ԵՐԵՒԱՆ.- Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանատունը յայտարարութիւն մը հրապարակած է Հայաստանի մէջ Ապրիլ 2ին կայացած խորհրդարանական ընտրութւիններուն վերաբերեալ:
Ստորեւ սոյն յայտարարութեան բնագիրը.
«ԱՄՆ դեսպանութիւնը շնորհաւորում է Հայաստանի ժողովրդին Ապրիլի 2ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների առիթով, որին նախորդել էր կուսակցութիւնների ու քաղաքական դաշինքների միջեւ ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատուամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար:
Քուէարկութեանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնաւոր Հայաստանի ամբողջ տարածքում, եւ ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրաւունքը: ԱՄՆ դեսպանութիւնը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրաւունքների ու ժողովրդավարական հաստատութիւնների գրասենեակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելութեան նախնական գնահատման հետ, որտեղ նշւում է, որ ընտրութիւնները լաւ էին կազմակերպուած եւ ընդհանուր առմամբ ապահովուած էր յարգանքը հիմնարար ազատութիւնների հանդէպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրութիւնների վրայ հետք են թողել ընտրակաշառքների վերաբերեալ արժանահաւատ տեղեկութիւններն» ու ընտրողների վրայ գործադրուած ճնշումները:
Հայաստանի կառավարութեանը, կուսակցութիւններին ու քաղաքացիական հասարակութեանը յորդորում ենք աշխատել միասին՝ գոյութիւն ունեցող կամ նոր իրաւակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգութիւնները:
25 տարիների ընթացքում Միացեալ Նահանգները հետեւողականօրէն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների ու հաստատութիւնների զարգացման ճանապարհին: Այս ընտրութիւններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարութեան, ընդդիմադիր կուսակցութիւնների, քաղաքացիական հասարակութեան, ինչպէս նաեւ Եւրամիութեան, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ՄԱԿի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նոյնականացման նոր տեխնիկական համակարգը: Այս նոր սարքաւորումների միջոցով Ապրիլի 2ին տեղամասերում հնարաւոր եղաւ ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադէպերի եւ Հայաստանի ընտրական օրէնսդրութեամբ սահմանուած ուղենիշների համաձայն:
Միացեալ Նահանգները շարունակելու է դիտարկել եւ վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկոյցները, ինչպէս նաեւ ընտրութիւնների հետ կապուած բողոքների դատական կարգով լուծումը հետընտրական շրջանում:
Այժմ, երբ ընտրութեան արդիւնքները յայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողմերին՝ կառավարութեանը, ընդդիմութեանը եւ քաղաքացիական հասարակութեանը, շարունակել իրենց ներգրաւուածութիւնը խաղաղ բանավէճերին ու քննարկումներին»: