ՐԱՖՖԻ ԱՐՏԱԼՃԵԱՆ
Մայր Հայաստանը՝ Երեւանի թերեւս ամենաբարձր արձանը, իր բարձունքից ուշի ուշով հետեւում է թուրքական սահմանին: Ազգային այս խորհրդանիշը նոյն բազալտէ պատուանդանի վրայ փոխարինեց դաժան բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանին, վերջինիս մահից յետոյ: Յուշարձանը, որն իր մէջ կերպարանաւորում է խաղաղութիւնն ուժի միջոցով, կարծես Հայաստանի կանացի մարմնաւորումն է: Այն նաեւ կարող է դիտողին յիշեցնել աւելի քան մէկ դար առաջ երկարատեւ եւ արիւնալի հայկական ազատագրական շարժման մէջ կանանց ունեցած դերի մասին: Պայքար, որը 1375թ.ից, դարեր շարունակ պետականութիւնից զուրկ լինելուց յետոյ, ի վերջոյ յանգեցրեց 1918թ. Մայիսի 28ին Հայաստանի Առաջին հանրապետութեան ստեղծմանը:
Երկու տարուայ կարճատեւ կեանք ունեցած Հայաստանի Առաջին հանրապետութիւնը կանանց ընտրական՝ ընտրելու եւ ընտրուելու իրաւունքով օժտած առաջին պետութիւններից էր, նոյնիսկ աւելի վաղ, քան ԱՄՆի կանայք, որոնք ստիպուած էին սպասել մինչեւ 1920թ. ընդունուած տասնիններորդ սահմանադրական փոփոխութիւնը:
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի 105 պատգամաւորներից 19ը կին են: 1919թ. Առաջին հանրապետութեան 80 հոգանոց խորհրդարանում եւս կային կին պատգամաւորներ՝ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանը, Կատարինէ Զալեան-Մանուկեանը եւ Վարվառա Սահակեանը: Առաջին հանրապետութիւնը նաեւ տուել է արդի ժամանակաշրջանում առաջին կին հիւպատոսին (դիւանագէտ): Դիանա Աբգարը եղել է Ճապոնիայում Հայաստանի Առաջին հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը:

Այս յօդուածը նպատակ ունի ընդգծել «Ընտանեկան բռնութեան կանխարգելման եւ ընտանեկան բռնութեան ենթարկուած անձանց պաշտպանութեան մասին» օրէնքի նախագծի կարեւորութիւնը՝ որպէս կանանց հզօրացմանն ուղղուած առաջին քայլերից մէկը. թեմա, որն առաջնային դեր ունի 21րդ դարում Հայաստանի զարգացման հարցում: Օրինագիծը մշակուել է անցեալ տարի, ՀՀ Արդարադատութեան նախարարութեան կողմից, եւ վերջերս ներկայացուել խորհրդարան: Ակնկալւում է, որ այն քուէարկութեան կը դրուի մինչեւ 2017թ. տարեվերջ:
ՀՀ խորհրդարանում եօթ պատգամաւոր ունեցող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) պատգամաւորական խումբը ա-ջակցութիւն է յայտնել օրինագծի ընդունմանը՝ ակնկալուող որոշակի շտկումներից յետոյ: ՀՅն առաջարկուած օրինագիծը համարում է հասարակական արժէքային համակարգի կարեւոր մաս, որն անհրաժեշտ է առողջ հասարակութեան համար:
Վերջերս, ՀՅԴի ներկայացուցիչը, ներկայ գտնուելով Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած կանանց Սոցիալիստկան ինտերնացիոնալի (Սոցիալիստական ինտերնացիոնալին կից կուսակցութիւնների՝ սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ լէյբորիստական (աշխատաւորական-Խմբ.) կուսակցութիւնների կանանց կազմակերպութիւնների միջազգային կազմակերպութիւնը) խորհրդի համագումարին, հաստատեց իր աջակցութիւնը ամէնուր կանանց նկատմամբ բռնութեան վերացմանը:
Այս յօդուածը ժամանակակից հայկական ֆեմինիստական (կիներու շարժումի-Խմբ.) մանիֆեստ հռչակելու կամ հայկական կեանքում «ինքնութեան քաղաքականութեան» մէջ ներգրաւուելու փորձ չէ: Եթէ հայերը ձգտում են հաստատել արդար հասարակութիւն, ապա նրանք պէտք է անտարբեր չլինեն անարդարութեան հանդէպ եւ համակրանք դրսեւորեն փոխադարձ յարգանքի հարցում: Թէեւ հայ քաղաքական կեանքում կանանց օրակարգը ընդհանուր առմամբ մնում է չսահմանուած, բաւականին մասնատուած եւ երբեմն անտեսուած, դէպի հայ կանանց հզօրացում տանող ուղին հայկական քաղաքական օրակարգի անբաժանելի մասն է: Այս համատեքստում ժամանակակից հայ քաղաքական միտքը գենդերային (սեռային-Խմբ.) անհաւասարութիւնը պէտք է դիտարկի որպէս ուժերի անհաւասար բաշխման ուղղակի հետեւանք: Այն նաեւ պէտք է ներգրաւուած լինի՝ առաջին հերթին կենտրոնանալով կանանց եւ աղջիկների հանդէպ բռնութեանը վերջ դնելու վրայ:
ԵՐԵՔ ՆԿԱՏԱՌՈՒՄ
Նախ, ակնյայտ է, որ հասարակութեան մէջ կայ խնդիր, եւ Հայաստանում առկայ օրէնսդրական կարգաւորման դաշտը բաւարար չէ դրան համարժէք անդրադառնալու համար: Ընտանեկան բռնութեան դէմ կոնկրետ (յստակ-Խմբ.) օրէնքն անհրաժեշտ է՝ լրացնելու Ընտանեկան օրէնսգրքում եւ ՀՀ քրէական օրէնսգրքում առկայ դրոյթները: Այս համատեքստում մարդու իրաւունքների պաշտպանութիւնը կարեւոր է ոչ միայն այն դէպքում, երբ թեման բուռն քննարկումների առիթ է դառնում, այլեւ առաւել կարեւոր է այն դէպքում, երբ դրա շուրջ քննարկումներ չկան:
19րդ եւ 20րդ դարի սկզբին հայոց ազգային-ազատագրական պայքարում կանայք եւս զէնք են վերցրել:
Երկրորդ, կանանց իրաւունքները չպէտք է դիտարկուեն աշխարհաքաղաքականութեան տեսանկիւնից (այսինքն՝ տարածաշրջանային ուժերն ու Արեւմուտքը), որոնք երբեմն սխալ երանգ են հաղորդում այս հարցերին: Հայաստանի յետ-խորհրդային հասարակութեան մէջ շատերը դեռեւս կանանց Հասարա-կական կազմակերպութիւնների (ՀԿների) ջանքերը դիտարկում են որպէս օտարերկրեայ պետութիւնների կողմից ֆինանսաւորուող օրակարգ:
Չնայած արեւմտեան կառավարութիւններից եւ ոչ-կառավարական դոնորներից (նուիրատուներէ-Խմբ.) զգալի աջակցութիւն է ցուցաբերուել Հայաստանում ռիսկային (վտանգուած-Խմբ.) խմբում գտնուող կանանց աջակցող հայաստանեան ՀԿներին, այն միեւնոյնն է, չի տալիս պատկերի ամբողջութիւնը…
Թէեւ Հայաստանի ներառական արտաքին քաղաքականութիւնը ողջունելի է, հայ քաղաքական միտքը պէտք է տարբերակի գենդերային (սեռային, երկու սեռերուն վերաբերող-Խմբ.) քաղաքականութիւնը աշխարհաքաղաքականութիւնից:
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում կանանց շարժման փոքր, բայց դրական աճի միտում է նկատւում: Այնուամենայնիւ, Հայաստանը դեռեւս գտնւում է տնտեսական անցման փուլում, եւ քչերն են կարողացել ֆինանսական միջոցներ յատկացնել՝ աջակցելու կանանց հզօրացման ուղղութեամբ աշխատող ՀԿներին, ինչպէս նաեւ ընտանեկան բռնութեան զոհերի համար ապաստարաններ կառուցելուն: Այսօր ընդամէնը մի քանի նման ապաստարաններ գոյութիւն ունեն:
Այստեղ դեր ունի նաեւ Հայկական Սփիւռքը: Այնպիսի կազմակերպութիւնները, ինչպիսիք են Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ), որը հանդէս է եկել ընտանեկան բռնութեան օրինագծին լիովին աջակցող յայտարարութեամբ, կարող է աւելին անել: Նա կարող է, օրինակ, վերանայել իր ծրագրերը Հայաստանում եւ, ի լրումն մանկապարտէզի եւ մանկատան աւանդական ծրագրերի, միջոցներ յատկացնել այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են տարածաշրջանային ապաստարանները, որոնք անհրաժեշտ են նոր օրինագծին աջակցելու համար:
Հայ հասարակութիւնը չի կարող փոխակերպուել, եթէ չփոխուի այդ հասարակութեան մէջ կանանց դիրքը:
Երրորդ՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մէջ նշուած արժէքների համաձայն, ինչպէս նաեւ Հայաստանի կողմից ստորագրուած միջազգային պայմանագրերով սահմանուած կարգով, այսպիսի օրինագիծը լիովին օրինական է:
Հայաստանը ստորագրել է Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան (ՄԱԿ) Գլխաւոր ասամբլէայի (ժողովի-Խմբ.) կողմից 1979թ.ի Դեկտեմբերի 18ին ընդունուած «Կանանց նկատմամբ խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիան (համագումար-Խմբ.)», որը գործում է որպէս «կանանց իրաւունքների միջազգային օրինագիծ»: Որպէս Հայաստանի վերաբերեալ ՄԱԿի յանձնաժողովների հինգերորդ եւ վեցերորդ պարբերական զեկոյցների մաս՝ առաջարկութիւններ են արուել արագացնել «յատուկ կանանց նկատմամբ գենդերային բռնութիւնը քրէականացնող համընդգրկուն օրէնքի ընդունումը»:
Նման օրէնքը նաեւ համահունչ է ՀՅԴի տեսակէտներին եւ արժէքներին: Դեռեւս 1909ի սկզբին, իսկ յետոյ նաեւ Առաջին Հանրապետութիւնում, ՀՅԴն պաշտօնապէս աջակցում էր կանանց եւ տղամարդկանց հաւասարութեանը, կանանց քուէարկելու եւ ընտրուելու իրաւունքին եւ աշխատավայրում կանանց եւ երեխաներին վերաբերող այլ իրաւունքների:
ՀՅԴն իր պատմութեան մէջ բազմիցս աչքի է ընկել առաջադէմ արժէքների պաշտպանութեամբ: Այն արժեւորում է Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնները միջազգային հանրութեան առջեւ, հասկանալով, որ քաղաքակիրթ հասարակութիւնների մեծ մասը ընդունել են ընտանեկան բռնութեան կանխարգելման դէմ մեխանիզմներ (տե՛ս ՀՅԴ խորհրդարանական խումբի ներկայացուցիչի յայտարարութիւնը. «Մեր դաշինքը կ՛աջակցի այս օրէնքի ընդունմանը, քանի որ մենք աշխարհի մի մասն ենք»):
1919թ. Վաշինգտոնում հրապարակուած «Հայաստանի Հանրապետութիւն. Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան ճանաչման մասին յուշագիր, ներկայացուած Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան յատուկ առաքելութեան կողմից» մէջբերման մէջ նշւում է. «Հայաստանի իւրաքանչիւր չափահաս քաղաքացի հաւասարապէս իրաւունք ունի մասնակցել բոլոր ընտրութիւններին՝ անկախ սեռից, ռասայից կամ կրօնական պատկանելութիւնից»: ԱՄՆում կանայք ընտրութեան իրաւունքից զրկուած էին մինչեւ 1920թ.:
Հայաստանում ընտանեկան բռնութեան խնդիրը շարունակում է մնալ ազգային քննար-կումներու սահմաններում: Armenian Weekly-ում 2014թ. լոյս տեսած յօդուածում քննարկուել էր խնդրի լրջութիւնը, եզրափակելով. «Այս սարսափելի յանցանքի դէմ պայքարող նուիրեալ կանայք եւ տղամարդիկ օգնութեան կարիք ունեն»: Հայաստանում ընտանեկան բռնութեան կանխարգելման մասին օրէնքի ներդրումը Հայաստանի հասարակութեան տարբեր շերտերին հնարաւորութիւն է տալիս մասնակցելու այս գործընթացին: Այս դիսկուրսը պէտք է ներառի նաեւ Հայաստանի Սփիւռքին:
Հայաստանի Արդարադատութեան նախարարութեան ջանքերը, որն անցեալ տարի է մշակել այս օրինագիծը, պէտք է ողջունուեն յարատեւ արժէքների յարող կուսակցութիւնների կողմից, ինչպիսին ՀՅԴն է: ՀՅԴի համար ընտանեկան բռնութեան մասին օրէնքը իր հիմքում կարող է դիտարկուել որպէս սոցիալական արդարութեան հարց: Եթէ ընտանեկան բռնութեանը Հայաստանում շարունակաբար բաւականաչափ ուշադրութիւն չդարձուի, դա կը նշանակի, որ հայ հասարակութիւնը թերագնահատում է կանանց՝ (որոնք կազմում են Հայաստանի բնակչութեան մեծամասնութիւնը) որպէս քաղաքացիներ եւ մարդ արարած եւ ուղերձ է յղում, որ նրանք տղամարդկանցից աւելի քիչ արժէք ունեն: Դա իր հերթին, խարխլում է ողջ հայ հասարակութեան հիմքերը:
ԵԶՐԱՅԱՆԳՈՒՄՆԵՐ
Արդի հայ քաղաքական միտքը պէտք է վերակառուցի 1991թ. յետոյ, յետ-խորհրդային կոմունիստական անցումից ի վեր, այս հարցի շուրջ գոյութիւն ունեցող պահպանողական քննարկումնե-րը: Թէեւ հայաստանեան հասարակութեան մէջ գենդերային անհաւասարութեան խնդիրը բաղկացած է բազմաթիւ ենթախնդիրներից, հեղինակը վճռականօրէն հաւատում է, որ վերաբերմունքի փոփոխութիւնը պէտք է որեւէ տեղից սկսել: Հայաստանում ընտանեկան բռնութեան կանխարգելման մասին օրէնքը կարող է այդ առումով կարեւոր մեկնակէտ դառնալ:
Հայ պետական ազգայնականութեան նեղ յետ-խորհրդային տարբերակն ի զօրու չէ փոխարինել ազգային գաղափարախօսութեանը եւ ճշգրտօրէն արտացոլել հայկական աւանդական արժէքները: Գենդերային հաւասարութիւնը պէտք է արժեւորուի հաւասար հնարաւորութիւնների համատեքստում: Միջազգային հանրութիւնը «Կանանց նկատմամբ խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիա», Հազարամեակի զարգացման նպատակների եւ այլ պայմանագրերի ու պարտաւորութիւնների միջոցով, որոնց ստորագրող է հանդիսանում նաեւ Հայաստանը, ճանաչել է գենդերային հաւասարութեան ապահովման կարեւորութիւնը:
Հայկական պետականութեան հարիւրամեայ յոբելեանին ընդառաջ՝ արդի հայ քաղաքական միտքը պէտք է այս օրինագծից այն կողմ աւելի խորքային հարցերի լուծում տայ, օրինակ՝ ինչո՞ւ է Հայաստանն աշխարհում Չինաստանից ու Ադրբեջանից յետոյ զբաղեցնում երրորդ տեղը պտղի սեռով պայմանաւորուած աբորտների թուով: Արդեօք Հայաստանի կենսաթոշակային համակարգը պատշաճ ուշադրութիւն է դարձնո՞ւմ կանանց: Ինչո՞ւ է Հայաստանում գործազրկութեան մակարդակն աւելի բարձր կանանց շրջանում: Ինչպէ՞ս կարող են հայ կանանց ՀԿները աւելի սերտ փոխգործակցել իրենց գործունէութեան տարածքներում եւ նպաստել կանանց հզօրացմանն ու ինքնակառավարմանը գիւղական համայնքներում, որտեղ արտերկիր աշխատանքի մեկնելու հետեւանքով, բացակայում են մեծ թուով տղամարդիկ:
2018թ. շեմին հայկական քաղաքական միտքը պէտք է աւելի լայնախոհ լինի եւ տեսնի‘ ինչպէս կարող է կանանց աւելի լայն ներգրաւուածութիւնը նպաստել հայ հասարակութեան զարգացմանը:
Հայաստանի բնակչութեան աւելի քան 55 տոկոսը կազմող կանայք գրեթէ անտեսուել են որպէս կենսունակ տաղանդի աղբիւր: Հայ կանայք անցեալում աշխատել են տղամարդկանց կողքին, եւ նման աշխատանքը հիերարխիկ (նուիրապետական, պաշտօններու աստիճանաւորում ենթադրող-Խմբ.) չէր, քանի որ նախարդիւնաբերական շրջանում տղամարդիկ եւ կանայք աշխատում էին տներում ու յարակից տնտեսութիւններում: Հայ կանայք աշխատել են հագուստի, օճառի, մոմերի եւ այլ անհրաժեշտ կենցաղային ապրանքների արտադրութեան մէջ: Արդիւնաբերական յեղափոխութիւնից յետոյ արտադրութիւնը տնային տնտեսութիւններից տեղափոխուեց գործարաններ, հայ կանայք խորհրդային ժամանակաշրջանում հաւասար իրաւունքներ ունեցան թէ՛ աշխատանքի, թէ՛ կրթութեան բնագաւառներում, ունենալով նաեւ արտօնութիւններ (օրինակ, նախածննդեան եւ յետծննդեան արձակուրդ, ինչպէս նաեւ աբորտի օրինական իրաւունք 1920թ.ից ի վեր): Սովետական Հայաստանում կանայք չափազանց «նուրբ» չէին գործարաններում աշխատելու, յաջողակ ինժեներներ (ճարտարագէտ-Խմբ.) լինելու կամ Երկրորդ Համաշխարհային պատերազմին մասնակցելու համար:
1991թ.ից յետոյ Հայաստանի կանանց սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ փոխուեց, քանի որ Հայաստանի տնտեսութիւնը անկում ապրեց Խորհրդային Միութեան փլուզման հետ, նուազեցին աշխատատեղերն ու բարձրացաւ աղքատութեան մակարդակը: Շատ առումներով նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հապշտապ, անկանոն (եւ ի վերջոյ աղէտալի) մասնաւորեցման ջանքերը խորացրեցին Հայաստանի ապաարդիւնաբերականացումը: Որպէս Հայաստանի յետ-խորհրդային կլանային նէօ-կապիտալիզմի (նոր-դրամատիրութեան-Խմբ.) հետեւանք՝ շատ կանայք շարունակում էին կորցնել աշխատանքը, ինչը նպաստեց հայ հասարակութեան մէջ կանանց այսօրուա դէ ֆակտo (իրապէս, իրողապէս-Խմբ.) ցածր կարգավիճակին:
Բացի դրանից, գոյութիւն ունեն տարբեր այլ հանգամանքներ, որոնք այսօր խոչընդոտում են կանանց մասնակցութեանը Հայաստանի քաղաքական կեանքին: Դրանց թւում են գենդերային կարծրատիպերը, գենդերային դերերը, կանանց տնտեսական անկախութեան եւ սոցիալական կապիտալի (դրամագլուխի-Խմբ.) պակասը, ինչպէս նաեւ երկրում գերակշռող քաղաքական մշակոյթը: Հայ կնոջ դերը հասարակութեան մէջ կարծես նուազել է վատ կառավարման, օլիգարխների (սակաւապետներու-Խմբ.) ղեկավարման եւ անցած 25 տարիների սին պետական ազգայնականութեան ազդեցութեան ներքոյ:
2018թ. շեմին հայկական քաղաքական միտքը պէտք է աւելի լայնախոհ լինի եւ տեսնի՝ ինչպէս կանանց աւելի լաւ ներգրաւուածութիւնը կարող է նպաստել հայ հասարակութեան զարգացմանը:
Հայ ժողովուրդը արժէքաւոր հաւաքական նախագիծ է: Եւ այն ներառում է հասարակութեան բոլոր անդամներին: Մենք պէտք է հէնց հիմա գործենք, որպէսզի ըստ արժանուոյն գնահատենք այն զգալի եւ ակնյայտ փոփոխութիւնը, որ կանայք կարող են կատարել Հայաստանում: Մենք չենք կարող արդարացումներ փնտռել կամ նահանջել: Մենք չենք կարող պարզապէս հաւասարութիւն հռչակել եւ ակնկալել, որ խնդիրը կը լուծուի: Մենք պէտք է ստեղծենք անհրաժեշտ միջավայր, որտեղ կարող է ծաղկել հաւասարութիւնը:
Հայաստանում կանանց օրակարգի վերակենդանացումը կարող է լինել մեր կին խորհրդարանականներին եւ մեր առաջին հանրապետութեանը մատուցելիք յարգանքի լաւագոյն տուրքերից մէկը: 2018թ. հայերի համար ոչ միայն իրենց պետականութեամբ հպարտանալու տարի է: 2018թ. հայերը նաեւ նշելու են Հայաստանում կանանց քուէարկութեան իրաւունքի 100ամեայ յոբելեանը: Ընտանեկան բռնութեան մասին օրէնքը լուրջ եւ ուշագրաւ համազգային դիսկուրսի առիթ է բոլոր դասերի ու ծագման հայերի համար: Այն կարող է նաեւ խթան հանդիսանալ՝ սկսելու զբաղուել մշակութային եւ սոցիալական այն նորմերի հարցով, որոնք այլեւս դրական դեր չունեն հայ հասարակութեան համար:
– Յօդուածի հեղինակը ֆինանսների եւ տեխնոլոգիաների մասնագէտ է եւ սփիւռքահայ քաղաքական գործիչ, ով անկախացման տարիներից ի վեր Հայաստանում զբաղուել է հասարակական ձեռներէցութեամբ: Իրաւունքի եւ դիւանագիտութեան Ֆլետչերի դպրոցի եւ Շիկագոյի համալսարանի Բութի բիզնեսի դպրոցի շրջանաւարտ է:
ՍԱՐԳԻՍ ԵՒ ԷԼԻԶԱՊԷԹ ԹԱԹԻԿԵԱՆՆԵՐ
Թող իրականանան պահանջատէր հայի անկատար տենչերը այս Նոր Տարուն
Դոկտ. Եւ Տիկ. Տիրան Եւ Շաքէ Արոյեաններ
Կը Շնորհաւորենք Համայն Հայութեան
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Եւ Կը Մաղթենք Բոլոր Իղձերու Իրականացում
Տօնական Այս Օրերուն Մեր Լաւագոյն Մաղթանքները՝
Հայ Ժողովուրդին
Տոքթ. Խաչիկ Եւ Ինա Ռշտունիներ
Զաւէն Եւ Հալինա Պէրպէրեաններ Եւ Ընտանիք
Ջերմօրէն Կը շնորհաւորենք
ձեր Նոր Տարին Եւ Սուրբ Ծնունդը,
Մաղթելով Որ Իրականանան Ձեր Բոլոր Իղձերը