ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յայտարարեց անդրազգային յանցաւոր խումբի մը բացայայտման մասին: Խումբը Հայաստանի տարածքին իրականացուցած է օտարերկրեայ քաղաքացիներու անօրինական փոխադրութիւնը դէպի Իրան, այնուհետեւ՝ Թուրքիա:
ԱԱԾ հաղորդագրութեան համաձայն՝ «մասնաւորապէս, 2017 թուականի Յունուար-Յունիս ամիսների ընթացքում բացայայտուել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատուածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 եւ Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դէպք:
«Իրականացուած գործողութիւնների արդիւնքում պարզուել է, որ այդ ապօրինի սահմանահատումները կազմակերպել են Իրանում եւ Թուրքիայում բնակուող նոյն անձինք: Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրեայ քաղաքացիները ժամանել են Հայաստան, այնուհետեւ տաքսի ծառայութիւններ մատուցող ազգութեամբ հայ վարորդները, հիմնականում գիշերային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապէս հայ-իրանական սահմանագծի մօտ՝ կազմակերպիչների կողմից նախապէս մատնանշուած վայր, որտեղից էլ յանցաւոր խմբի անդամներից մէկը, կտրելով պետական սահմանի ինժեներատեխնիկական (ճարտարգիտական-ճարտարուեստական-Խմբ.) կառոյցների փշալարերը, սահմանախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուրքիայ տեղափոխելու համար:
Քրէական գործով 6 անձ ներգրաւուել է որպէս մեղադրեալ, նրանցից 3ի վերաբերեալ քրէական գործը մեղադրական եզրակացութեամբ ուղարկուել է դատարան, իսկ 3ի նկատմամբ՝ յայտարարուել հետախուզում…
Իրականացուած գործողութիւնների արդիւնքում 2017 թուականի Դեկտեմբերի 22ին եւ 26ին, 2018 թուականի Յունուարի 15ին եւ 19ին յիշեալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձերը կանխուել են:
Վերջիններիս ինքնութիւնը պարզելու եւ Հայաստանի պետական սահմանի անձեռնմխելիութեան նկատմամբ յետագայ յանցաւոր ոտնձգութիւնները կանխելու նպատակով Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից մշակուել է յատուկ միջոցառումների ծրագիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հայաստանում գտնուող եւ Ինտերպոլի գծով հետախուզուող Իրանի քաղաքացու ապօրինի սահմանահատման նախապատրաստական գործողութիւնների եւ պետական սահմանի ապօրինի հատման նախանշուած վայրի մասին, իրանական կողմից սահմանախախտին դիմաւորող անձին հէնց յանցանքի կատարման վայրում բռնելու նպատակով դէպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները եւ ձերբակալել իրանական կողմից պետական սահմանն ապօրինի հատած՝ անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղուող Իրանի քաղաքացուն:
«Տուեալ քրէական գործով արդէն իսկ 7 անձ ներգրաւուել է որպէս մեղադրեալ, նրանցից 4ի նկատմամբ խափանման միջոց է կիրառուել կալանաւորումը»: