ԴԱՒԻԹ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ
Ամէն առաւօտ աչք բացելուց արցախցի մամիկն օրհնանքի խօսքերով է դիմում իր պաշտպանին. «Աստուած պահապան դիրքապահ հայ զինուորին»: Տեղեկանալով, որ գիշերը խաղաղ է անցել սահմանում եւ կորուստներ չեն եղել, Աստծուց խնդրում է, որպէսզի խաղաղութեամբ օծուեն լուսաբացները: Սակայն աղէտալի լուր առնելով առաջնագծից, տակնուվրայ է լինում սիրտը նրա, անխօս արտասւում է գնդակից խոցուած իւրաքանչիւր զինուորի համար (որդեկորոյս մայրերին նա կը հասկանայ)…
23 տարի առաջ հրադադար աղերսող հակառակորդը, որ հայ զինուորի բազկի ուժից տագնապահար ճողոպրել էր իր երկրի խորքերը եւ դռնեդուռ ընկած միջազգային ամենատարբեր հարթակներում միջնորդներ էր որոնում կռիւը կանգնեցնելու համար, կարծես մոռացել է իր կրած խայտառակ պարտութիւնը եւ լկտիացած աւագ եղբօր՝ Թուրքիայի հովանաւորութիւնից, գրեթէ ամէն օր սադրիչ գործողութիւններով առաջնագծում սրում է իրավիճակը, սպառնում «ռազմական ճանապարհով լուծել խնդիրը»:
Անկանխատեսելի է Ադրբեջանն ու արկածախնդիր, ինչպէս նրա ղեկավարը, ով հսկայական գումարներ ծախսելով նոր զէնքերի եւ սպառազինութիւնների ձեռքբերման համար, կործանման է տանում սեփական երկիրը՝ պատերազմի կոչերը շուրթերին: Նա չի հրաժարւում ուժով Արցախին տիրելու խելացնոր մտադրութիւնից: Եւ 2016ի ապրիլեան պատերազմից դասեր չքաղելով ու մնալով անպատիժ՝ վերստին սանձարձակ է դարձել եւ շարունակ տորպեդահարում (կը խափանէ-Խմբ.) է բանակցութիւնները, անտեսում երկխօսութեան ցանկացած առաջարկ, փոխարէնը՝ իր երկրում աւելի ընդլայնելով հակահայկական քարոզչութիւնն ու թշնամանքը:
Արցախցին, որ չի հանդուրժել օտարների լուծը, երբեք չի հպատակուել թուրք-ազերիներին եւ մշտապէս ընդդիմացել է ստրկացմանն ու բռնութիւններին, չունի այսօր ձեռք բերած մէկ այլ բացառիկ արժէք, քան ազատութիւնն է, իր երկրի անկախութիւնը: Ենթարկուելով ծանր փորձութիւնների եւ զրկանքների՝ նա բազմիցս է ապացուցել նախընտրած ճանապարհը վստահ շարունակելու եւ ազատագրական պայքարը համայն հայութեան աջակցութեամբ վերջին հանգրուանին հասցնելու իր կամքը՝ ամէն ինչից վեր դասելով ազգային արժանապատուութիւնը:
Հայ ժողովուրդը երբեք այնքան միասնական եւ համախմբուած չի եղել, որքան ապրիլեան պատերազմի օրերին էր, երբ մեր հայրենակիցներն օգնութեան ձեռք էին մեկնում Արցախին, զօրակցում՝ ինչով կարող էին: Հարիւրաւոր կամաւորականներ եկան ու կանգնեցին դիրքապահ զինուորի կողքին, իրենց ներկայութեամբ քաջալերեցին եւ ոգեւորեցին նրան՝ բազմապատկելով ուժն ու կորովը: Մեր 18-20 տարեկան կորիւններն իրենց խիզախութեամբ եւ հերոսութեամբ արժանի հակահարուած հասցրին թշնամուն՝ ստիպելով նահանջել ելման դիրքեր: Ցաւօք, դաժան մարտերում նաեւ անդառնալի կորուստներ ունեցանք, եւ ցաւից չեն սպիանայ որդեկորոյս մայրերի վէրքերը:
Սահման պահող տղերքը, համալրելով նորօրեայ հերոսների շարքերը, արժանապատուօրէն շարունակում են իրենց առաքելութիւնը՝ երբեք չկորցնելով զգօնութիւնն ու աչալրջութիւնը: Հայ զինուորը, խաղաղ լուսաբացներ ապահովելով իր ընտանիքի, հայրենիքի համար, երազում է, որպէսզի հայոց օջախները շէն ու հաստատ մնան եւ մանուկների ժպիտները ցրեն բոլոր-բոլոր պատրանքները: Նա հաւատում է նաեւ, որ մի օր Արցախի երկնակամարում յայտնուելու է այն հրաշք աղաւնին, որ իր ճերմակ թեւերին խաղաղութիւն է բերելու Հայոց աշխարհին:
Արցախեան ազատամարտը, անկախ զբաղմունքից եւ նախասիրութիւններից, խոր հետք է թողել իւրաքանչիւր հայի վրայ, առաւել եւս, երբ նա ստեղծագործում է: Իմ ապրումներն ու մտորումները, յուսախաբութիւններն ու ոգեւորութեան հասնող լարուածութիւնը գեղարուեստական խօսքի ուժ են ստացել, զետեղուել արձակ եւ չափածոյ ստեղծագործութիւններում: Իսկ Արցախեան ազատամարտի հերոսներին նուիրուած իմ շուրջ երկու տասնեակ բանաստեղծութիւնները հայ երգահանների կողմից վերածուել են երգերի («Աւօ», «Բեկոր» «Եւ այր մի սպարապետ», «20 գարուն», «Վերջին Մարտը», «Ռեքվիեմ» եւ այլն):
Վերջերս գրուած «Ձեզ այցի կը գամ լուսաբացին» բանաստեղծութիւնը, որ նուիրել եմ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջեանին, նոյնպէս երգի է վերածուել, ու երգում են ՊԲ զօրամասերում, դպրոցներում՝ խնկարկելով նրա պայծառ յիշատակը:
Յաճախ եմ այցելում Այգեստանում գտնուող իմ հայրական օջախը, ուր անցել է մանկութիւնս: Տարեց պապենական թթենին օգնում է ինձ նորոգելու ուրախ ու տխուր օրերի իմ յիշողութիւնները, զրուցելու այգու ծառերի, վարդի թփերի հետ, նրանցից առնելու աւանդապաշտ ծնողներիս կարօտը, որոնց իմաստուն խորհուրդներին ունկնդիր՝ շարունակում եմ քայլել նրանց ոտնահետքերով, զօրացնելով իմ հովիտը՝ առ Հայրենիք: Այստեղ՝ Արցախիս սրբացած հողում է գտնւում իմ տունուտեղը, որից թանկ բան չկայ ինձ համար աշխարհում: Ու երկրի սահմաններն անառիկ պահող զինուորի ճակատը համբուրելով՝ ամէն առաւօտ աղօթում եմ, որ նա անփորձանք իրականացնի իր զինուորական ծառայութիւնը եւ հարազատ օջախի գիրկը վերադառնայ:
ք. Ստեփանակերտ
«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»