ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».- Լրագրող Հռիփսիմէ Ջէբեջեան կը հաղորդէ, որ Երեքշաբթի, 7 Նոյեմբերին, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեան, անդրադառնալով կարիքաւոր ընտանիքներուն պետական նպաստներու բաշխման համակարգի հարցերուն՝ յայտնեց. «Լուրջ խնդիրներ կան համակարգում: Բնական է, որ մարզային կառոյցները, մարզպետին ենթակայ կառոյցները, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ղեկավարները ազդեցութիւն ունեն: Խնդիրներն աւելի են լրջանում, երբ որ մենք գնում ենք համայնքների խոշորացման: Մենք ունենք համայնքների խոշորացում եւ սոցիալական (ընկերային-Խմբ.) ծառայութեան տարածքային կենտրոնը ընկնելու է տարբեր համայնքների տիրոյթների մէջ»:
Աղուան Վարդանեան նշեց, որ տեղեկատուական միասնական համակարգը շատ էական է հասկնալու համար, թէ ընտանիքներու իրական եկամուտները որքան են՝ աւելցնելով. «Այսօր մենք ոչ միայն չունենք այս ընտանիքների եկամուտների իրական պատկերը, այլեւ հակառակ պատկերը չունենք»:
Աղուան Վարդանեան աշխատանքի եւ սոցիալական հարցերու նախարար Արտէմ Ասատրեանի ուշադրութիւնը հրաւիրեց հարցի մը վրայ՝ ըսելով. «Վերջերս մի առիթով տեսայ 2-3 սոցիալական ծառայութեան ղեկավարների. ես երկար տարիներ աշխատել եմ, նրանք չեն եղել համակարգում, մի տեսակ վախեցայ, սարսափեցի, երեւում է, ոնց որ մի 20 տարի այդ մարդիկ արդէն մնացել են՝ ծանրացած ու նրանց մէջ բան չի փոխուել: Եթէ կառավարութիւնն ուզում է փոփոխութիւն անել, պէտք է արմատական փոփոխութիւն անի, բերի երիտասարդների, նոր կադրեր (պաշտօնեայ, աշխատակազմ-Խմբ.), նոր մտածողութիւն բերի: Ամենաիդէալական պայմաններն էլ դնես՝ այդ մարդն իր աշխատելու ձեւերով է անելու»: