ԳԻՒՄՐԻ.- Սասունցի Դաւիթ 13 շէնքում քարաթափման դէպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրեանը, բնակիչների անվտանգութեամբ մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակուելու արագ տեղաւորման աշխատանքները: Չուշացաւ նաեւ խնդիրը կառավարութիւնում բարձրացնելն ու կառավարութեան դրական արձագանգը. 43 միլիոն 940 հազար դրամ ու Արթիկի փլուզուած շէնքի ընտանիքների խնդիրը կը լուծուի:
Սեպտեմբերի 15ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրեանը բնակարանների գնման վկայագրեր յանձնեց շէնքի 12 ընտանիքներին:
«Շնորհաւորում եմ ձեզ, մաղթում եմ երջանիկ բնակարանամուտ, ժամանակին կարողանաք բնակարաններ գտնել ու նորամուտ տօնել», վկայագրերի յանձման ժամանակ ասաց Շիրակի մարզպետը: Արթուր Խաչատրեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ վկայագրերի գումարը հաշուարկուել է եռամսեակի ընթացքում համանման գործարքների միջինացուած արժէքն հաշուի առնելով, այնպէս որ բնակարան ձեռք բերելու համար պետական աջակցութիւնը բաւականացնելու է բնակիչներին:
Նշենք, որ հինգ հատ մէկ սենեականոց, երեք հատ՝ երկու եւ չորս հատ 3 սենեականոց բնակարանի գնման վկայագիր յանձնուեց, որոնց արժէքը համապատասխանաբար կազմում է՝ 3 մլն. 42 հազար, 3 մլն. 718 հազար եւ 4 մլն. 394 հազար դրամ: