ԵՐԵՒԱՆ.- Հայաստանում է գտնւում ԱՄՆ անտառային ծառայութեան փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանութեան նախարարութեան հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թէ որտեղ, երբ եւ ինչպէս պէտք է կիրառել յետ-հրդեհային արդիւնաւէտ միջոցներ, որոնք կը մեղմեն հողերի էրոզիայի (ողողամաշումի), հեղեղումների վտանգ-ները եւ երկարաժամկէտ հեռանկարում կը նպաստեն ջրբաժանների առողջացմանը եւ բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտաւանի անտառների հրդեհից յետոյ:
Թիմը, որի կազմում ընդգրկուած են անտառային գենետիկայի (սերնդագիտութեան-Խմբ.) մասնագէտ դոկտ. Էնդրիւ Բաուերը եւ ջրաբան Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատուութիւն կ՛առաջարկի ԱՄՆ անտառային ծառայութեան կողմից նման աղէտներից յետոյ կիրառուող Այրուած տարածքների արձագանգելու արտակարգ գործողութիւնների գործընթացի վերաբերեալ: Նրանք նաեւ կը ներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատուութիւն կ՛ապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկէտ անելիքների շուրջ:
«Ուրախ ենք, որ հրդեհից յետոյ այս թիմը կարողացաւ այսքան շուտ օգնութեան գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լաւագոյն փորձը եւ գործելակերպերը: Հայաստանի հետ մեր գործընկերութեան շրջանակում սա կարեւոր քայլ է, որը յետագայում թոյլ կը տայ մեղմել հրդեհների հետեւանքով հասցուող վնասը», ասաց ՀՀում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ամերիկացի երկու փորձագէտները հանդիպումներ կ՛ունենան Խոսրովի արգելոցի աշխատակիցների, պետական պաշտօնեաների, հասարակական կազմակերպութիւնների եւ միւս շահագրգիռ կողմերի հետ՝ լսելու, ծանօթանալու եւ օգնելու գտնել հրդեհի գօտու ու դրա յարակից հատուածի այն առանցքային տեղանքները, որտեղ անյապաղ միջոցներ պէտք է ձեռնարկուեն: Այցի ընթացքում նրանք մասնաւորապէս կը փորձեն պարզել այն տարածքները, որոնք կարող են վնասուել ջրահոսքերի ու բուսածածկի կորստեան պատճառով հողերի էրոզիայի հետեւանքով: Նրանք առաջարկներ են պատրաստում անյապաղ ձեռնարկուելիք արտակարգ միջոցների մասին, որոնք նուազագոյնի կը հասցնեն մարդկանց կեանքին ու գոյքին սպառնացող վտանգները՝ պայմանաւորուած հեղեղներով ու սողանքներով: