Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի ելոյթը 2017թ. Յունիսի 22ին, Կառավարութեան ծրագրի քննարկման ժամանակ.
ՀՀ կառավարութեան ծրագրի հիմքում ընկած է ոչ թէ այն, թէ տուեալ պահին, ով է վարչապետը կամ ովքեր են կառավարութեան կոնկրետ անդամները, այլ այն, ինչը յստակ արձանագրուած է ծրագրի սկզբում՝ ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերը, կոալիցիոն հռչակագիրը եւ հասարակութիւնում շրջանառուող առաջադէմ գաղափարները:
Աւելին, այն օրգանական կապի մէջ է 2016 թուականի Հոկտեմբերին ներկայացուած նախորդ կառավարութեան ծրագրի հետ: Հետեւաբար, հարց չի կարող առաջանալ, թէ ինչու է ծրագիրը վերաբերում 17-22թթ.:
Մեզ համար այս ծրագրի գլխաւոր առանձնայատկութիւնը, ինչով այս ծրագիրը շահեկանօրէն տարբերւում է միւսներից, այն է, որ կառավարութիւնը իր տեսլականը պատկերում է՝ ըստ էութեան որդեգրելով Դաշնակցութեան կողմից բազմիցս յիշատակուած «Զարգանալ չզիջելով» դժուարին, սակայն արժանապատիւ սկզբունքը:
Կառավարութեան այս ծրագիրը, ըստ էութեան, կառուցուած է այն գաղափարախօսութեան վրայ, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգութեան լրջագոյն սպառնալիքներին եւ մարտահրաւէրներին, երկիրը պարտաւոր է եւ կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը:
Կառավարութիւնը փաստացի ստանձնում է հէնց այսպիսի յանձնառութիւն եւ յայտ է ներկայացնում ապացուցել առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակութիւնը: Մենք ազգովին առաքելութիւն ունենք ապացուցելու, որ աշխարհաքաղաքական այս բարդագոյն իրավիճակում իսկապէս կարող ենք մեր յոյսը մեր վրայ դնել:
Այս վստահութիւնն ու լաւատեսութիւնն են ուզում հասարակութեանը ներշնչել կառավարութեան ծրագրի հեղինակները:
Սա է գլխաւոր ուղերձը: Այո՛, լինելով պատերազմական վիճակում, մենք կարող ենք ու պարտաւոր ենք զարգանալ:
Կառավարութիւնը, քաջ գիտակցելով երկրի դէպի ծով ելք չունենալու, շրջափակման մէջ լինելու ծանրագոյն պայմանները՝ յանձնառութիւն է ստանձնում երաշխաւորել Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգութիւնը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձեւաւորելով դրա համար բաւարար արտաքին եւ ներքին ռեսուրս:
Ողջունելի է, որ վարչապետը ծրագիրը ներկայացրեց համադրելով կատարուածն ու անելիքը, ինչը պատասխանատու եւ հաշուետու լինելու եւ ապագայ ծրագրերի նկատմամբ վստահութիւն ունենալու դրսեւորում է:
Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիւանագիտութիւն իրականացնելու, Սփիւռքի մեր ներուժը զօրաշարժի բերելու միջոցով մեր արտաքին բազմակողմանի քաղաքական եւ տնտեսական կապերը ամրապնդելու եւ դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետեւողականօրէն ընդլայնելու մէջ է:
Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրաւականը հայ մարդու իրաւունքների եւ ազատութիւնների երաշխաւորումն է, ներազգային համերաշխութեան ու արդարութեան ապահովումը:
Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձեւաւորելուն են կոչուած ծրագրային այնպիսի առաջնահերթութիւններ, ինչպիսիք են յատկապէս՝
– Միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադէմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային եւ տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդիւնաւէտութիւնը, մասնաւորապէս կառավարութիւն-վարչապետ-նախարար սահմանադրութեամբ նախատեսուած կարգավիճակներին համապատասխան լիազօրութիւնների եւ պարտականութիւնների պատշաճ օրէնսդրական կարգաւորում.
– Խոշորացուած համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրութեան մոդելի եւ համայնքների աւագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրում, ինչը նախորդ ծրագրում կար, այստեղ կարծում եմ բաց է թողնուել.
– առաջարկում ենք վերականգնել արդարադատութիւնը երաշխաւորող նոր անկախ եւ անաչառ դատական համակարգի ձեւաւորում.
– Հասարակութեան լայն վստահութիւնը վայելող կոռուպցիայի դէմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնում, ինչի համար անհրաժեշտ օրէնսդրական կարգաւորումներն արդէն կատարուած են.
– Բարձր որակաւորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձեւաւորելուն կոչուած արդար ու թափանցիկ կադրային քաղաքականութիւն
– Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի՝ որպէս մէկ միասնական հայութեան ամբողջացում, հայութեան ճակատագրում բոլոր հայերի մասնակցութիւնն ապահովող համապատասխան իրաւաքաղաքական միջավայրի ստեղծում: Ի դէպ թէ՛ մեր, թէ՛ Հանրապետական կուսակցութեան նախընտրական ծրագրերում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից ու դատապարտումից բացի կարեւորուել է նաեւ Ցեղասպանութեան հետեւանքների վերացման խնդիրը, ինչը բացակայում է ծրագրում:
Առաջարկում ենք համապատասխան տեղում լրացնել այս բացը:
Յարգելի գործընկերներ,
Գործ անելու որեւէ մոտիվացիա (մղում-Խմբ.) ունի միայն լաւատեսը, ոչ երբեք յոռետեսը: Վատատեսի մոտիվացիան, վատը գուշակելով, սեփական վատատեսութիւնը արդարացնելն է: Սա լաւատեսութեամբ ներշնչուած գործնական ծրագիր է: Մենք հաւատում ենք այս լաւատեսութեանը: Միաժամանակ քաջ գիտակցում ենք, որ հաւատն առանց գործի մեռած է, եւ ուրեմն ամէն ինչ կ՛անենք, որ այդ հաւատը ոչ միայն չմեռնի, այլ նաեւ արթնանայ անհաւատների մէջ»: