ԴԱՒԻԹ ՇԻՐԻՆԵԱՆ
«Ուժեղները, մինչեւ հասնեն յոյսի դռանը,
հասնում են իրենց նպատակին:
ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ
Արժէքներ կան, որոնց մասին խօսելիս միտքդ պայծառանում է: Այդպիսին է հայրենիքը: Ուզես թէ չուզես այն քոնն է ազգանուանդ պէս:
Մենք ուրիշ խմորից ենք, նման ենք միայն մեզ եւ անաւարտ այս պատերազմում ապրում ենք առանց ահի: Յաղթանակի տենդով չենք տառապում, մեր նպատակը խաղաղ հայրենիքում ապրել ու արարելն է, ուրիշ ոչինչ:
Թոնրատանը գիւղի կանայք հաւաքուել, հաց են թխում: Գիշերը կայծակը վնասել է հացի փռի էլեկտրալարերը: Մինչ սարքեն՝ խմորը կը փչանայ: Հիմա գիւղի կանայք հաւաքուել, հաց են թխում՝ գիւղի հացը:
– Դիրքերից, փառք Աստծու, վատ լուր չկայ: Ուրեմն աշխոյժ թխենք, որ հացն աւելի համով լինի:
Տղերքը ձուկ բռնելու գնացին: Թոնրի հաց, Թարթառի ձուկ ու արցախեան գինի: Աշխարհում սրան ոչինչ չի հասնի:
Կէսօրին հաւաքուել, քէֆ ենք անում, յիշում տղաներին, անպայման յիշում, ու վայ սեղանապետին, եթէ մի կենաց ուշացնի: Մէկը տեղից վեր կը կենայ, իր բառապաշարով կենաց կը խմի, բոլորը կը միանան նրան ու… սեղանապետն այլեւս սեղանապետ չէ:
Վարդենիս-Մարտակերտ մայրուղին Գետաւանով է անցնում: Հիմա գառն էլ է ծախւում, հնդկահաւն էլ, մեղրն էլ: Շատ ունենաս՝ աղքատ չես լինի:
– Հա՛, մեղր ասացիր, յիշեցի, խօսքդ մեղրով կտրեմ, էս մի բաժակն էլ՝ դիրքերում կանգնած մեր երեխեքի կենացը:
Երեխէք, որ այնքան էլ երեխէք չեն: Որ հայրենիք են պահում ու փառքով են պահում:
Երեւան ենք հրաւիրուած, ընկերոջս տղայի ծնունդն է: Գառ, օղի, պանիր ու մեղր կը վերցնենք, կը գնանք: Մի լաւ քէֆ կ՛անենք ու իրենց էլ կը զարմացնենք մեր ուտեստ-նուէրներով:
Ապրիլեան պատերազմում ցուցաբերած արիութեան համար գիւղի տղերքից ութը «Արիութեան» մեդալ է ստացել: Չէ՛, էդ մասին չենք խօսի: Անյարմար է:
Օրը թեքուել է: Հնձած խոտը պիտի հաւաքենք՝ անձրեւը չփչացնի: Ու քէֆչիներով գնում ենք ի գործ:
Էս տարի կարկուտը շատ վնաս տուեց, մնացինք դրսից բերուողի յոյսին: Դուրսը արտասահմանը չէ, Վարդենիսն է ու Վարդենիսից այն կողմը:
Իրիկունը յոգնած, «խաչմերուկում» հաւաքուել, ասում-խօսում ենք:
– Գերեզմաններ տանող ճանապարհը սելաւը քշել է, մեքենան տակը խփում է: Գումար հաւաքենք, սարքենք:
– Գումար լինի՝ ձեռքով էլ կը սարքենք:
– Վաղը հաւաքուենք, խելք խելքի տանք, մի բան անենք:
Էդ «վաղն» այս էլ քանի՛ տարի օդում կախուել, ո՛չ վար է ընկնում, ո՛չ վեր:
– Դիրքերից ի՞նչ կ’այ:
– Փառք Աստծու: Բարի գիշեր:
Տարեցները՝ քնելու, ջահելները համակարգչի առաջ «դիրքաւորուելու» են գնում, կանայք… Անտէր «Իչան» տեսնես ո՞ւր մնաց:
– Աղջի, ասում են Վանշը վերակենդանանում է, ախր «դիակը մեր ձեռքով վառեցինք»:
– Չգիտեմ, ես չեմ նայում:
– Ես էլ: Ասում են:
Ու աստղերը վերեւից նայում, ժպտում են, իրենք էլ չհասկանալով, թէ՝ ինչու:
Մարտակերտի շրջան,
գ. Գետաւան
Three Locations to serve you
1111 S. Glendale Ave.
Glendale, CA
818-956-6636
1776 E. Washington Blvd.
Pasadena, CA
626-398-3999
2424 Ball Road, Anaheim, CA
714-995-6663
========================================
ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ՎՐԷԺ ԵՒ ԱՐՄԻԿ ԹՈՄՊՈՒԼԵԱՆ
ՍԻՆԹԻԱ ԵՒ ՍԻԼՎԻԱ
Կը Շնորհաւորեն Իրենց Յարգոյ
Յաճախորդներուն,
Ազգականներուն
Եւ Բարեկամներուն
ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴԸ
VREJ PASTRY
www.kingofpastry.com
1074 North Allen Ave.
Pasadena, CA
626-797-2331
11148 Balboa Blvd.
Granada Hills, CA
818-366-2526