ԼՈՒՍԻՆԷ ԱՐՇԱԿԵԱՆ
2017 թուականը Գաբի Գալոյեանի համար բուռն ստեղծագործական տարի էր՝ ձեռքբերումներով ու նուաճումներով լի:
Երգչուհին «Հայաստան» նախագծով գերեց եւ հմայեց երաժշտասէր ու երաժշտագէտ հասարակութեանը: Աւագ գործընկերներն արտայայտուեցին ու գովեստի խօսքեր հնչեցրին երիտասարդ երգչուհու հասցէին՝ ասելով, որ նա ունի կիրթ խօսք, աստուածատուր ձայն եւ պատուով է կրում ժողովրդական-ազգային երգի կատարողի անունը:
Ուսումնասիրելով նրա ստեղծագործական ուղին՝ նկատեցինք, որ Գաբի ունակ է անընդհատ սովորելու, պեղելու, վերծանելու արուեստի այն ճիւղի գաղտնիքներն ու գոհարները, որոնց կատարումը՝ արտադրող Կարպիս Թիթիզեանի ընտրութեամբ, իրե՛ն է վստահւում: Դրա վառ օրինակը Կիլիկիոյ շրջանի՝ Մուսալեռի-Քեսաբի բարբառով երգն էր, որն օւացիաներով (ծափողջիւններով-Խմբ.) ընդունուեց Սեպտեմբերին՝ երեւանեան իր մենահամերգի ժամանակ: Մօտ երկու ժամ տեւողութեամբ, կենդանի նուագակցութեամբ, Գաբի Գալոյեանը ցնծացրեց հրաւիրեալ հանդիսատեսին:
Աղջկական նուրբ կերպար ու ծանր, հուժկու, մետաղեայ ձայն: Բնութեան զարմանալի, հրաշագեղ ստեղծագործութիւն, յիրաւի սա՛ է գրաւականը յաղթանակի, թէեւ պէտք է նշենք, որ մենահամերգից յետոյ նրան շնորհուեց երիտասարդ սերնդի «ոսկէ ձայն» անուանումը:
Երեւանեան մենահամերգը դեռ միայն սկիզբն էր, որին յաջորդեցին Հանրապետութեան հրապարակի համերգի մասնակցութիւնը՝ ՀՄԸՄական մարզախաղերի 10րդ միջոցառման բացման առիթով, այնուհետեւ հրաւէր Մոսկուայից՝ ամէնամեայ «Տաշիր շոու»ին ներկայանալու:
Ամանորի գիշերը Գաբի Գալոյեանը նուագախմբի հետ Դուբայում էր, ուր տօնական երեկոն անմոռանալի էր գեղեցկուհի երգչուհու շնորհիւ: Սուրբ Ծնունդին արդէն իսկ Բէյրութում երկրպագուները կարօտած սպասում էին վայելելու հայ երգը: Ակամայ ուրախանում ես, որ նա չի կատարում կոմերցիոն երգեր, այլեւ հնչեցնում է ակունքային երաժշտութիւն՝ նոր շնչով, իր կերպարով մարմին ու կեանք է տալիս մոռացութեան մատնուող մեր գանձերին, այսպիսով աշխարհասփիւռ հայութեան հայեացքը ուղղելով մեր արմատական, ժողովրդական, ազգագրական ու հայրենասիրական երգերին:
Ռազմավարութի՛ւն կայ նրա արուեստի, աշխատելաոճի մէջ, որը սերմանում է պրոդիւսեր Կարպիս Թիթիզեանը:
ՀԱՐՑՈՒՄ.- Դուք փայլուն մենահամերգով ելոյթ ունեցաք Երեւանում, կա՞յ տուեալ համերգի DVD տարբերակը:
ԳԱԲԻ ԳԱԼՈՅԵԱՆ.- Այո՛, ի հարկէ կայ: Ահռելի աշխատանք էր կատարուած, որպէսզի մնայուն, արժէքաւոր գործ ունենայինք. բոլորս ամենայն պատասխանատուութեամբ ուղղակի նուիրուել էինք այդ գործին:
ՀԱՐՑՈՒՄ.- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։
ԳԱԲԻ ԳԱԼՈՅԵԱՆ.- Նուագախմբի հետ միասին համերգային շրջագայութեան ենք մեկնելու Փետրուարի 24ին Բէյրութ, ապա Ռուսիոյ Տուլա քաղաքից կ՛ուղեւորուենք Լոս Անջելոս, որտեղ առաջին անգամ Մարտի 25ին ելոյթ կ՛ունենանք ամերիկաբնակ հանդիսատեսի առջեւ. այնուհետեւ՝ Մարտի 31ին, Սան Ֆրանսիսկոյում կը լինենք, սիրով հայ երգը կը մատուցենք այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, ապա Մայիս 13ին կը մասնակցեմ Հայաստանի առաջին հանրապետութեան հռչակման 100ամեակին նուիրուած միջոցառմանը՝ Մոնթրէալում:
Ծանրաբեռնուած, խիտ գրաֆիկով աշխատող երգչուհուն մաղթում ենք, որ նա հայ երգը շարունակի ապրեցնել ու տարածել Երկիր մոլորակի ամէն անկիւնում, ուր գէթ մէկ հայ կայ: