Օգոստոսի 27ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գիւղում մեծ շուքով նշուեց Ջիւանու օրը, որի շրջանակներում տեղի ունեցաւ նաեւ «Ջաւախքին աջակցութիւն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից հիմնադրուած մեծանուն Աշուղ Ջիւանու տուն-թանգարանի յուշային հատուածի բացման հանդիսաւոր արարողութիւնը:
Տօնակատարութեանը ներկայ էին ՋԱՀի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սօս Սահակեանը, խորհրդի անդամներ Սէյրան Վանցեանը, Արմէն Մկոյեանը, Գագիկ Վարդերեսեանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը, Գրիգոր Տաշչեանը (Պերմ), Համլէտ Շահբեկեանը, Պարոյր Պալեանը, ՀՀ ԱԺ պատգամաւոր Արման Սահակեանը, ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնեանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբէն Մաթեւոսեանը, ՋԱՀի գործադիր վարչութիւնը, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի պաշտօնատար անձիք, նուիրատուներ, մտաւորականներ, հոգեւորականներ, արուեստագէտներ, երաժշտագէտներ, Վրաստանի, Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած հայրենակիցներ եւ ջիւանասէրներ:
Տօնական օրը սկսուեց Կարծախ գիւղի Սուրբ Յովհաննու Կարապետ եկեղեցում, որտեղ Սամցխէ-Ջաւախքի եւ Ծալկայի ընդհանուր փոխանորդութեան առաջնորդ Բաբգէն վարդապետ Սալբիյեանը մատուցեց Սուրբ պատարագ: Պատարագին յաջորդեց յարգանքի տուրք եւ ծաղիկների խոնարհում Ջիւանու կիսանդրու մօտ, որից յետոյ էլ տօնակատարութեան մասնակիցները շարժուեցին դէպի Աշուղ Ջիւանու տուն-թանգարան՝ յուշային հատուածի բացման հանդիսաւոր արարողութեանը մասնակցելու:
ՋԱՀի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սօս Սահակեանի եւ ՀՀ վաստակաւոր ճարտարապետ Յովհաննէս Մութաֆեանի գլխաւորութեամբ կարմիր ժապաւէնը կտրելուց յետոյ տուն-թանգարանի յուշային հատուածը հիւրերի առջեւ բացեց իր դռները: Շրջելով եւ ծանօթանալով Ջիւանու տուն-թանգարանի յուշային հատուածով, ներկաները հնարաւորութիւն ունեցան երիտասարդ երաժիշտ Գէորգ Մելիքեանի կատարմամբ վայելել քամանչայի կենդանի երաժշտութիւնը, որի ելեւեջները լսւում էին Ջիւանու տան օդայից, եւ համտեսել անմիջապէս թոնրատանը թխուող հայկական աւանդական լաւաշը: Նաեւ հէնց այստեղ Ռուբէն Մաթեւոսեանը տուն-թանգարանին նուիրաբերեց իր գիրքը, որտեղ կան Ջիւանուն նուիրուած հատուածներ:
Բացման արարողութիւնից յետոյ ներկաներին սպասւում էր համերգային ծրագիր, որտեղ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ախալքալաքի Շրջանային վարչութեան մշակոյթի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը եւ յայտարարեց համերգային ծրագրի մեկնարկը:
Իր ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՋԱՀի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սօս Սահակեանը, որում ընդգծեց այն փաստը, որ այսօր Ջաւախքն ունեցաւ եւս մի հոյակերտ մշակութային կենտրոն ի դէմս Աշուղ Ջիւանու տուն-թանգարանի, եւ իր շնորհակալական խօսքը յղեց ՋԱՀի Հոգաբարձուների խորհրդի անդամներին, տուն-թանգարանի բարերարներին եւ նուիրատուներին:
Իր խօսքով հանդէս եկաւ նաեւ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնեանը, ով արժեւորեց Ջիւանու տուն-թանգարանի առկայութիւնը՝ նշելով, որ Կարծախը դարձել է հոգեմտաւոր եւ մշակութային կենտրոն, ինչպէս նաեւ հայոց ուխտատեղիներից մէկը:
Ջիւանու օրն այս տարի առանձնացաւ ոչ միայն ազգագրագիտութեան տեսանկիւնից մեծ արժէք ներկայացնող տուն-թանգարանի յուշային հատուածի բացմամբ, այլեւ գեղեցիկ եւ աննախադէպ միջոցառումների բազմազանութեամբ: Համերգային ծրագրում հնչեց ազգային նուագարանների երաժշտութիւն երիտասարդ երաժիշտների կատարմամբ, Ռուսլան Էլեազեանի Ջաւախքին նուիրուած երգի պրեմիերան, ելոյթ ունեցան Ջավախքի տարբեր գիւղերի երգի ու պարի համոյթներ՝ Կարծախի, Բարալեթի, Դամալայի, Վաչիանի պարի խմբերը:
Ծրագրում ներառուած էր նաեւ ցուցադրական աւազանկարչութիւն Ջիւանու պատկերներով. Գիւմրիի Արուեստանոցի երիտասարդ նկարիչներն ընդամէնը մի քանի րոպէում դատարկ փայտերը վերածեցին արուեստի գործերի եւ ստացան Ջիւանու պատկերները, որոնք հնարաւոր էր ձեռք բերել անմիջապէս բեմից կամ նոյնիսկ մինչեւ համերգային ծրագրի մեկնարկը: Պատկերներից մէկը ձեռք բերեց եւ տուն-թանգարանին նուիրաբերեց «ՌԵՍՕ» ապահովագրական ՓԲԸի գործադիր տնօրէն Սամուէլ Գրիգորեանը:
Ջիւանու տուն-թանգարանի յուշային հատուածը, որտեղ մեծանուն աշուղը անցկացրել է կեանքի առաջին տարիները, վերականգնուել է՝ պահանելով 19-20դդ. տարածաշրջանին յատուկ աւանդական բնակարանի առանձնայատկութիւնները, համալրուել այդ ժամանակուայ կենցաղային իրերով՝ հաւաքագրուած Կարծախից եւ յարակից գիւղերից:
ՋԱՀի գործադիր տնօրէն Աշոտ Յակոբեանը նշեց, որ յուշային հատուածի վերականգնման աշխատանքներում «Ջաւախքին աջակցութիւն» հիմնադրամի գործադիր վարչութեան ջանքերով ներգրաւուել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողութիւններով նուիրեալների մեծ թիմ. տուն-թանգարանի ճարատարապետական-շինարարարական նախագծերի հեղինակ, ՀՀ վաստակաւոր ճարտարապետ Յովհաննէս Մութաֆեան, թանգարանի ազգագրագիտական բովանդակութեան եւ ցուցադրութեան կազմակերպման պատասխանատուն ազգագրագէտ, թանգարանագէտ Արգամ Երանոսեան, իսկ առարկաների մշակմամբ եւ վերականգնմամբ զբաղուել է մշակութաբան Նարինէ Եղիկեանը, տուն-թանգարանի շինարարութիւնը իրականացրել է գլխաւոր շինարար Միտեա Գալոյեանը՝ իր թիմով:
Յիշեցնենք, որ Կարծախում Ջիւանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը բաղկացած է երկու մասից: 2016թ.ի Օգոստոսին՝ Ջիւանու օրուայ շրջանակներում տեղի ունեցաւ տուն-թանգարանի ցուցասրահի բացումը, որտեղ ամփոփուած է Ջիւանու կեանքը, ստեղծագործական ուղին, աշուղի մասին մտքերն ու յուշերը: Ծրագիրը հնարաւոր եղաւ կեանքի կոչել նուիրատուների, գործընկերների եւ ՋԱՀի Հոգաբարձուների խորհրդի օժանդակութեան շնորհիւ:
«Ջաւախքին աջակցութիւն» հիմնադրամը, կարեւորելով Ջավախքում մշակութային կեանքի աշխուժացման եւ զբօսաշրջութեան զարգացման անհրաժեշտութիւնը՝ իր ռազմավարութեան մէջ առանցքային տեղ է յատկացնում մշակութային օջախների հիմնադրմանն ու մեծանուն ջաւախքցիների համար մշակութային հանգրուանների ստեղծմանը, եւ այսօր արդէն իսկ կարող ենք փաստել, որ Կարծախում Ջիւանու տուն-թանգարանը իւրովի աշխուժացրել է գիւղը, խթանել զբօսաշրջիկների հոսքը դէպի Կարծախ եւ իր մշակութային միջոցառումներով փոխել գիւղի ընդհանուր մթնոլորտն ու տրամադրութիւնը: