Վարեց՝ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Յարութ Մնացականեանը, որ այդ պաշտօնում նշանակուել է այս տարուայ Սեպտեմբեր ամսից, պաշտօնավարման նախորդ երեք ամիսները նուիրել է հիմնականում շրջանի խնդիրների ծանօթացմանն ու դրանց վերհանմանը:
«Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակուելուց առաջ, երկար տարիներ զբաղեցրել եմ Արցախի Ազատամարտիկների միութեան «Հայրենեաց պաշտպան» երիտասարդական կազմակերպութեան ղեկավարի պաշտօնը, եւ մենք բաւականաչափ ակտիւ (աշխոյժ-Խմբ.) մասնաճիւղ ենք ունեցել նաեւ Շահումեանի շրջանում, Քարվաճառ քաղաքում: Դրա շնորհիւ, շրջանի հետ միշտ կապ է եղել, ծանօթ եմ եղել շրջանի ակտիւ երիտասարդներին, բազմիցս եղել եմ նաեւ Քարվաճառ քաղաքում: Սակայն շրջանից տեղեակ եմ եղել այնքանո՛վ, որքանով կարող էր տեղեակ լինել երիտասարդական գործունէութեամբ զբաղուող մարդը: Չեմ կարող ասել, թէ շատ լաւ տիրապետում էի շրջանի տնտեսական վիճակին, զարգացման հնարաւորութիւններին… Եւ դա է պատճառը, որ նշանակումից անմիջապէս յետոյ, ես իմ ամբողջ ժամանակը տրամադրել եմ շրջանի հետ ծանօթանալուն. բազմիցս եղել եմ բոլոր համայնքներում, փորձել եմ բացայայտել շրջանի առջեւ ծառացած հիմնական խնդիրները, ինչպէս նաեւ՝ զարգացման հնարաւոր ուղղութիւնները», ասում է Մնացականեանը։
Ամփոփելով շրջանում երեք ամիսների աշխատանքն ու նաեւ անցնող 2017 թուականը՝ մեզ հետ զրոյցում Յարութ Մնացականեանը խօսեց արդէն իսկ իրականացուած մի քանի ծրագրերից։ «Այս ընթացքում իրականացուել են միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, մասնաւորապէս Քարվաճառ-Ծար հատուածում եւ Քարվաճառից մինչեւ Վարդենիս-Մարտակերտ մայրուղի իրականացուել են հողային աշխատանքներ: Ինչպէս նաեւ, աշխատանքներ են տարուել Վարդենիսից Քարվաճառ բերող ճանապարհին», նշեց մեր զրուցակիցն ու յաւելեց, որ շուտով կը թարմացուի նաեւ շրջանի, մասնաւորապէս՝ Քարվաճառ քաղաքի, ընդհանուր ինտերնետ (համացանցի-Խմբ.) կապը: Միւս համայնքներում եւս ինտերնետ հասանելիութիւնն ընդլայնուել է, շրջանում համացանցային կապ չունեցող միակ՝ Հաւսաթաղ համայքնը եւս շուտով կ՛ապահովուի ինտերնետով:
«Նախորդ երեք ամիսների ընթացքում աշխատել ենք ենթակառուցուածքների բնականոն ապահովման ուղղութեամբ եւ որոշակի յաջողութիւններ ունենք», ընդգծեց շրջանի վարչակազմի ղեկավարը:
Ապա խօսելով եկող՝ 2018 թուականի հիմնական ծրագրերից, մեր զրուցակիցը նշեց զարգացման մի քանի առանցքային ուղղութիւններ. «Յաջորդ տարի առաջնային է լինելու կոմունիկացիաների (հաղորդակցութեան միջոցներու-Խմբ.) եւ ենթակառուցուածքների բնականոն ապահովումը: Առաջնային ենք համարում միջհամայնքային ճանապարհները բարեկարգ վիճակում պահելը. դրան զուգընթաց, փորձելու ենք ճանապարհների քարապատման եւ սալապատման աշխատանքներ իրականացնել: Շինարարական ուղղութիւններից շատ կարեւոր է քաղաքի բարեկարգումը. փորձելու ենք Քարվաճառը մաքրել աւերակներից: Դա բաւականին աշխատատար, երկարատեւ եւ կազմակերպչական առումով բարդ գործընթաց է լինելու, սակայն այն պէ՛տք էր մի օր սկսել, եւ մենք այն սկսելու ենք հիմա՛: Աւերակներից մնացած պիտանի շինանիւթը կ՛օգտագործուի յետագայ շինարարական աշխատանքների համար եւս։
Շինարարական միւս կարեւոր ծրագիրը լինելու է շրջանում ընտանիքներին բնակարանային հարցով աջակցելը: Այն ընտանիքները, որ ցանկանում են սեփական տուն ունենալ եւ պատրաստ են իրենք էլ ներդրում անել, կը ստանան շինանիւթի մեծ մասը. տանիքի համար անհրաժեշտ փայտեր, ցեմենտը (թրծաշաղախ-Խմբ.) եւ շինարարական տեխնիկա: Այսպիսով, քաղաքացիները պէտք է միայն հետեւողական լինեն, մենք էլ վերահսկելու ենք, որ շինանիւթը նպատակային ծախսուի», ընդգծեց Յարութ Մնացականեանը:
Շարունակելով խօսել 2018ի հիմնական ծրագրերից՝ նա տեղեկացրեց, որ եկող տարի, ըստ նախնական պայմանաւորուածութեան՝ գարնանը, շահագործման է յանձնուելու Քարվաճառի հանքային ջրերի գործարանը. «Գործարանը շրջանում զբաղուածութեան խնդիր է լուծելու, ունենալու ենք 30-40 նոր աշխատատեղ։ 2018ը նաեւ շրջանում զբօսաշրջութիւնը զարգացնելու տարի է լինելու: Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղին մեր շրջանին զարգացման մեծ հնարաւորութիւններ է տուել: Այստեղ կարող ենք զարգացնել պատմամշակութային ուղղուածութեան զբօսաշրջութիւն՝ հաշուի առնելով Դադիվանք վանական համալիրը: Միւսն՝ առողջարանային տուրիզմն (զբօսաշրջութիւն-Խմբ.) է՝ հանքային տաք ջրերի շնորհիւ: Այս նպատակով, Զուար գիւղի խաչմերուկում նախագծւում է հիւրանոցի կառուցում. այլ հատուածներում եւս կը կառուցուեն հիւրատներ: Եկող տարի մեծ աշխատանք է տարուելու շրջանում բիզնես մթնոլորտի աշխուժացման ուղղութեամբ: Բացի նշուած ուղղութիւններից, աշխատելու ենք նաեւ շրջանի համար մէկ այլ՝ ոչ պակաս կարեւոր՝ գիւղատնտեսութեան զարգացման ուղղութեամբ», յայտնեց Մնացականեանը։
Ամփոփելով անցնող 2017 թուականը՝ շրջանի վարչակազմի ղեկավարն ընդգծեց, որ այն ձեռքբերումների տարի էր շրջանի համար: Նա ասաց. «Մեծ ձեռքբերում է միջպետական աւտոճանապարհի կառուցումը: Յաջորդը Ջերմաջուրի հիդրո-էլեկտրակայանի բացումն էր, որն այս պահին իր մեծութեամբ Արցախում երկրորդն է: Նշանակալի է Դադիվանք վանական համալիրի վերանորոգումը, եւ ամենակարեւորը՝ շրջանում տրամադրուածութեան փոփոխութիւնը, որը նոր ներդրումներ ու նոր ճանաչում է բերում Քարվաճառին»:
Շնորհաւորելով բոլորի գալիք տօները՝ շրջանի վարչակազմի ղեկավարը նշեց, որ ինքը հաւատում է Ձմեռ Պապիկին: «Նրանից առաջնային խնդրել եմ մեր երկրին եւ հայոց աշխարհին խաղաղութիւն, ինձ՝ որպէս ղեկավար, կա՛մք՝ բոլոր ծրագրերն իրականացնելու եւ այդ պատասխանատուութիւնը պատուով կրելու համար», ամփոփեց մեր զրուցակիցը: