ ԳԻՒԱՐԳԻԶԵԱՆ.- Սեփական ամսագիր ունենալու մասին դեռեւս մանկութեան տարիներից եմ մտածել ու կանխազգացել, նոյնիսկ ամէն օր երազներ էի տեսնում: Մանկական երազներիս ուղեկիցն էր ամսագիր ստեղծելու գաղափարը. տեսնում էի, իբրեւ թէ տան փոստարկղը բացում էի ու բազում ամսագրեր, նամակներ յայտնաբերում, որոնցով շատ էի ուրախանում:
Ծնողներս, նկատելով անսահման հետաքրքրութիւնս ամսագրերի հանդէպ, Սովետական Միութեան բոլոր երկրներում հրատարակուող մանկական ամսագրերը գնում էին ինձ համար: Թղթակցել եմ նաեւ «Պիոներ Կան»չ մանկապատանեկան թերթին:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Բարձրագոյն կրթութիւն Հայաստանո՞ւմ էք ստացել:
ԱՆՆԱ ԳԻՒԱՐԳԻԶԵԱՆ.- Բարձրագոյն կրթութիւն ստացել եմ ԵՊՀի Հայ բանասիրութեան ֆակուլտետում, գրաքննադատ-լրագրող եմ: Այնուհետեւ սովորել եմ Ֆլորիդայի Արուեստի ինստիտուտում, յետոյ Մոսկուայի պետական համալսարանում, որտեղ ստացել եմ լեզուաբանի մասնագիտութիւն (անգլերէնի): Նաեւ նոյն համալսարանի ասպիրանտուրայում եմ սովորել, պաշտպանել թեկնածուական եւ դոկտորական թեզը: Արուեստի պատմութիւն եմ դասաւանդում Մոսկուայի պետական մանկավարժական համալսարանում:
Երբ Մոսկուայում գիտական թէզ էի գրում, հոգեւոր արժէքների պահպանմանը անդրադարձայ, փորձեցի հասկանալ, թէ Սփիւռքում հայ մարդը դժուարին ի՛նչ իրավիճակների առջեւ է յայտնւում եւ հոգեւոր «սնուցման» ի՛նչ պահանջ ունի: Անվերջ այս խնդրի ականատեսն էի դառնում:
Ինչպէս օրինակ՝ շատ հայ ուսանողներ ունէի, որոնք ամաչում էին բարձրաձայնել հայ լինելու մասին: Այս եւ այլ հարցերի պատասխանները գտնելու ցանկութիւնն ինձ առաջ մղեց նման գիտական ուսումնասիրութիւն կատարելու:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Ձեր կարծիքով՝ տեղի ունեցած համաժողովներից յետոյ Հայաստանի եւ Սփիւռքի լրատուամիջոցների միջեւ համագործակցութիւնն ի՞նչ հանգրուանի է հասել, արդիւնքն ինչպիսի՞ն է:
ԱՆՆԱ ԳԻՒԱՐԳԻԶԵԱՆ.- Այս համաժողովները օգնում են մեզ մի ընտանիքի պէս լինելու, ազգային կամք ու համախմբուածութիւն ցուցաբերելու եւ նոր կապեր հաստատելու: Անշուշտ, համաժողովների աշխատանքների աւարտից յետոյ համագործակցութեան դաշտն աւելի է ընդլայնւում, ամրապնդւում է ոչ միայն Հայաստան-Արցախ-Սփիւռք, այլեւ՝ Սփիւռք-Սփիւռք փոխգործակցութիւնը:
Առաջին անգամ 2010 թուականին մասնակցեցի Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 5րդ համաժողովին, որի ժամանակ ծանօթացել եմ Սփիւռքի տարբեր համայնքներից եկած խմբագիրներին եւ լրագրողներին: Այդ հրաշալի անձանց հետ մինչեւ հիմա հոգեւոր կապի մէջ լինելուց բացի, համատեղ շատ ծրագրեր ենք իրականացրել:
Նրանցից մէկն էլ Իրանի «Արաքս» շաբաթերթի գլխաւոր խմբագիր Մովսէս Քեշիշեանն է, որի հետ նոյնպէս յետագայում մի շարք ծրագրեր կեանքի կոչեցինք: «Ժամ» ամսագրի վերջին համարում էլ Մովսէս Քեշիշեանի հարցազրոյցը հրապարակեցինք, որտեղ նա ներկայացնում է Իրանի հայ համայնքի կեանքն ու գործունէութիւնը: