ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
19րդ դարից մեզ հասած «Զարթիր Լաօ» հայկական ժողովրդական երգը նորովի է մատուցել ամերիկահայ երգչուհի Մարիա Քոզեթը: Այն աւելի մեղմ է հնչում, մեղեդային, ինչպէս բնօրինակը, որ ստեղծուած է աւանդական օրօրների նմանութեամբ, սակայն հիմնական նպատակն է՝ արթնացնել, ոտքի հանել լաոյին (մանչին):
«Այս երգը ինձ համար շատ հոգեհարազատ է, որովհետեւ մանկուց այն մշտապէս իմ համար երգում էր մեծ մայրս՝ Սիրանոյշ Յակոբեանը, եւ յորդորում, որ ես էլ երգեմ: Կատարումս նուիրել եմ նրա յիշատակին, եւ միաժամանակ, ցանկանում էի այն ծանօթացնել մեր նոր սերունդներին: Աշխարհասփիւռ հայ պատանիներն ու երիտասարդները յաճախ չէ, որ ծանօթ են մեր ժողովրդական, ազգային երգերին, այնինչ, այս երգն օրինակ, անհրաժեշտ է որ իմանան, քանզի այն մեր ազգային ինքնութեան մաս է դարձել: Իմ կողմից, առաւել զգայական, խնդրում եմ լաոյին, որպէս հայ երիտասարդի հաւաքական կերպար, որ զարթնի, տէր կանգնի մեր հայրենիքին, պատմութեանը, մշակութային ժառանգութեանը», մեկնաբանում է Քոզեթը:
Օրեր առաջ թողարկուած երգն արդէն մեծ արձագանգ է գտել աշխարհի տարբեր անկիւններում: Մարիայի խօսքով, տեսահոլովակի դիտումները հասնում են մի քանի հազարի, սոցիալական էջերում այն տարածւում է արագութամբ: «Այս երգի կատարումը մեծ պատասխանատուութիւն էր ինձ համար, եւ բազմաթիւ դրական մեկնաբանութիւնները Աւստրալիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից եւ տարբեր այլ երկրներից, աշխատանքիս լաւագոյն գնահատականն էին: Ունկնդիրներիս շարքում շատ են նաեւ օտարեկրացիները, որ յաճախ են հարցնում, թէ ինչի մասին է երգը: Եւ սա լաւագոյն առիթն է խօսելու մեր պատմութեան ու մշակոյթի մասին, ներկայացնելու մեր ազգին», ուրախութեամբ նշում է Մարիան:
Մարիա Քոզեթի հնչիւնաւորմամբ ու ոճաւորմամբ «Զարթիր Լաօ» երգի ստեղծմանը մասնակցել են յայտնի եւ տաղանդաւոր երաժիշտներ՝ թաւջութակահար Արտեոմ Մանուկեանը, կիթառահար Օրբէլ Բաբայեանը: Երգը կարելի է լսել YouTube կայքում. https://www.youtube.com/watch?v=m11PCVFX9mc