ՌՈՒԲԷՆ ԿՈՐԻՒՆ
Կեանքը պարգեւ է Գերբնականից մարդ արարածին: Քաջ գիտակցում ենք, որ մարդու կեանքը անցողական է, երանի ենք տալիս այն մարդուն, որ արժանավայել կեանք է ապրում՝ օգտակար լինելով շրջապատին իր գործերով եւ արարումներով: Մեր կեանքից հեռացած Աւետիս Նազարեանը մէկն էր այն մարդկանցից, որ իր կեանքն իմաստաւորեց օգտակար ծառայութեամբ:
Այս գրութեամբ ներկայացնում ենք պատկառելի տարիքում 2017ի Փետրւար 15ին հոգին աւանդած Աւետիս Նազարեանի կեանքի համառօտ պատկերը:
Աւետիս Նազարեանը ծնուել էր 1920 թուականին, Իրանի կենտրոնական նահանգի Քալաւա զուտ հայաբնակ գիւղում: Եօթ տարեկանում յաճախում է գիւղի հայոց տարրական դպրոցը եւ աւարտում: Ուսուցիչները 1915ի թրքական կոտորածից մազապուրծ հայեր էին: Տասնվեց տարեկանից աշխատանքի է անցնում՝ զբաղուելով առեւտրական խանութպանութեամբ: 1940ին՝ տասնութ տարեկանում ընտրւում է դպրոցի հոգաբարձութեան անդամ եւ նուիրւում է ազգային հասարակական ծառայութեան: Այն օրերին Թեհրանից «Ալիք» օրաթերթ էր ուղարկւում իր խանութի հասցէով եւ բաժանւում էր ընթերցասէրներին: 1942ին ընտրւում է հոգաբարձութեան նախագահ, ապա 1944ին շրջանի կառավարական պատասխանատուների եւ ժողովրդի կողմից ընտրւում է տանուտէր (գիւղապետ): 1946ին ամուսնանում է համագիւղացի Ղազար Իսկանդարեանի դստեր Սառայի հետ. բախտաւորւում է վեց զաւակներով, երկու տղայ՝ Անդրանիկ եւ Էդիկ, չորս դուստր՝ Եաղութ, Ֆլորա, Վալորիա եւ Օֆելիա:
Աւետիս Նազարեանը առընթեր իր հասարակական ծառայութիւնների, ունէր իր սեփական գինեգործութեան աշխատանքը, իր այգու բերքը օգտագործելով պատրաստում էր գինի «Շահզանդի գինի» անունով:
Նա իր կատարած ծառայութիւնների համար սիրուած էր թէ՛ հայ եւ թէ պարսիկ շրջանակներում իր հիւրասէր եւ մարդասէր խառնուածքով: Տան դուռը բաց էր բոլորի դիմաց՝ առանց խտրութեան, օգնում եւ նեցուկ էր կանգնում իրեն դիմողներին տարբեր հարցերով՝ գործի բերումով, վէճերը հարթելու եւ այլն:
Աւետիս Նազարեանը իր բարերար օգտակարութեամբ մեծաթիւ հայ երիտասարդների է օգնել, որ ազատ արձակուեն զինծառայութիւնից իրենց ընտանիքների գոյապրուստին հոգ տանելու համար: Նա ազգասէր եւ հայրենասէր լինելով հանդերձ եղել է նաեւ եկեղեցասէր. նա քառասուն տարի հոգատարութիւն է ցուցաբերել Քալաւայ գիւղի Սբ. Յակոբ եկեղեցին կանգուն եւ շէն պահելու համար: Եկեղեցին երկրի մշակութային ժառանգութեան կողմից ճանաչուել է հնութիւն եւ պաշտպանւում է: Նրա կրտսեր տղան՝ Էդիկը, մահացած Փետրուարի 23, 2010ին, մեծ ցաւ ու վիշտ պատճառեց ծնողներին եւ ընտանեկան պարագաներին։
Նա քսան տարի շարունակ Սբ. Աստուածածնի տօնի առիթով ուխտագնացութիւն է կազմակերպել դէպի Արաքի եւ Քալաւայի եկեղեցիները՝ Սբ. Մեսրոպ եւ Սբ. Յակոբ, կատարուել է եկեղեցական արարողութիւն եւ ուխտաւորները գնացել են գերեզմանատուն իրենց պարագաների շիրիմներին խունկ ծխելու ու պաշտամունք անելու:
Հանգուցեալ Էդիկի մահից յետոյ այդ պարտականութիւնը կատարում է Ֆլորա քոյրը: 2013ին Սբ. Աստուածածնի տօնին՝ ի յիշատակ իր եղբօր, կազմակերպում է ուխտագնացութիւն դէպի այդ եկեղեցիները: Ֆլորան՝ նկատելով եկեղեցիները նորոգելու կարիք ունեն, մշակութային ժառանգութեան օգնութեամբ նորոգել է տալիս: Ֆլորայի այս ծառայութիւնը մեծապէս գնահատւում է «Սիփան» միութեան Էդիկի ընկերների կողմից:
Աւետիս Նազարեանը ազգային-հասարակական ծառայութիւններով հանդերձ օժտուած է եղել նաեւ մաքուր ու ջինջ բանաստեղծական շնորհներով: Նա իր մտածումներն ու յոյզերը հրատարակել է երեք հատորներով՝ «Կարօտի Երգեր», «Պատառիկներ Իմ Յուշերից», «Ապրած Ու Չապրած Տարիներ»։ Գրքերը արտայայտում են նրա հայրենասիրական, եկեղեցասիրական եւ մեր հասարակական կեանքին առնչուող մտածումներ եւ մտորումներ։ Նա գրի է առել նաեւ որոշ պատմական յուշեր կարեւոր դէմքերի եւ դէպքերի մասին: Դրանով հանդերձ որ պատկառելի տարիքի էր հասել եւ հիւանդութիւններ բոլորել, սակայն դեռ շարունակում էր գրել ու պահել իր անդամակցութեան կապը Լոս Անջելէսի Իրանահայ միութեան հետ, հանդիպումներին կանոնաւոր մասնակցում եւ գրական ելոյթներ էր ունենում ասմունքելով իր գր-ուածքներից:
Նա իր ծառայութիւնների բերումով սիրուած էր ընտանիքում յարգուած գաւառացիների կողմից եւ շրջապատում:
Հանգուցեալի յուղարկաւորութիւնը կատարուեց Չորեքշաբթի, Փետրուարի 22ին «Ֆորեստ Լոն» գերեզմանատնում սգաւորների հոծ ներկայութեամբ: Հոգեճաշը տեղի ունեցաւ «Արբա»չ ճաշարանում մեծաթիւ ներկաներով, ուր արտայայտուողները մեծապէս գնահատեցին նրա ապրած կեանքն ու ծառայութիւնները:
Աւետիսը ի Տէր հանգաւ, սակայն նրա մտքերն ու մտածումները հրատարակած գրքերի միջոցով երկար ապրելու են՝ անմոռանալի պայծառ յիշատակ թողնելով շատ-շատերի մօտ:
Թող Աստուած հոգին լուսաւորի եւ հոգուն խաղաղութիւն լինի:
Փետրւարի 22, 2017թ.
Բըրբանք, Լոս Անջելես