ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով տարեկան շուրջ 1000-1500 սփիւռքահայ է հայրենիք վերադառնում: Նրանց մի մասը, ի դէպ, արդէն հիմնել են սեփական բիզնեսը եւ բաւականին լուրջ յաջողութիւնների են հասել: Ի հարկէ, լինում են նաեւ խոչընդոտներ, բայց դրանք բոլորը յաղթահարելի են, եթէ կայ կամք եւ համբերութիւն:
Պարզւում է սփիւռքահայերը գալիս են Հայաստան ոչ միայն զբօսաշրջիկի կարգավիճակով, այլեւ հաստատուելու եւ սեփական բիզնեսը ստեղծելու նպատակով: Լիբանանահայ Արմինէ Փանոսեան-Ղազարեանն ընդամէնը մէկուկէս տարի է Հայաստանում եւ այս կարճ ժամանակահատուածում արդէն հասցրել է հիմնել սեփական ուսումնական կենտրոնը, որտեղ բաւականին լուրջ յաջողութիւնների է հասել:
«Իմ մասնագիտութիւնը անգլերէնն է: Երբ եկայ Հայաստան, անմիջապէս աշխատանք գտայ եւ սկսեցի անգլերէն դասաւանդել: Նպատակս սակայն անձնական ուսումնական կենտրոն ունենալն էր, եւ արդէն 2 ամիս է ես ունեմ իմ կենտրոնը»:
Բիզնեսում բաւականին մեծ յաջողութիւնների է հասել նաեւ կանադահայ Շանթ Չակմակը: Աւելին՝ կազմակերպութիւնը, որը նա ներկայացնում է, անգամ աշխատատեղեր է ստեղծել տեղացիների համար:
«Կանայք մեզ համար տարբեր ապրանքներ են պատրաստում, որոնք մենք արտահանում ենք աշխարհի 4 կողմը»:
Թէ բիզնես ստեղծելու համար Հայաստանում նպաստաւոր պայմաններ չկան եւ ամէն քայլափոխի սկսնակ գործարարները խոչընդոտների են հանդիպում, Արտեոմ Թադեւոսեանը միֆ (առասպել-Խմբ.) է համարում: 20 տարի Մոսկուայում բնակուելուց յետոյ, 2012թ.ին տեղափոխուել է Հայաստան եւ այժմ օրգանիկ չրի արտադրութեամբ է զբաղւում:
«2012թ.ից զբաղւում եմ արտահանմամբ եւ երբեւէ խնդիր չեմ ունեցել ո՛չ հարկայինի, ո՛չ էլ մաքսայինի հետ: Ընդամէնը մենք մասնագէտներ ենք ներգրաւել եւ ամէն ինչ արել ենք օրէնքի սահմաններում»:
Այս բոլոր սփիւռքահայերին, ի դէպ, համախմբել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որը 2012թ.ից աշխատում է այն մարդկանց հետ, ովքեր կամաւոր եւ գիտակցաբար որոշում են ապրել եւ աշխատել Հայաստանում: Հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլեանը յայտնեց, որ հայրենադարձներ ունենք Կանադայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, ԱՄՆից: Տարեկան 1000-1500 նման հայրենադարձներ ենք ունենում՝ ասում է:
«Սիրիահայերին չենք ներառել այս ցանկի մէջ, թէեւ փորձում ենք նրանց ամէն ինչով օգտակար լինել: Մեր տուեալներով՝ մինչ օրս 17,000 սիրիահայ գտնւում է Հայաստանում: Սիրիահայերի խնդիրն այլ են: Նրանք իրենց կամքով չեն եկել Հայաստան, այլ պատերազմի պատճառով, ուստի հոգեբանական եւ այլ բազմաթիւ խնդիրներ ունեն: Դժուար է մարդուն օգնել, եթէ նա ֆիզիկապէս այստեղ է, բայց չի հասկանում ուզո՞ւմ է մնալ, թէ ո»չ:
Թէ քանի հայրենադարձ է հիմնադրամի միջոցով հաստատուել Հայաստանում, Վարդան Մարաշլեանը դժուարանում է պատասխանել: Չկայ հայրենադարձի կարգավիճակ, իսկ այն սահմանող օրէնքի նախագիծը արդէն հինգ տարի է խորհրդարանում է: