ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ամերիկահայ դերասանուհի Մարիամ Վարդանին հանդէս է եկել «Ինսինտիում» (Incendium) անուանումով կարճամետրաժ երաժշտական շարժապատկերի գլխաւոր դերում: Ֆիլմում նա ներկայանում է որպէս պարուհի՝ անդալուզեան կրակոտ Ֆլամենկոյի միջոցով ներկայացնելով կեանքի ու մահուան յաւերժական շրջապտոյտը:
Կրելով տարբեր մշակոյթներից տարրեր, Ֆլամենկօն համահունչ կերպով ամփոփում է երաժշտութիւնը, պօէզիան, պարը, ու թերեւս այս հանգամանքն է, որ շարժապատկերը ստեղծողներին մղել է իսպանական ժողովրդական պարի միջոցով ներկայացնել կեանքի ընթացքն ու աւարտը:
««Ինսինտիում»ն արարման նշումն է. այն շարժապատկերի միջոցով տարածուն ճամբորդութիւն է, որ քննում է կեանքն ու մահը պարի միջոցով», մեկնաբանում են ֆիլմի ստեղծողները՝ հոլիվուդեան կինօարտադրութիւնում ճանաչուած գործիչներ, ովքեր գլխաւոր դերը վստահել են հայ դերասան- պարուհուն:
Հոլիվուդեան մէկ տասնեակից աւելի ֆիլմերում նկարահանուած Մարիամ Վարդանին խոստովանում է, որ իր համար այս շարժապատկերը յատուկ նշանակութիւն ունի: Նա Ֆլամենկօ սկսել է պարել հինգ տարեկանից. աւարտել է Հայաստանի Պարարուեստի ուսումնարանը, կատարելագործուել է Ֆլամենկոյի աշխարհահռչակ պարուսոյց Ռոբերտօ Ամարալի մօտ: Ֆիլմն առիթ է տուել Վարդանիին սիրելի պարի միջոցով արտայայտելու կեանքի նաեւ իր փուլերը: «Ֆլամենկօ պարը կրակ է, ուժ է, սէր է, չի ենթարկւում ոչ մի գրուած օրէնքի, եւ շարժւում է հոգու օրէնքներով, պարելիս գերիշխողը զգացմունքն է: Այս պարը հնարաւորութիւն է տալիս ինձ հասկանալու, շօշափելու անհասանելին: Ֆլամենկօն տալիս է հարցեր ու պատասխանում դրանց», Ֆլամենկոյի իր բնորոշում է ներկայացնում Վարդանին: Այս պարի նկատմամբ Մարիամի կիրքն ու պարային հմտութիւնները գնահատուել են, եւ հէնց հայազգի դերասանուհուն է վստահուել իսպանական յայտնի պարի կատարումը «Ինսինտիում» շարժապատկերում:
Ֆիլմի արտադրողն է Ժան Դէ Մուրօն, ում ֆիլմը նախորդ տարի ներկայացուած էր Օսկարի: Ռեժիսորն է Գրեգ Ստրազը, մոնտաժողը՝ Գերի Նայթը, ով յայտնի է բազմաթիւ յայտնի արուեստագէտների, այդ թւում՝ Մադոննայի հետ իր աշխատանքներով: Պարուսոյց- բեմադրիչը Նարինէ Սարգիսեանն է, պարային խորհրդատուն՝ Ռոբերտօ Ամարալը: Ֆիլմի երաժշտութիւնը Նիկոլաս Նէյդհարթինն է:
Շուրջ վեց րոպէ տեւող շարժապատկերի նկարահանումները տեւել են երկու տարի: «Մեծ պատասխանատուութիւն էի զգում, քանզի այս ֆիլմում հանդէս էի գալիս որպէս պարուհի, եւ ամբողջ սցենարը կառուցուած էր իմ կատարումների շուրջ: Նկարահանումներն անցկացուել են հինգ վայրերում, տարբեր եղանակային պայմաններում, եւ հիմնականում սկսուել են գիշերն ու տեւել 18 ժամ: Տեսարաններ ունենք անապատում, որտեղ ժամեր նկարահանումներից յետոյ, ձեռքերս ու ոտքերս այնպէս էին վնասուել, որ արիւնահոսում էին: Եղել են շատ ցուրտ օրեր, երբ անհնար էր թւում պարային շարժումներ անելը: Սակայն, քանի որ գլխաւոր դերում էի, ժամանակ չէի ունենում երկար հանգստանալու, այդ շրջանում էր նաեւ, որ հայրս ծանր հիւանդ էր, ու ֆիլմը իւրայատուկ սփոփանք էր իմ համար: Սա կարծես նաեւ խորհրդանշական էր, երբ նման հոգեվիճակում ներկայացնում էի կեանքն ու մահը», յիշում է Մարիամը:
Նա խոստովանում է, որ ֆիլմն առիթ տուեց իրեն լիարժէք ներկայանալու որպէս պարուհի: «Որպէս դերասանուհի, ես միշտ ցանկացել եմ ունենալ գոյներ, եւ ուրախ եմ, երբ հնարաւորութիւն է տրւում արտայայտուելու ե՛ւ պարի, ե՛ւ երգի միջոցով: Որպէս արուեստագէտ ինձ չեմ համարում միայն հայ եւ ընտրում եմ կերպարներ, որոնք ներկայացնում են նաեւ տարբեր ազգերի», նշում է Մարիամը, որ հանդէս է եկել «Չայնամեն՛զ Չենս», «Լոսթ Ուորիըր՝ Լեֆթ Բիհայնդ», «Մըսթըր Ֆիքս Ի»չ, «Ֆոլինգ Դաուն» եւ այլ ֆիլմերում:
Դերասանական գործունէութիւնը Մարիամը սկսել է երեք տարեկանից՝ Գիւմրիի Վարդան Աճէմեանի անուան պետական դրամատիկական թատրոնում: «Խորէն Աբրահամեանն էր մեր թատրոնի գլխաւոր ռեժիսորը, եւ երբ երեք տարեկանում մտայ թատրոն՝ «թունաւորուեցի» այդ հանճարեղ օդով, եւ մինչեւ հիմա ինձ պատկերացնում եմ միայն արուեստում», խոստովանում է Վարդանին: Միացեալ Նահանգներում նա կրթութիւնը շարունակել է «Եու.Սի.Էլ.Էյ.» եւ «ՔալՍթէյ»չ համալսարաններում, հանդէս է եկել թատրոնում ու կինոյում:
«Ինսինտիում» շարժապատկերի արտադրութիւնն աւարտուած է, եւ հանրութեանը, ինչպէս նաեւ տարբեր փառատօններում, կը ներկայացուի յաջորդ ամիս: