ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահ Զարմինէ Զէյթունցեան հանգամանօրէն անդրադարձած է Հայաստանի տարածքին զուգարաններու (արտաքնոցներու) անբաւարար թիւի եւ եղածներու ոչ բարւոք վիճակին:
Զէյթունցեանի համաձայն՝ կացութիւնը բարելաւելու ուղղութեամբ քայլեր սկսած են առնելու:
«ԱԳԼՃԿները (բնական կազի կայանները) եւ բենզալցակայաններն (պենզինի կայանները) օրէնքով նախատեսուած կարգով պարտաւոր են ունենալ գործող զուգարաններ զբօսաշրջիկներին եւ այցելուներին սպասարկելու համար: Մենք նամակ ենք ուղարկել ե՛ւ առողջապահութեան, ե՛ւ տարածքային կառավարման նախարարութիւններ, որպէսզի յստակեցուեն չափանիշները, որովհետեւ, ճիշդ է, գործող զուգարաններ կան, բայց երբ գնում ես, տեսնում ես, որ պայմանները նորմալ չեն, գործելը դեռ քիչ է», յայտնած է Զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահը:
Զէյթունցեան տեղեկացուցած է, որ իր բաժինի աշխատակիցները հանդիպած են շուրջ 801 կազի եւ պենզինի կայանի ներկայացուցիչներու հետ՝ զուգարաններու հարցով: Ըստ Զէյթունցեանի՝ հարցը զուգարան ունենալը չէ այդքան, որքան անոր մաքուր պահպանումը, զուգարանի կառավարման համակարգ ստեղծելը:
«Եղել են դէպքեր, երբ Հայաստանում կառուցուել են զուգարաններ, բայց, քանի որ այդ զուգարանները չեն ունեցել մենեջմենթի համակարգեր, դրանք ինչ-որ ժամանակ յետոյ շատ կեղտոտ վիճակում են յայտնուել, ինչ-որ մէկը պէտք է հետեւի դրանց: Այս խնդիրը միայն այս երկրում չէ: Ամենադժուարը զուգարանի համար աշխատուժ բերելն ու մենեջմենթն է: Եղել է դէպք, որ 7 գիւղից մէկ աշխատող չի կարողացել գտնել գործատուն զուգարանի համար», ըսած է Զէյթունցեան:
«Հիմա ունենք մի քանի հետաքրքիր ներդրումային ծրագրի առաջարկ, որը շատ կարեւոր է, այնպիսի բիզնեսմենների կողմից, որոնք Հայաստան են ներկրում այդ սանիտարական ապրանքները: Մենք հիմա ներդրողների հետ քննարկում ենք զուգարանները լուրջ բիզնես դարձնելու հարցը. ամբողջ Հայաստանի տարածքով, մայրուղիներում պէտք է կառուցուեն զուգարաններ, որոնք ինչ-որ մէկի կողմից պէտք է կառավարուեն», պարզաբանած է Զէյթունցեան:
Համաշխարհային դրամատան հետ Հայաստանի կառավարութիւնը ունի 55 միլիոն տոլարի վարկային ծրագիր, որ շուտով կ՛իրականացուի: Այս ծրագիրով Հայաստանի ամբողջ հարաւային միջանցքը, ինչպէս նաեւ Հաղպատ, Սանահին, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, մինչեւ Մեղրի զբօսաշրջութեան ենթակառուցուածքներ պիտի ստեղծուին:
«Դրանց մեծ մասը ենթադրում է ինֆոկենտրոններ (տեղեկատուական կեդրոններ), զբօսաշրջային կենտրոններ, որտեղ զբօսաշրջիկների աւտոբուսները կարող են կանգնել, իրենք կարող են օգտուել խանութից, սուրճ խմել, զուգարան մտնել, լուացուել եւ այլն: Հարցը լուծւում է: Ինֆոկենտրոնների հարցն էլ կը լուծուի», յոյս յայտնած է Զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահը: