ԼՈՒՍԻՆԷ ՂԱՐԻԲԵԱՆ
Բոլոր երեխաները՝ անկախ բնակութեան վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լաւագոյն կրթութիւն ստանալու իրաւունք: Հայաստանի գիւղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացւում: Երբեմն մի ուսուցիչը ստիպուած է լինում դասաւանդել մի քանի առարկայ, կամ որոշ առարկաներ պարզապէս դուրս են մնում ուսումնական պլանից (ծրագիրէն-Խմբ.):
«Դասաւանդի՛ր, Հայաստան»ը երկամեայ առաջնորդութեան զարգացման ծրագիր է՝ լաւագոյն երիտասարդ մասնագէտների համար, որոնք տիրապետում են հայերէնին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կեանքը: Վերապատրաստուելով Ամառային ինստիտուտում (հիմնարկութեան-Խմբ.), որը հինգշաբաթեայ ինտենսիւ (արագացուած, խիտ-Խմբ.) ծրագիր է, ու համապատասխան հմտութիւններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխւում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կայ: Երիտասարդ մասնագէտները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծաւալելով արտադասարանական եւ համայնքային զարգացման գործունէութիւն:
Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխութիւններից ու դժուարութիւններից, որոնք թողել են բարեկեցիկ ու յարմարաւէտ կեանքը՝ յանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացայայտել նրանց կարողութիւններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:
«Մեդիամաքս»ը եւ «Դասաւանդի՛ր, Հայաստան»ը՝ «Վիւասել-ՄՏՍ»ի աջակցութեամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:
Մեդովկա գիւղի դպրոցից յաճախ են լսւում «Բիթլզ»ի երգերը: Աշակերտների խումբը սպասում է դասերն աւարտուեն, դպրոցը դատարկուի, ընկեր Խաչիկը համակարգչով միացնի աշխարհահռչակ հիթերը… ու սկսւում է անգլերէնի պարապմունքը: Մասնակից աշակերտներն անգիր գիտեն մի քանի տասնեակ երգեր՝ բառերի նշանակութիւնը, արտասանութիւնը, մեղեդիները: Ընկեր Խաչիկն անպայման ձայնակցում է:
Երգելով անգլերէն սովորեցնելու մեթոդը միակ անսովոր նորութիւնը չէր, որ Խաչիկ Չուխաճեանն իր հետ բերեց Մեդովկա: 28ամեայ երիտասարդը տարբերւում էր խօսուածքով, կենցաղով, մտածելակերպով: Շատերի երազանքների երկիր Ամերիկայից Խաչիկն անցեալ տարի տեղափոխուել է Լոռու մարզ՝ իր երազանքն իրականացնելու համար: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայութեան բաժնի շրջանաւարտը Մեդովկայի դպրոցում պատմութիւն է դասաւանդում, նաեւ՝ անգլերէնի պարապմունքներ անցկացնում:
Խաչիկը մանկավարժի մասնագիտութեամբ «հրապուրուել» է 2011ին, երբ երիտասարդական մի ծրագրով Երեւանում ու Հայաստանի մարզերում երեխաների համար ամառային ճամբարներ էին կազմակերպում:
«Երբ աշակերտ էի, միշտ արժեւորում կամ քննադատում էի ուսուցիչներիս, մտածում էի, թէ ինչպիսին պէտք է լինի ուսուցիչը, բայց երբեք չէի պատկերացնի, որ մի օր կ՛ուզենամ ուսուցիչ լինել: Ճամբարի ընթացքում հայոց պատմութեան դասեր տալու հնարաւորութիւն ունեցայ: Այնքան հետաքրքիր փորձառութիւն էր, որ ասացի՝ ուզում եմ կրթութեան ոլորտ մտնել: Երբ «Դասաւանդի՛ր, Հայաստան» ծրագրի ղեկավար Լարիսա Յովհաննիսեանը եկաւ Ամերիկա՝ ներկայացնելու ծրագիրը, իմ առջեւ բացուեց ճանապարհը, որով ուզում էի գնալ: Հաւատում եմ՝ կրթութիւնն է, որ կարող է փրկել մեզ, փրկել ոչ թէ գոյատեւման, այլ զարգացման իմաստով: Դրա համար պէտք են նուիրուած ուսուցիչներ, պետութիւն, որը կ՛արժեւորի կրթութիւնը, քաղաքացիներ, որոնք կը հասկանան կրթութեան եւ գիտութեան արժէքը, կը ձգտեն աւելիին՝ ոչ միայն նիւթական, այլեւ հոգեւոր արժէքների, մտաւոր գանձերի»:
Խաչիկը Հայաստան եկաւ ռոմանտիկ պատկերացումներով. հեռաւոր մի գիւղում, բոլորից ու ամէն ինչից կտրուած՝ նուիրուել աշակերտներին ու կրթութեանը: Բայց գիւղում յարմար տուն չգտաւ եւ Լոռու մարզի Ուրասար համայնքում դասաւանդող երեք գործընկերների հետ տուն վարձեց Ստեփանաւանում: Մենակ չմնաց նաեւ դպրոցում. ծրագրի մասնակից Գոռ Յակոբեանն էլ Մեդովկայում ֆիզկուլտուրա է դասաւանդում:
Իրականութիւնը սպասուածից տարբեր էր, բայց, միեւնոյն է, գոհ է. շփումները նոր փորձառութիւն, իրարից սովորելու հնարաւորութիւն են տալիս:
Խաչիկի բնորոշմամբ՝ համայնքն իր համար մեծ ընտանիք է դարձել: Ուրախութեամբ ընդունեցին, թէեւ զարմանքն ու հարցերը շատ էին:
«Էրեխէքը շատ լուռ էին, միայն ժպտում էին՝ ո՞վ է, որտեղի՞ց է եկել, ի՞նչ է ասելու: Երեւի մի ամիս յետոյ սկսեցին ինձ հարցեր տալ՝ ինչո՞ւ էք եկել, Ամերիկան ինչպիսի՞ տեղ է, ինչպիսի՞ն է կեանքն էնտեղ: Բայց ես ուզում էի, որ կենտրոնացումը դասի վրայ լինի՝ ես սովորական ուսուցիչ եմ, եկել եմ, պատմութիւն եմ դասաւանդում»:
Կենցաղին Խաչիկն արագ յարմարուեց: Գիտի՝ տարբերութիւնները շատ են, տարիներ է անհրաժեշտ սովորելու, ընտելանալու համար: Դժուարը լոռեցիների խօսքը հասկանալն ու իր խօսուածքը հասկացնելն էր:
«Սկզբում ուսուցչանոցում խօսում էին, չէի հասկանում, ժպտում էի: Յետոյ ուսուցիչները զգացին, հարցրեցին՝ հասկանու՞մ ես, ինչ ենք ասում: Ասացի՝ ոչ: Հիմա մէկ-մէկ բացատրում են իրենց բարբառը»:
Երեխաներին կրթելը Խաչիկի համար կարեւոր առաքելութիւն է: Տանն ու դպրոցում ամէնօրեայ աշխատանքով ոչ միայն դասերին է պատրաստւում, այլեւ ձգտում հասնել ուսուցչի իր երազած կերպարին: Ասում է՝ եթէ սրան վերաբերուէր որպէս աշխատանք, աւելի հեշտ կը լինէր, բայց չի կարող մոռանալ նպատակները, որոնց համար հասել է Մեդովկա:
«Ուզում եմ, որ երեխաները լինեն առաջնորդ՝ նախաձեռնող, քաջ, համարձակ, ազնիւ: Իմ պատկերացմամբ՝ լաւագոյն առաջնորդն ամենահամեստ ծառան է, որը նուիրուած է իր շրջապատին: Շատ եմ ուզում, որ իրենց մէջ առաջանայ ոչ միայն դպրոցի, համալսարանի նկատմամբ սէր, այլեւ՝ ինքնակրթութեան: Չսահմանափակուեն ժամը 9ից 3ը դպրոց գնալով, այլ հասկանան, որ ամէն պահ կատարելագործման ընթացքի մէջ են, որ իրենց ապագան տեսնեն, երազանքներ, նպատակներ սահմանեն, հաւատան, որ կարելի է հասնել անհնարին թուացող երազանքին, ու սկսեն աշխատել այդ ուղղութեամբ»:
Աշակերտներն արդէն սովոր են ընկեր Խաչիկի «տարօրինակ» մեթոդներին: Խիստ ուսուցչի կերպարից դուրս գալու եւ երեխաներին ազատ մտածելու հնարաւորութիւն տալու համար երբեմն լքում են դպրոցի ճնշող պատերը: Ասում է՝ Արիստոտելի դպրոցը բացօթեայ էր, քայլելով էին դասը սովորում, փիլիսոփայութեան հարցեր քննարկում: «Դեռ չենք քայլում, որովհետեւ կարող է մի քիչ շեղուեն, բայց զգում եմ, որ չորս պատերից դուրս՝ բաց օդում, իրենց մտքերն էլ լայնանում են»:
Բնութեան գրկում դաս անելու բախտին ընկեր Խաչիկի բոլոր աշակերտները չէ, որ արժանացել են: Միւսները լսել են այդ մասին ու իրենց հերթին են սպասում: Խաչիկն ասում է, որ ֆիլմերը, որ ցուցադրում է աշակերտներին, երգերը, որ սովորեցնում է, թեմաները, որոնց շուրջ զրուցում են, բոլորն ընտրում է՝ հաշուի առնելով աշակերտների խնդիրները:
«Միշտ շեշտում եմ՝ դժուարութիւնը կ՛անցնի, կարեւորը, թէ դու ինչ մտքեր, նպատակներ կ՛ունենաս այդ ընթացքում: Դրանից յետոյ դու տարբեր ես լինելու, բայց աւելի ուժե՞ղ, թէ մի քիչ կոտրուած: Փորձում եմ ուղղորդել նրանց դէպի աւելի ուժեղը, բարին ու ազնիւը»:
Դասերին ու արտադասարանային հանդիպումներին Խաչիկն առիթներ է ստեղծում, որ աշակերտներն արտայայտուեն, հասկանան, որ կարող են ինքնուրոյն ինչ-որ բան անել, որ չվախենան գնալ իրենց ընտրած ճանապարհով: Աշխատանքն ամբողջ դասարանի ու միաժամանակ անհատապէս՝ ամէն աշակերտի հետ է:
Խաչիկն ուզում է իր օրինակով ոգեւորել աշակերտներին, որ հասկանան՝ կարելի է լաւ կրթութիւն ստանալ ու այն ծառայեցնել սեփական համայնքի զարգացմանը: Ասում է՝ փորձում է շատ զգոյշ լինել, որ յանկարծ գիւղը չներկայացնի մռայլ գոյներով, իսկ քաղաքն ու մանաւանդ՝ արտերկիրը, գունաւոր:
«Եթէ գիւղի աշակերտներն աւելի զարգանան, բայց իրենց ընտանիքի, համայնքի արժէքը չզգան, պիտի ձգտեն դէպի դուրս: Աշակերտներ կան, որ ուզում են ծրագրաւորում սովորել: Ես նրանց ասում եմ, որ կարող են մնալ գիւղում ու հեռակայ աշխատել, կամ գնալ, բարձրագոյն կրթութիւն ստանալ, բայց վերադառնալ, որ իրենց ու բոլորի համար աւելի լաւ կեանք ստեղծեն»:
Ամերիկայում համալսարան աւարտող հայ ուսանողները կրում են հիւսուած եռագոյն պատուոյ թելեր: Խաչիկն Ամերիկայի իր ընկերներին առաջարկել է դրանք ձեռք բերել ոչ թէ Չինաստանից, այլ՝ Հայաստանից: Ստեփանաւանի բնակիչները գործել են պատուոյ թելերն ու ստացել 2500 դոլար, որով համայնքային ծրագիր են իրականացնելու: Խաչիկի ու Գոռի նախաձեռնութեամբ դպրոցի դիմաց կառուցւում է ֆուտբոլի դաշտ, նաեւ զբօսայգի՝ բացօթեայ գրադարանով:
Տունը, որտեղ Խաչիկն ու ընկերներն են ապրում, երեկոյեան փոքրիկ ուսուցչանոցի է վերածւում: 4 ուսուցչով հաւաքւում են, քննարկում օրուայ ընթացքը, դպրոցական անցուդարձն ու անելիքները: Տնային գործերը բաժանել են ու հերթապահութիւն սահմանել: Օրերին, երբ Խաչիկն է ճաշի պատասխանատուն, ընկերները մինչ սեղան նստելը փորձում են ճշդել բաղադրութիւնը: Խաչիկն ասում է՝ վախենում են ուտել. սիրիահայ բարեկամներից սովորած ճաշատեսակները կծու են ու անսովոր: Բայց սթէյքից երբեք չեն հրաժարւում, ասում են՝ շատ համեղ է պատրաստում, թէեւ Խաչիկը դժգոհում է, որ Հայաստանում մսավաճառները սթէյքի համար ճիշդ կտորներ չեն ընտրում:
«Ոչ մի մսավաճառ չի հասկանում՝ ինչ է նշանակում սթէյք: Ուզում եմ ազատ ժամանակ մսավաճառի մօտ աշխատել, որ հասկանամ, թէ ինչպէս են կտրում միսը, ինչ կտորներ են պէտք, ու յետոյ ինտերնետով կը նայեմ, կը պատրաստեմ»:
Ընկերներն աղմուկով ու ծիծաղով միջամտում են խօսակցութեանն ու շարունակում պատմել Խաչիկի նախասիրութիւնների ու մտադրութիւնների մասին: Ամրան ամիսներին վոկալի դասերի (ձայնամարզութեան-Խմբ.) է գնում, ձայնը մշակում, որ անգլերէնի պարապմունքներին անկաշկանդ երգի: Խաչիկը նաեւ երկու խոզ ունի, որոնց խնամքը Մեդովկայի բնակիչներից մէկին է վստահել: Ուզում է տնական մսից խոզապուխտ պատրաստել:
Իրականում Խաչիկի մտադրութիւններն աւելի հեռուն են գնում: Ծրագրի աւարտից յետոյ Հայաստանը լքել չի պատրաստւում: «Դասաւանդի՛ր, Հայաստան»ը նրա մեծ նպատակների սկիզբն է միայն: Ասում է՝ ուզում է տեսնել ու մաս կազմել Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխութիւններին:
«Մենք պէտք է ունենանք մեծ, անանձնական երազանք ու ձգտենք դրան: Միասին պիտի ստեղծենք մի պայծառ ապագայ: Կարող է խենթութիւն, անհնար բան թուալ, բայց ես հաւատում եմ, որ կարող ենք մի բան ստեղծել բոլորիս համար: Ինձ այդ հնարաւորութիւնը տուել է «Դասաւանդի՛ր, Հայաստան» ծրագիրը»:
Տարբեր հարցերի միջոցով Խաչիկից փորձում եմ «պոկել» սեփական աշխատանքի արդիւնքի գնահատականը, խօսել փոփոխութեան մասին, որ, անկասկած, տեղի է ունեցել երեխաների կեանքում: «Գո՛ռ, դու ի՞նչ փոփոխութիւն ես տեսնում»,- դիմում է ընկերոջ օգնութեանը:
Գոռը ոգեւորուած պատմում է աշակերտների հետ շփումների, դրական փոփոխութիւնների մասին: Ասում է՝ հէնց ինքն ու ընկեր Խաչիկը դպրոց են հասնում, աշակերտները, ամէն ինչ թողած, սկսում են պատուհանից բարեւել: Խաչիկը լուռ լսում է, յետոյ, թէ. «Գիտե՞ս, ես փորձում եմ շատ չմտածել այն բաների մասին, ինչ դու ուզում ես իմանալ: Որովհետեւ եթէ շատ մտածեմ դրանց մասին, օրինակ՝ այն, ինչ Գոռը նոր ասաց, կարող է շատ ուրախանամ, որ ինձ էդքան սիրում են, ու դրանով ինձ լաւ զգամ: Բայց դրա փոխարէն ուզում եմ զգալ, որ ես շա՜տ-շա՜տ բան ունեմ իրենց տալու, ու անհնար է վերջնակէտին հասնեմ: Փորձում եմ այդ կէտն այնքան բարձր դնել, որ անընդհատ բարձրանալու ճանապարհ լինի: «Բարձրացի՛ր, բարձրացրու՛». սա իմ կարգախօսն է, որով առաջնորդւում եմ: Իմ բարձրագոյն նպատակներից մէկն է, որ կարողանամ դա փոխանցել իմ աշակերտներին»:
«ՄԵԴԻԱՄԱՔՍ»
Լուսանկարները եւ տեսանիւթերը՝ Վաղինակ Ղազարեան (յատուկ «Մեդիամաքս»ի համար)
Նախագծի գլխաւոր գործընկերը «Վիւասել-ՄՏՍ» ընկերութիւնն է:
http://www.mediamax.am/am/news/tfa/24825/