Կենսառեսուրսների Գերշահագործման Մարտահրաւէրից Մինչեւ Սեւանի Ջրի Թափանցիկութեան Աննախադէպ Ցուցանիշ. Նախարարն Ամփոփեց Տարին
Վարեց՝ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Բնապահպանութեան ոլորտում նախարարութիւնն այս տարի մեծածաւալ աշխատանքներ է իրականացրել մի շարք խնդիրների ուղղութեամբ: Այնուամենայնիւ, մարտահրաւէրներ դեռ կան: «Արմէնպրես»ի հետ զրոյցում տարին ամփոփեց եւ առաջիկայ անելիքներից խօսեց ՀՀ բնապահպանութեան նախարար Արծուիկ Մինասեանը:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Մինասեան, «Դիլիջան ազգային պարկ»ում վերահսկողութիւնն այս տարի ուժեղացուեց, աշխատանքներում ներգրաւուեց նաեւ մասնաւոր հատուածը, ի՞նչ արդիւնքներ էք արձանագրել:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- «Դիլիջան ազգային պարկ»ը կենսաբազմազանութեան հարուստ միջավայր է, որտեղ անտառահատումը յանգեցնում է բացասական հետեւանքների: Պարկի պահպանութեան համար սկզբում աշխատում էին ժամը 9:00-18:00ն: Մենք փոխեցինք այս համակարգը, փորձնական ծրագրով ներգրաւեցինք նաեւ մասնաւոր հատուածին՝ Pantera security-ին, որն իրականացնում է 24ժամեայ պահպանութիւն: Ներգրաւեցինք նաեւ անձանց, ովքեր պէտք է օգնեն մասնաւոր հատուածին իրականացնելու իր լիազօրութիւնները: Միւս կողմից՝ չափազանց կարեւորուեցին ՀՀ նախագահի յանձնարարականները ողջ համակարգին, որ պէտք է բացառել ապօրինի ծառահատումները եւ ուժեղացնել պատասխանատուութեան մեխանիզմները (մեքենակառոյցները-Խմբ.): Այս երկու գործողութիւնների արդիւնքում մենք կարող ենք այսօր փաստել, որ ունենք որոշակի դրական տեղաշարժ: Աւելին՝ քրէական պատասխանատուութեան են ենթարկւում նաեւ պաշտօնատար անձինք՝ նաեւ բնապահպանութեան նախարարութեան նախկին տեսչական մարմնից: Ողջ պարկում լայնամասշտաբ ստուգումների արդիւնքում արձանագրուել է մօտ 10,000 ծառի հատում, որով շուրջ 1.6 մլրդ. դրամի վնաս է պատճառուել պետութեանը: Սա նաեւ ցոյց է տալիս, որ մենք հիմնաւոր վերանայում պէտք է իրականացնենք համակարգում:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ի՞նչ նոր քայլեր են նախատեսւում «Դիլիջան ազգային պարկ»ում :
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Ամենայն հաւանականութեամբ, կ՛ընտրենք կառավարման մի նոր մոդել: Առաջին անգամ 2018ից ներդնելու ենք աշխատակիցների կեանքի եւ առողջութեան ապահովագրութեան համակարգը, որպէսզի նրանք աւելի վստահ գործեն, գիտակցեն, որ իրենց աշխատանքային գործունէութեան ընթացքում կրած ցանկացած վնաս փոխհատուցուելու է: Մեզ աջակցելու են նաեւ միջազգային կազմակերպութիւնները: Համոզուած եմ, որ յաջորդ տարուայ կէսերին աւելի լաւ արդիւնքներ կարող ենք ներկայացնել:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Այս տարի բաւականին շատ էին հրդեհները, հնարաւոր բռնկումները կանխելու համար առաջիկայում քայլեր նախատեսւո՞ւմ են:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- 2017ը իսկապէս ռիսկային (վտանգ ներկայացնող-Խմբ.) էր հրդեհավտանգութեան տեսանկիւնից: Հրդեհների շատ դէպքեր բացայայտեցինք եւ փորձեցինք մեր ուժերի ներածին չափով հակազդել: Հրդեհները ձեւաւորեցին նոր մարտահրաւէրներ: Մենք ամբողջութեամբ պէտք է վերանայենք հակահրդեհային միջոցառումների կանխարգելման, արագ արձագանգման եւ հրդեհաշիջման համակարգը: Բոլոր յատուկ պահպանուող տարածքներում, առաջին հերթին արգելոցներում հակահրդեհային ծրագրով պէտք է ունենանք կանխարգելման միջոցառումներ: Պէտք է մշակենք գործողութիւնների ծրագիր: Արդէն կայ յանձնարարականը:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հրդեհից յետոյ Խոսրովի անտառի վերականգնման համար երկարատեւ աշխատանք է պահանջւում, այս աշխատանքներում միջազգային որեւէ կառոյցի համագործակցութիւն ակնկալւո՞ւմ է:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Առաջին պահից սկսած մենք փորձեցինք միջազգային կազմակերպութիւններին ներգրաւել այս աշխատանքներում: ԱՄՆի աջակցութեան թիմն արդէն երկրորդ այցելութիւնն է կազմակերպում Հայաստան եւ քննարկում երկու հիմնական հարց՝ վերականգնման շրջափուլում իրենց օժանդակութեան հնարաւորութիւնը եւ հակահրդեհային միջոցառումներում իրենց փորձագիտական տեսակէտը: Մասնագիտական եզրակացութիւնը տրուած է՝ արգելոցում մարդկային միջամտութիւնը պէտք է լինի նուազագոյնը: Առանձին տարածքներում որպէս գիտափորձնական հրապարակներ կարող են իրականացուել վերականգնման ծրագրեր: Այս ուղղութեամբ գործողութիւնները կ՛օգնեն ամենաշատը տուժած գիհի ծառատեսակի աւելի արագ վերականգնմանը: «Կովկասի բնութեան հիմնադրամին», «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին» արդէն դիմել ենք դրամաշնորհային աջակցութեան ծրագրերով տեխնիկական միջոցների ձեռք բերման համար: Կը լինեն արագընթաց հակահրդեհային մեքենաներ, նաեւ սարքաւորումներ, որոնք թոյլ կը տան ջրերի պահեստներ ձեւաւորել անհրաժեշտ վայրերում արագ հակահրդեհային գործողութիւններ իրականացնելու համար: Խոսրովի անտառի հիմնական խնդիրներից մէկը բջջային կապի բացակայութիւնն էր, ինչը նուազեցնում էր գործողութիւնների արդիւնաւէտութիւնը: Շուտով մենք կը ձեւաւորենք առնուազն 90 տոկոս տարածք ապահովող կապ: Դրոնային համակարգերի եւ տեսանկարահանող
սարքաւորումների միջոցով ուզում ենք նաեւ ընթացիկ դիտարկումներն ուժեղացնել, ինչը թոյլ կը տայ ցանկացած պահի բացայայտել եւ արձագանգել դէպքին: Մեր գործողութիւնների կարեւոր ուղղութիւններից է նաեւ Խոսրովի արգելոցի տարածքի ընդլայնումը: Օգնութիւն ենք ստանում «Կովկասի բնութեան հիմնադրամից», «Գերմանիայի միջազգային համագործակցութեան ընկերութիւնից», «Վայրի բնութեան համաշխարհային հիմնադրամից», նախատեսում ենք ստանալ նաեւ «Կանաչ կլիմայի հիմնադրամից»:
Իսկ հրդեհի առթիւ յարուցուած քրէական գործը գնում է իր ընթացքով, առաջիկայում, ամենայն հաւանականութեամբ, կ՛աւարտուի: Մենք քրէական հետապնդում իրականացնող մարմին ենք ներկայացրել բոլոր արբանեակային լուսանկարները՝ պատճառահետեւանքային կապը լիարժէք բացայայտելու համար:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Մինասեան, 2017ի ամենամտահոգիչ բնապահպանական խախտումը ո՞րն էք համարում:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Բոլորն էլ կարող են լինել, իւրաքանչիւր ոլորտում կարող ենք արձանագրել մասշտաբները: «Դիլիջան ազգային պարկ»ում, ինչպէս նաեւ «Հայ անտառում» իրականացուած գործողութիւնների արդիւնքում արձանագրեցինք մեծածաւալ յանցագործութեան դէպքեր: Ունենք նաեւ ապօրինի որսի շատ դէպքեր: Այս տարի առաջին անգամ աննախադէպ մի բացայայտում իրականացրեցինք՝ Խոսրովի անտառի յարակից հատուածում 500ից աւելի կարմրախայտ ձկնատեսակի ապօրինի որս:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ոլորտում այս տարուայ բացթողումներից եւ ձեռքբերումներից որո՞նք կ՛առանձնացնէք:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Կենսառեսուրսների գերշահագործումը շարունակում է մնալ մեր առաջին մարտահրաւէրը: Մենք ունենք օդային եւ ջրային ռեսուրսների աղտոտուածութեան մարտահրաւէր, օրինակ՝ «Նաիրիտ»ի հրդեհը եւ Մասիսի տարածաշրջանում ջրային համակարգերում անթոյլատրելի ծաւալով արտանետումները: Սակայն այս տարուայ ամենամեծ մարտահրաւէրները հրդեհներն էին: Խոշոր ձեռքբերումներից կ՛առանձնացնեմ բնապահպանական, սոցիալական (ընկերային-Խմբ.) եւ տնտեսական շահերի համատեղումը՝ ի դէմս Շաքիի ջրվէժի: Մենք փոխեցինք ջրօգտագործման թոյլտուութեան համակարգը, որով ՀԷԿի շահագործողը այլեւս չի ապահովի էլեկտրաէներգիայի ստացում ի հաշիւ ջրվէժի: Պահպանելով բնապահպանական նորմերը՝ տարածքը պէտք է դարձնել ռեկրէացիոն (հանգիստի-Խմբ.) լաւագոյն գօտիներից մէկը: Երկրորդ կարեւոր ձեռքբերումը փոփոխութիւններն են անտառային կառավարման համակարգում: Այս տարուայ փոփոխութեամբ անտառները կառավարուելու են բնապահպանութեան նախարարութեան մօտեցումներին համահունչ: Դա նշանակում է, որ առաջնորդող ուժը լինելու են ոչ թէ տնտեսական շահը կամ սոցիալական խնդիրները, այլ բացառապէս բնապահպանական կանոնները: Կարեւոր ձեռքբերում էր նաեւ ջրաւազանային երկու կառավարման պլանների (ծրագիրներու-Խմբ.) հաստատումը: Դրանք թոյլ կը տան այսուհետեւ ոչ թէ կամայականօրէն որոշել այս կամ այն կազմակերպութեան ջրօգտագործման թոյլտուութեան հարցը, այլ յստակ կառավարման պլանով:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- ՄԱԿի՝ կլիմայի փոփոխութիւնների վերաբերեալ շրջանակային կոնվենցիայի (համագումարի-Խմբ.) շրջանակում ասուել էր, որ Հայաստանում անտառային տարածքները պէտք է ընդլայնուեն, ինչպէ՞ս եւ ի՞նչ դրամաշնորհների հաշուին:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Այդ նպատակի համար գումար ներգրաւելու ենք գրեթէ բոլոր դրամաշնորհներից: Նախարարութեան համար հնարաւոր բոլոր աջակցութեան սխեմաներում ներառելու ենք անտառների վերականգնմանը եւ անտառածածկ տարածքների ընդլայնմանն ուղղուած կոնկրետ (յստակ-Խմբ.) քայլեր: Մենք նաեւ ձգտելու ենք միջազգային կազմակերպութիւններից ստանալ մասնագիտական խորհրդատուութիւն՝ ինչպէս անել, որպէսզի մեր ռելիեֆին (մակերեւոյթ-Խմբ.) համապատասխան անտառածածկ տարածքներ ունենանք:
Այս տարի կնքել ենք 30 մլն. դրամի դրամաշնորհային ծրագրեր, որոնք առաջիկայ տարիներին պէտք է իրականացուեն: Առաջիկայում «Գերմանական միջազգային համագործակցութեան ընկերութիւնից» սպասում ենք մօտ 2 միլիոն եւրոյի չափով դրամաշնորհային մի ծրագրի, որն ուղղուելու է անտառամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Մինասեան, իսկ էկոտուրիզմի (բնապահպանական զբօսաշրջութիւն-Խմբ.) զարգացման տեսանկիւնից ինչպիսի՞ն է վիճակը եւ ի՞նչ քայլեր են նախատեսւում:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Մենք Հայաստանի բնութեան պետական թանգարանում ձեւաւորել ենք կառոյց, որը պէտք է համախմբի եւ համակարգի բնութեան յուշարձանները եւ յատուկ պահպանուող տարածքների տեսարժան վայրերը, դրանք փաթեթաւորի եւ ներկայացնի տուրիստական կազմակերպութիւններին: Սերտ աշխատանք են իրականացնում նաեւ Հայաստանի զբօսաշրջութեան պետական կոմիտէի հետ: Եւ առաջիկայում տեսարժան վայրերի եւ յատուկ պահպանուող տարածքներում մշակութային եւ բնութեան յուշարձանների վերաբերեալ իրականացնելու ենք գովազդային քարոզարշաւ ֆիլմերի ներկայացման տեսքով: Նախատեսւում է, որ յաջորդ տարի յատուկ պահպանուող բոլոր տարածքների համար պէտք է ունենանք առնուազն 2-3 փաթեթ, որոնք պէտք է առաջարկուեն թէ՛ միջազգային, թէ՛ տեղական շուկայում: Էկոտուրիզմի զարգացման համար հսկայական հնարաւորութիւններ ունենք նախ մեր բնակլիմայական եւ աշխարհագրական տեսակէտից: Մեր հիմնական խնդիրը որոշակի ենթակառուցուածքների բացակայութիւնը եւ եղածը ճիշդ չփաթեթաւորելն է: Այս երկու ուղղութեամբ էլ լինելու են մեր անելիքները 2018ին:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Որո՞նք են լինելու 2018ի առաջնային քայլերը:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Առաջին կարեւոր գործողութիւններից մէկը «Հայանտառ»ի կարողութիւնների հզօրացումն է յատուկ պահպանուող տարածքների հետ միասին: Արթիկում պէտք է ստեղծենք անտառաշերտ, որպէսզի բացառենք հեղեղների եւ այլ տարերային աղէտների հետեւանքով հնարաւոր վնասները: Կը ստեղծուեն նոր դենդրոպարկեր (ծառակեաց պարկեր-Խմբ.), «Ջերմուկ» ազգային պարկը, «Տաթեւ» ազգային պարկը: 2018ին աւելի շօշափելի արդիւնքներ կ՛ունենանք: Նպատակն է մինչ 2022 թուականն ունենալ կայուն գործող ազգային պարկեր եւ յատուկ պահպանուող տարածքներ: Նախատեսում ենք նաեւ օրէնսդրական փոփոխութիւններ, որոնք դեռ մշակման փուլում են: Մեր նպատակն է Հայաստանը ներդրումային առումով դարձնել առաւել գրաւիչ տարածք: Չափազանց կարեւոր է նաեւ Սեւանի մակարդակի բարձրացման հիմնախնդիրը: Յաջորդ տարի մենք պլանաւորում (կը ծրագրենք-Խմբ.) ենք ունենալ Սեւանի ջրաւազանային կառավարման պլանի հետազօտութիւններ, ինչը թոյլ կը տայ ջրի մակարդակի բարձրացման նիշն աւելի առարկայական դարձնել: Ամենախոշոր դրական արդիւնքն այս տարի այն էր, որ ունեցանք ջրի թափանցիկութեան այնպիսի ցուցանիշ, որը չէր արձանագրուել վերջին 80 տարիների ընթացքում: