ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Իրանի հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանի Յունուարի 8ին հանդիպել է երկրի տնտեսութեան նախարարի եւ նախարարի տեղակալների հետ:
Անդրադառնալով վերջին օրերի ընթացքում երկրում տեղի ունեցած զանգուածային բողոքի դէպքերին՝ նախագահը նշել է, որ ոմանք փորձել են չարաշահել բողոքի դէպքերը. «Սակայն ժողովուրդն արդարացիօրէն պահանջում է տեսնել ու լսել իրեն, եւ կատարել իր պահանջները», ասել է Ռոհանին:
«Այսօր մեր պարտականութիւնն է ծառայել, երկրին, մշակոյթին, կրօնին, յեղափոխութեանը, պատմութեանն ու գալիք սերունդներին: Կարող ենք ասել, որ այսօր կերտում ենք ապագայ սերունդների վաղուայ օրը», նշել է նա:
Խօսելով վերջին օրերի դէպքերի մասին՝ նախագահը նշել է, որ դրանում կար հիմնական մի խնդիր, որին, դժբախտաբա՛ր, նուազ ուշադրութիւն են դարձրել ռադիօ-հեռուստատեսութիւնն ու այլ ԶԼՄները (Զանգուածային լրատուական միջոցներ-Խմբ.), եւ որը չափազանց կարեւոր է երկրի երկարատեւ խաղաղութեան, կայունութեան ու անդորրի համար: «Դա մեր՝ պատասխանատուների, եւ նոր սերնդի միջեւ գոյութիւն ունեցող խզումն է: Այսօր նոր սերունդը չի մտածում այնպէս, ինչպէս մենք ենք մտածում: Աշխարհի եւ կեանքի հետ կապուած նոր սերնդի հայեացքները տարբերւում են մեր հայեացքներից, եւ սա հիմնական խնդիր է, որն անհրաժեշտ է կարգաւորել», ընդգծել է Իսլամական հանրապետութեան նախագահը:
Նա նաեւ բոլորին կոչ է արել սեփական ապրելակերպը չպարտադրել ապագայ սերունդներին. «Խնդիրը գոյանում է նրանում, որ մենք փորձում ենք մեր ապրելակերպը պարտադրել գալիք սերունդներին, այն դէպքում, երբ չենք կարող նրանց փոխարէն որոշում կայացնել, նրանց պարտադրել որոշակի ապրելակերպ՝ ստիպելով, որ սա՛ է ուղին», ասել է նախագահը՝ նշելով, որ նոր սերունդի խօսքն ու պահանջը յստակ է՝ ես հասկանո՛ւմ եմ, ասելի՛ք ունեմ, ստիպուա՛ծ էք լսել ինձ: Իսկ ժողովուրդն էլ, ըստ նրա, յստակ հասկացնել է տուել, որ նոյնպէս ունի ասելիք, որին անհրաժեշտ է լսել, եւ որ կարեւոր է գործադրե՛լ այն:
Եթէ երկրի մեծամասնութիւնը կազմում է նոր սերունդը, դա նշանակում է, որ ստիպուած ենք կատարել մեծամասնութեան պահանջը», յստակացրել է Ռոհանին՝ յաւելելով, որ բոլոր տեղերում էլ կան անձինք, որոնք փորձում են չարաշահել հասարակական դժգոհութեան ալիքը:
Նա նշել է, որ երկրում քննադատութեան հետ կապուած չկայ որեւէ բացառութիւն, եւ կառավարութիւնն ընդառաջ է գնում քննադատութեանը. «Եթէ քննադատութիւնը կառուցողական է, դա ենթադրում է յստակ լուծումներ, ապա՝ այն օգտակար է», ասել է նախագահը:
«Քննադատութիւնը ժողովրդի իրաւունքն է, որովհետեւ նրանք են երկրի տէրը: Մեր՝ պատասխանատուների, հպարտութեան պատճառն այն է, որ մենք այս ժողովրդի ներկայացուցիչներն ենք ու նրանց վստահուած անձը: Ուստի, նրանք իրաւունք ունեն վերահսկել մեր գործունէութիւնն ու հարկ եղած դէպքում՝ քննադատե՛լ», նշել է նա՝ յաւելելով, որ պէտք չէ անտեսել ո՛չ ոքու եւ ոչնչի, քանզի դա ամենավտանգաւոր մօտեցումն է:
Անցեալ օրերի դէպքերը փորձառութիւն էր ժողովրդի եւ նոր սերնդի համար, որոնք պահանջում են աւելի լաւ ապրելակերպ: Ոմանք կարծում են, թէ ժողովուրդը միայն նիւթական լաւ վիճակ է ցանկանում: Սակայն կա՞յ արդեօք ոեւէ մէկը, որը կը ցանկանայ ամսական ստանալ ինչ որ շօշափելի գումար, իսկ փոխարէնը՝ զրկուած լինի համացանցից, կամ տնից դուրս որոշակի սահմանափակումների ենթարկուի եւ չկարողանայ արտայայտուել: Միթէ՞ կարելի է ժողովրդի ազատութիւնը գնել փողով: Ինչո՞ւ են ոմանք սխալ մատնանշումներ անում. սա ժողովրդի նկատմամբ անյարգալից վերաբերմունք է», յատուկ ընդգծել է Ռոհանին՝ յիշեցնելով, որ ժողովուրդն ունի որոշակի պահանջներ, որոնք պէտք է իրագործուեն:
«Եթէ գիտակցենք եւ ընդունենք, որ ժողովուրդն է երկրի տէրը, ապա բոլոր խնդիրները կը կարգաւորուեն», եզրակացրել է նախագահը: