ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
«Փասիֆիք Բալէ» պարային թատրոնի ղեկավարներ Նատաշա Միդլետոնը եւ Ռուբէն Տօնոյեանը պատահականօրէն չէին ընտրել Կիրակի, Սեպտեմբեր 16ին, Գլենդելի «Ալեքս» թատրոնում ներկայացրած իրենց ելոյթի խորագիրը՝ «Խաչատրեանի Լաւագոյնը»։ Նաեւ կար ենթախորագիր. այն նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան յիշատակին։
Բալետային ներկայացումների մատուցումն ընթանում էր Արամ Խաչատրեանի յայտնի գործերի երաժշտութեան ընդմիջից, եւ, բնական է, ընտրուած էին լաւագոյն կատարումների ձայնագրութիւնները։ Նոյնիսկ առանց դիտելու բեմի վրայ տողանցող խմբերի պարերը, մի առանձին հաճոյք էր լսել այդ երաժշտութիւնը։ Ազգային առաջին բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների հեղինակը, հայկական կինօ-երաժշտութեան հիմնադիրը, Հայկական ՍՍՀ պետական հիմնի հեղինակը, ժողովրդական ե-րաժշտութեան տարրերը մտցնելով սիմֆոնիկ երաժշտութեան մէջ՝ դարձաւ այն նորարարը, որ կարողացաւ գրաւել ունկնդրի սիրտն ու հոգին թէ՛ հայրենիքում եւ թէ նրա սահմաններից դուրս։
Հիմնականում, Խաչատրեանի բալետային երաժշտութեան գործերով էին ընթանում ելոյթները, որոնք գնահատելու համար պէտք է ունենալ մասնագիտական պատրաստուածութիւն, սակայն ակնյա՛յտ էր սրահում հաւաքուած հանդիսատեսի ոգեւորութիւնը. նա ըմբոշխնում էր մատուցուածը եւ իր ջերմ ընդունելութեամբ վարձատրում էր արուեստագէտներին։
Իւրայատուկ մօտեցում էր Խաչատրեանի ոչ-բալետային ստեղծագործութեան պարային բեմականացումը։ Եթէ «Սպարտակ»ը, «Գայիանէ»ն, «Դիմակահանդէս»ը ունէին իրենց կատարողական բնօրինակները, ապա «Թաւջութակի կոնցերտ»ը, չունենալով իր այդ նախատիպը՝ վերածուել էր պարային ներկայացման՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան յիշատակին։ Քնարական բնոյթի թաւջութակի եւ նուագախմբի կոնցերտում, առանձնանում են փիլիսոփայական մտորումների պահերը։ Ե-րաժշտական քննադատները գրում են. «Այս երաժշտութիւնն ունկնդրի մօտ կարող է հիացում չառաջացնել, աւելի շուտ՝ այն անհրաժեշտ է հոգու եւ լսողութեան նուրբ աշխատանքն ըմբռնելու համար»։ Եւ այս գործիքային երաժշտութիւնը փոխակերպուել էր պարային բեմականացման, որ պատմում էր հայոց արհաւիրքի՝ Մեծ Եղեռնի մասին։ Չկային չափազանցութիւններ՝ երաժշտութեան բնոյթից ելնելով, եւ տպաւորիչ էր պատշաճ հանդերձանքով, դասական պարի շարժումներով զո՛ւսպ ներկայացումը, որն աւելի ազդեցիկ էր, քան՝ սովորական դարձած շռայ-լումները։
«Փասիֆիք Բալէ» պարային խմբի անհատական բեմադրութեան կատարումներն իրենց հիմքում, անշո՛ւշտ, ունէին սովետական պարարուեստի դպրոցի աւանդոյթները, մանաւանդ որ ղեկավարներն ու հիմնական պարողներն այդ դպրոցի շրջանաւարտներ են, սակայն կային նորարարական միտումներ՝ ելնելով մասնակիցներից մեծ մասի տարբեր բեմերում պարելու եւ տարբեր մշակոյթների հետ շփուելու իրականութիւնից, ըստ նրանց կենսագրական տուեալների։
Աննունե՞ր՝ շատ էին… դժուարանում ենք յիշելու, կամ էլ պիտի ընդօրինակէինք ծրագրից։ Սակայն բոլոր մասնակից հայ եւ ոչ հայ արուեստագէտները թող նոյնանան «Փասիֆիք Բալէ» պարային թատրոն անուան տակ եւ շարունակեն իրենց գործունէութիւնը՝ դասական արուեստով մարդկանց հոգիները ազնուացնելու շնորհակալ աշխատանքը։