ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
1999 թուականի Մայիսի 28ին էր: Union City-ի քաղաքապետարանի շէնքի առջեւ, Հայաստանի Անկախութեան հռչակման մայիսեան տարեդարձի օրը, առաջին անգամ կատարւում էր Հայկական պետական դրօշակի բարձրացման արարողութիւնը:
Քաղաքապետն իր ողջոյնի խօսքում նշում էր. «Մենք հպարտ ենք բարձրացնելու այս դրօշակը՝ ի պատիւ բոլոր հայերի, որոնք տարիների ընթացքում ապրել են Union City-ում, եւ ի յիշատակ այն բոլոր հայերի, որոնք տառապել եւ մահացել են Հայոց Ցեղասպանութեան ժամանակ՝ 1915-1923: Դարադարձին, Օսմանեան կայսրութիւնում ապրում էին աւելի քան 2 միլիոն հայեր, իսկ 1920ին՝ մնացել էին միայն 150,000… Ես նոյնպէս ուզում եմ ներկայացնել քաղաքապետարանի հռչակագիրը, որ Union City-ում այս թուականը պաշտօնապէս յայտարարում է Հայկական Օր՝ ոգեկոչելով 1918ի Հայաստանի Առաջին անկախացումը»:
Ապա, նա շնորհակալական խօսք էր ուղղում Վերժին Դեգրարեանին՝ դրօշակի նուիրատուութեան համար, ինչպէս նաեւ՝ իր եւ հանգուցեալ ամուսնոյն տարած հասարակական աշխատանքների համար, Նիւ Ճըրզի քաղաքում:
Հալէպահայ Վերժինը, 1934 թուականին, Փիլաւճեան գերդաստանի Սարգիս աղա եւ Նազիրէ Փիլաւճեանների ընտանիքում ծնուած կրտսեր դուստրն էր: 1964 թուականին, ամուսնացել էր ամերիկաբնակ փաստաբան, տիգրանակերտցի Նելսոն Դեգրարեանի հետ, եւ հաստատուել Union City, NJ-ում: Նա կարողացել էր հաստատել աւանդոյթ՝ նշելու Հայաստանի Առաջին անկախ հանրապետութեան օրը՝ Մայիսի 28ը, Ամերիկայի Արեւելեան ափերում, դրօշակի բարձրացման արարողութեամբ, հայկական Եռագոյնը ծածանելով Նիւ Ճըրզիում, Union City-ի կառավարական շէնքի դիմաց: Վերժինը նաեւ իր պատրաստած կարկանդակներով հիւրասիրում էր ներկաներին՝ ցոյց տալով հայի հիւրասէր նկարագիրը:
2010 թուականին, դրօշակի բարձրացման արարողութեան պատիւը տրւում է Հայ Օգնութեան Միութեանը, հիմնադրութեան 100ամեակի առթիւ: 2013ից, առողջական վիճակի վատթարացման պատճառով, ընկերուհի Վերժինը չկարողացաւ հետեւել ի՛ր իսկ հիմնած աւանդութեանը:
Նուիրուել էր իր ժողովրդին, ՀՕՄին, Շաբաթօրեայ հայկական դպրոցին, ՀՄԸՄին ու Ս. Վարդանանց Հայկական եկեղեցուն, կատարել էր սեփական ընտանիքի փաստաբանական գործերը, օգնել էր շրջապատի հայերին եւ մատուցել էր տարբեր ազգանուէր ծառայութիւններ:
Իսկ 2017ի Ապրիլի 20ին, Նիւ Ճըրզիում փակւում էր այդ կեանքի պատմութիւնը, որի ապրող շառաւիղն է իր միակ որդին՝ Սարօ Դեգրարեանը, ում Վերժինը կտակել է հայերէն խօսելու ունակութիւն, եկեղեցի յաճախելու սովորութիւն եւ ամենահիմնականը՝ իր մօրը մինչեւ վերջին շունչը խնամելու այն մարդկային արժանիքը, ինչին ներկայ կեանքում շատերը չեն արժանանում:
Սիրելի՛ մօրաքոյր Վերժին, արժանի էիր ազգիդ գնահատանքին եւ հողին յանձնուեցիր՝ քո փայփայած ՀՕՄի դրօշի ներքոյ: Հողը թեթեւ լինի շիրիմիդ եւ յիշատակդ անմա՛ր: