ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Հանրայայտ է, թէ պետականութեան կորուստը հայ ժողովրդի համար եղել է հետագայ աղէտների ու պատմութեան թատերաբեմում ետնամաս շպրտուելու հիմնական պատճառ: Հայաստանը դուրս է սահել պատմութեան մայրուղուց եւ դարեր ընթացել է քովնտի արահետներով, դժուար ու քարքարոտ կածաններով։
Յայտնի է նաեւ, թէ հայ ժողովուրդը որքա՛ն արիւն է յեղել, որքա՛ն ճիգ ու եռանդ է ներդրել պետականութեան վերականգնման ի խնդիր: Պետականութեան կորուստը հայ ազգային նկարագրի ձեւի եւ բովանդակութեան խեղում է առաջացրել, հայը շատ բան մոռացել է եւ նիրհի երկարատեւ մի ժամանակաշրջան ապրելու որպէս արգասիք՝ շատ բան բթացել է նրա գիտակցութեան մէջ, քուն է մտել, սակայն չի մեռել: Օրինակ կարելի է բերել հանրածանօթ երգի բառերը. «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներէն, Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զէնքի շաչիւնէն»: Երգի երկրորդ տողը հնչում է որպէս ռազմարուեստին հմուտ եւ ռազմիկ ժողովրդի գիտակցութեան խորքերից եկող զարթօնքի կոչնակ. զէնքին սովոր, բայց նրանից զրկուած ժողովրդի սիրտը միայն կարող էր թնդալ զէնքի շաչիւնից:
Հայ ժողովուրդը պետականութեան բացակայութեան պայմաններում ռազմարուեստի խոշորագոյն դէմքեր ծնեց՝ Լազար Սերեբրեակով (Ղազար Արծաթագործեան) եւ Միքայէլ Լոռիս-Մելիքով, Բարսեղ Բեհբութով, Արշակ Տէր Ղուկասով, Արմենակ Խանփերեանց, Յովհ. Բաղրամեան, Յովհ. Իսակով եւ ուրիշներ, սակայն չունեցաւ հայկական ռազմական դպրոց, որովհետեւ չունէր պետականութիւն եւ բանակ:
Նոյն պատճառով, մենք չենք կարողացել դիւանագիտական դպրոց ստեղծել, թէեւ ունեցել ենք լաւ դիւանագէտներ, որոնք առաւելապէս ծառայել են այլ երկրների. այնքան փառաբանուած Բիւզանդական կայսրութեան տուել ենք հայ դիւանագէտ կայսրեր, ունեցել ենք անհատ դիւանագէտներ, ինչպէս՝ Յովհ. Խան Մասեհեանը, որ Իրանի դեսպան էր Անգլիայում, դիւանագիտական որոշ գործունէութիւն ենք ծաւալել մեր եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների միջոցով, եւ վերջապէս Խորհրդային Հայաստանի ղեկավարների դիւանագիտութեան շնորհիւ երբեմն ազգային հարցեր ենք լուծել Մոսկուայի հետ: Վերոնշեալ ազգային դիւանագիտական դպրոց չունենալու հանգամանքը հիմք է ծառայել տարածուն մի մոլորութեան, թէ մենք դիւանագէտ ազգ չե՛նք, չենք կարողացել դիմակայել, որովհետեւ ի շարս այլ պատճառների՝ դիւանագիտական կարողութիւններ չենք ունեցել: Մինչդեռ իրականութիւնն ա՛յլ է: Ինչպէս ռազմարուեստի զարգացման եւ ռազմական դպրոցի ստեղծման, այնպէս էլ դիւանագիտութեան ձեւաւորման եւ դիւանագիտական դպրոցի հիմնադրման նախապայմանը՝ պետութեան բացակայութիւնը, արգէլք է եղել նաեւ այս ոլորտի զարգացման համար: Ի դէպ, ե՛ւ ռազմական, ե՛ւ դիւանագիտական դպրոցների հիմնումն ու զարգացումը երկար ժամանակ է պահանջում:
Նշուած մոլորութեան հետեւանքով, մենք շարունակում ենք գերագնահատել այլոց, այդ թւում՝ մեզ հարեւան երկրների, դիւանագիտութիւնը, փոխանակ սեփական սխալների կողքին խորապէս ուսումնասիրենք, ինքներս մեզ ու նաեւ մեզ շրջապատող ոչ թշնամի երկրներին ներկայացնենք Հայաստանի հանդէպ իրենց իսկ գործած դիւանագիտական սխալները: Խօսքը Բիւզանդիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի մասին է, որոնք լուրջ վնասներ են հասցրել մեր երկրին, եւ, ինչ որ տեղ, նրանցից ոմանք շարունակում են սխալ եւ անհեռատես քաղաքականութիւն վարել: Երկար ու ձիգ դարերի ընթացքում Հայաստանը վահանի դեր է կատարել մեզ դրացի երկրների համար՝ յաճախ իր վրայ վերցնելով թշնամիների առաջին հարուածները: Թւում է, որ նշուած երկրները լաւ չեն կարդացել եւ շարունակում են սխալ կարդալ քարտէզը, այլապէս՝ Հայաստանին հարուածելու փոխարէն պիտի ձգտէին ամրացնելու այն, գէթ սեփական շահերից ելնելով:
Մէկդի թողնենք արդէն անցեալ դարձած Բիւզանդիային, որի պատճառով է նաեւ, որ Թուրքիան այսօր տիրում է Փոքր Ասիային, Ռուսաստանին, Իրանին, եւ վերցնենք Վրաստանի օրինակը: Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժամանակ, Վրաստանը պատերազմ հրահրեց Հայաստանի դէմ եւ թշնամական կեցուածք որդեգրեց նրա հանդէպ՝ փորձելով խեղդել օրհասական վիճակում գտնուող Հայաստանին եւ մի կտոր հող էլ իրեն սեփականել. չէ՞ որ ծառն ընկած էր, իսկ կացնաւորները՝ շա՛տ, չէ՞ որ հաւատացած էր եւ չարախնդօրէն յայտարարում էր, թէ Հայաստանը վերջացած երկիր է: Եթէ այս իրողութեան մօտենանք բարոյական դիտանկիւնից, ապա այն վրաց պատմութեան ամօթալի էջն է, եւ որի համար Վրաստանը միայն շիկնել կարող է: Իսկ էթէ իրողութեան մօտենանք քաղաքական տեսանկիւնից, ապա պիտի արձանագրենք, որ այն անհեռատե՛ս էր: Այդ կարճատես քաղաքականութեան շարունակութիւնը տեսնում ենք այսօր, երբ Վրաստանը անթոյլատրելիօրէն մերձ յարաբերերութիւններ է մշակում Թուրքիայի հետ, լուրջ սպառնալիք ստեղծելով ո՛չ միայն Հայաստանի, այլեւ ո՛ղջ տարածաշրջանի համար: Չլինի Հայաստանը՝ չի լինի եւ Վրաստանը: Սա պէտք է լաւ հասկանան մեր հարեւան երկրում:
Չլինի Հայաստանը՝ դարբասները շռնդալից կը բացուեն Թուրքիայի առջեւ, եւ նա չի վարանի բախելու Ռուսաստանի դռները, իսկ Իրանը ցամաքային ճանապարհով մեկուսացման կ՛ենթարկուի եւ կը յայտնուի կրօնակից, բայց ո՛չ բարեկամ երկրների օղակում:
Ուստի, այսօր, երբ Հայաստանը պետական մակարդակով դիւանագիտական յարաբերութիւններ ունի աշխարհի երկրների հետ, եւ ձեւաւորւում է հայկական դիւանագիտական դպրոցը, քրտնաջան աշխատանք պէտք է տարուի ցոյց տալու համար Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարեւորութիւնը՝ տարածաշրջանի եւ, աւելի՛ մեծ հաշուարկով, նաեւ աշխարհի համար, երբ մղուող արդի պատերազմներն իրենց խորքում նաեւ քաղաքակրթական շերտ ունեն:
Ձերբազատուենք եւս մէկ մոլորութիւնից. չգերագնահատենք այլոց հեռատես քաղաքականութիւնը, որ յաճախ շատ է կարճատես, եւ չմտածենք, թէ հայ ազգը դիւանագիտութեան ոլորտում հմուտ եւ օժտուած չէ: Ինչպէս թերագնահատումը, այնպէս էլ գերագնահատումը վտանգներ ծնող մօտեցումներ են: Գնահատենք ռազմարուեստի ու քաղաքական արուեստի կարեւորութիւնը եւ խրախուսենք մեր երիտասարդ սերնդին՝ ընտրելու նաեւ ա՛յս կարեւոր ասպարէզները, յանուն այսօրուայ եւ վաղուայ Հայաստանի: