Շաբաթ, 4 Մարտ 2017ին Օսլոյում կայացաւ ազգութեամբ նորվեգացի, Հայաստանի բարեկամ Սուէն-Էրիկ Ռիսէի նորվեգերէն գրքի շնորհանդէսը, որտեղ հեղինակը լեցուն դահլիճին ներկայացրեց իր գիրք-սիրոյ խոստովանութիւնը առ Հայաստան եւ հայ ժողովուրդ:
Պարոն Ռիսէն Հայաստանի հարցերով փորձագէտ է: Նա բազմիցս յօդուածներ է գրել Հայաստանի եւ Ցեղասպանութեան թեմայով նորվեգական թերթերում, հանրային դասախօսութիւններով հանդէս եկել տարբեր լսարանների առջեւ:
Նա նաեւ նորվեգացի զբօսաշրջիկների մեծ խումբ է ուղեկցել Հայաստան՝ որպէս զբօսավար: Սուէն-Էրիկը իրեն հպարտութեամբ հայ է կոչում եւ երազում է ստանալ հայկական անձնագիր:
Գիրքը շատ մտերմիկ եւ հումօրային տոնով գրուած սիրոյ պատմութիւն է: Հեղինակը ընթերցողին ճանապարհորդութեան է տանում, որտեղ հեղինակը եւ նրա թուրք ընկերը շրջագայում են երկրով, բացայայտում Հայաստանը, հանդիպում եւ շփւում հետաքրքիր մարդկանց հետ, որոնք կիսւում են իրենց հետ հետաքրքիր պատմութիւններով: Հեղինակը գրքում նաեւ անդրադառնում է Հայոց Ցեղասպանութեանը, համեմատականներ տանում հրեաների Հոլոքոստի հետ, քննարկում Թուրքայի կողմից Ցեղասպանութեան ժխտումը, ինչպէս նաեւ անդրադառնում Ղարաբաղեան հիմնահարցին: Գիրքը իրենից ներկայացնում է գեղարուեստական եւ գիտական ժանրերի մի ներդաշնակ միաձուլում:
Այն ստացել է բազմաթիւ դրական արձագանգներ ու գրախօսականներ եւ հեղինակը մինչեւ այսօրուայ շնորհանդէսը արդէն վաճառել է երկու հարիւր օրինակ նախնական պատուէրների ձեւով:
Գրքի նախաբանը գրել է Նորվեգիայի հանրային հեռուստաընկերութեան (NRK) վետերան լրագրող եւ բազում գրքերի հեղինակ Եան Օտտօ Եոհանսենը (Jahn Otto Johansen).
Շնորհանդէսին խօսքով հանդէս եկան հեռուստատեսային գործիչ եւ գրող Սթայն Մորտեն Լիերը (Stein Morten Lier), Հայկական մշակութային միութեան ղեկավար Լիանա Յարութիւնեանը, Հայ առաքելական եկեղեցական միութեան ներկայացուցիչ Նարինէ Յարութիւնեանը եւ Նորվեգական հելսինկեան կոմիտէի ներկայացուցիչ Լենէ Վետելանդը:
Այնուհետ հեղինակը ներկայացրեց Հայաստանին վերաբերող ներկայիս խնդիրներից՝ Ադրբեջանական ագրեսիան, բլոգեր Լապշինի հարցը եւ այլ արդիական թեմաներ: Ապա հեղինակը ներկայացրեց գրքի պատմութիւնը եւ ընթերցեց հատուածներ:
Միջոցառումը աւարտուեց գնուած օրինակների ստորագրութեամբ: Միջոցառման վերջում հեղինակը արդէն վաճառել էր տպաքանակի մօտ կէսը:
ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ
www.armenia.no