ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Յիշում եմ ու պահանջում» խորագիրն էր կրում Հայոց Ցեղասպանութեան յիշատակի առիթով Գլենդելի Միացեալ կրթաշրջանի չորս աւագ դպրոցների Հայկական ակումբների կազմակերպած ամէնամեայ 16րդ ձեռնարկը: Ապրիլի 19ին, Գլենդել Հայ Սքուլի սրահում անցկացուած երեկոյին ներկայ էին հայ եւ օտարազգի 600ից աւելի այցելուներ:
«Քլարք Մագնե»չ, Կրեսենտա Հովտի, Գլենդելի եւ «Հուվեր» աւագ դպրոցների հայկական ակումբների այս նախաձեռնութիւնը համախմբել էր հանրային դպրոցների տարբեր դասարանների աշակերտներին՝ Հայոց Ցեղասպանութեանը ներկայացնելու մշակոյթի միջոցով:
«16րդ տարի անընդմէջ անցկացուող Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ձեռնարկն աննախադէպ է, քանզի ԱՄՆում այն կազմակերպում են միայն Գլենդելի Միացեալ կրթաշրջանի դպրոցները: Մեր խորհուրդը մշտապէս աջակցում է Հայկական ակումբներին, եւ ուրախութեամբ պէտք է նշեմ, որ մեր աշակերտներն ամէն տարի մեծ բաւականութիւն են պատճառում հանդիսատեսին, որոնց թւում են նաեւ օտարազգի ուսուցիչներ ու տնօրէններ: Մեր երեխաները նաեւ տեղեկատուական մեծ աշխատանք են կատարում, եւ պատուով են վառ պահում իրենց փոխանցուած ջահը», «Ասպարէզ»ին յայտնեց Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդի նախագահ Արմինա Կարապետեանը, որ կրթաշրջանի կառավարիչ Ուինֆրեդ Ռոբերտսոնի հետ միասին միջոցառման յատուկ հիւր-բանախօսն էր:
Ձեռնարկի մասնակիցները, տարբեր տարիքի հայ աշակերտներ, որ հանդէս եկան ասմունքով, երգով ու պարով՝ մեծ պատասխանատուութեամբ էին պատրաստուել իւրաքանչիւր ներկայացմանը: Այդ մասին էին վկայում նաեւ հանդիսատեսի բուռն արձագանգն ու երկարատեւ ծափահարութիւնները: Կորցրած հայրենիքի մասին կատարումներին հետեւում էին հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող խրոխտ երգն ու պարը, արդարութեան վերականգնման ու Հայ Դատին տէր կանգնելու նոր սերնդի հաստատակամութիւնը վկայող մանուկների ու պատանիների ներկայացումները:
«Կարծում եմ, այսօր շատ կարեւոր օր է, քանզի համախմբուել են Գլենդելի տարբեր դպրոցների հայ աշակերտները՝ միասնաբար յարգելու մեր զոհերի յիշատակը: Այս ձեռնարկը շատ լաւ հնարաւորութիւն է նաեւ մեր համադասարանցիներին ու ուսուցիչներին ներկայացնելու մեր մշակոյթն ու մեր ազգի արդար պահանջը», նշեց «Քլարք Մագնե»չ դպրոցի Հայկական ակումբի համանախագահ Ջոն Բանդակը: Միւս համանախագահ Թենի Ալաւերդեանն էլ պատմեց, որ չնայած պատրաստուելու դժուարութիւններին, ուրախ են, որ արդիւնքին ականատես են լինում հարիւրաւոր նաեւ օտար հիւրեր: «Մենք հնարաւորութիւն ունենք տեղեկացնելու Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ պահանջելու դատապարտել այն՝ այդպիսով կանխելու մարդկութեան դէմ իրականացուող նման ցեղասպանութիւններ: Մեր այսօրուայ պահանջը համամարդկային բնոյթ է կրում»: Երիտասարդները նաեւ տեղեկացրեցին, թէ ինչպէս են պատրաստուել ձեռնարկին. «Քլարք Մագնետ»ի աշակերտները ներկայացրեցին Ցեղասպանութիւնը վերապրած, 102 ամեայ Մադլեն Սալիբեանի հետ իրենց հարցազրոյցի տեսանիւթը, ինչպէս նաեւ՝ ասմունք:
«Շատ հպարտ եմ բոլոր դպրոցների հայ աշակերտների համար, ովքեր այսօր պատուով իրականացրեցին իրենց այս առաքելութիւնը: Շնորհակալ ենք նաեւ կրթաշրջանի խորհրդի անդամներին, ներկայ՝ Գրեգ Գրիգորեանին, որ այս ձեռնարկի նախաձեռնողներից է եւ Արմինա Կարապետեանին, ովքեր միշտ մեր կողքին են՝ ամէն տարի ձեռնարկը բարձր մակարդակով կազմակերպելու: Շատ կարեւոր է մեզ համար, որ յատկապէս օտարներին տեղեկացնենք, թէ ով է հայը, ներկայացնենք մեր պատմութիւնն ու մշակոյթը, դատապարտենք Ցեղասպանութիւնն ու նրանց յորդորենք հետեւել մեր քայլին», նշեց «Քլարք Մագնե»չի տնօրէն Լենա Պաղպու-տարեան Գորթոշեանը:
«Յիշում եմ ու պահանջում» ձեռնարկի բացումը կատարեցին ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի սկաուտները, ընթացքում պարային համարներով հանդէս եկան նաեւ Լիլիթ Դենս Ստուդիոյի սաները, Դաւթեան-Մարիամեան կրթական հաստատութեան երգչախումբը, երաժիշտ Ար-Մինը, ներկայացուեց կոնգրեսական Ադամ Շիֆի ուղերձի տեսանիւթը: Հիւրերի թւում էին կրթաշրջանի խորհրդի անդամներ, «Խոստումը» ֆիլմի գործադիր պրոդիւսեր Ռալֆ Ուինթերը, ով Գլենդելի աւագ դպրոցի շրջանաւարտներից է: Փակման խօսքով հանդէս եկաւ կրթաշրջանի խորհրդի անդամ Գրեգ Գրիգորեանը: