ՎԱԶԳԷՆ ԱԲՈՎԵԱՆ
Երեքշաբթի, Փետրուարի 27, մենք ընբոշխնեցինք գրող, բանասիրական գիտութիւնների դոկտոր պրոֆեսէօր, Հայաստանի Հանրապետութեան պետական մրցանակի դափնեկիր Արտէմ Յարութիւնեանի հանդիպումը Լոս Անջելեսի գրական հասարակայնութեան հետ: Հանդիպումը նախաձեռնել եւ կազմակերպել էր գրող, արուեստաբան Նաթելլա Լալաբեկեանը: Արտէմ Յարութիւնեանի ելոյթը տեղի ունեցաւ Բըրբանկ քաղաքում, առաջնորդարանի հիասքանչ եկեղեցու ամենագեղեցիկ գողտրիկ դահլիճում:
Երիտասարդ, բարձրահասակ հոգեւորական տէր Ներսէսի օրհնական խօսքից եւ աղօթքից յետոյ Նաթելլան հակիրճ եւ բազմաբովանդակ կերպով ներկայացրեց եւ խօսեց բազմավաստակ եւ գերարդիական բանաստեղծ, գրականագէտ հայ մշակոյթի մէջ նոր երեւոյթ Արտէմ Յարութիւնեանի մասին: Նա Յարութիւնեանի պօէզիան համեմատեց Ներուդայի, Էլիոտի, Սանգուինետտիի եւ այլ եւրոպական յայտնի պօէտների հետ:
Յետոյ խօսեց բանաստեղծ Գրիշ Դաւթեանը եւ բազմակողմանի ներկայացրեց Արտէմ Յարութիւնեանի անցած գրական ուղին, յատկապէս շեշտելով մարդու վիճակի եւ ժամանակակից կեանքի իւրօրինակ փոխյարաբերութիւնները նրա պօէզիայում:
Այնուհետեւ կարծես կիսաթռչելով, ոտքաթաթերը կարծես յատուկ տեղեր դնելով բեմին մօտեցաւ մեր Արտէմ Յարութիւնեանը: Արտէմը մի քանի ղարաբաղեան կայծակնային, թեւաւոր կատակներ նուիրելով ներկաներին բերկրանքի ալիք եւ երջանիկ ծիծաղներ ստեղծեց նրանց մօտ: Արտէմը սկսեց արտասանել եւ կարդալ իր ստեղծագործութիւնները: Արտէմի բանաստեղծական համեմատութիւնները թափանցում են մեր կեանքի բոլոր երեւոյթների մէջ, ինչպէս կայծակը լուսաւորում է երկնքի մի փոքր հատուածը եւ թռչում երկնքի մի ծայրից մի այլ անտեսանելի ծայր: Արտէմը արտասանում է որեւէ բանաստեղծութիւն եւ յանկարծ որոշ ներկաներ բերկրանքից եւ հիացմունքից սիրոյ խօսքեր են արտասանում եւ յղում Արտէմին եւ դահլիճին: Եւ Արտէմը, ոգեւորուած եւ էներգաւորուած, դահլիճի արձագանգը, անմիջապէս կարծես ձուլում է իր կողմից արտասանուող բանաստեղծութեան հետ, ստեղծում է մի կենդանի երեւոյթ դահլիճում, անսպասելի հիասքանչ շարժապատկեր, գրաւելով բոլորի սիրտը, բոլորին դարձնելով երեւոյթի մասնակիցներ:
Նա հմայում է ներկաներին իր ամենապարզ բառերով եւ ամենացայտուն խօսքերով, մանկական անմիջականութեամբ, իր կեցուածքով, շարժ եւ ձեւով: Նրա արտասանութեան պրոցեսը դառնում է մի կենդարի երեւոյթ, կեանքի ընթացք, մի ներկայացում, որտեղ բոլոր ներկաները երեւոյթով տարուած ապրում են եւ հիանում, որը շատ աւելին է քան պօէզիան:
Երկրորդ մասը սկսուեց հանրաճանաչ երգչուհի Անահիտ Ներսիսեանի գեղեցիկ երգի կատարմամբ:
Խօսք վերցրեց նաեւ «Արմինիըն Օբզըրվըր» (Armenian Observer) լրագրի երկար տարիների խմբագիր, գրող, հրապարակախօս Օշին Քեշիշեանը: Նա խօսեց Արտէմ Յարութիւնեանի ստեղծագործական արժանիքների, նրան բնորոշ գեղարուեստական նուաճումների, իւրայատուկ խորաթափանց տեսիլային աշխարհի մասին, որը այսօր եզակի երեւոյթ է Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս:
Վերջում ամփոփիչ խօսքով ելոյթ ունեցաւ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը: Նա Արտէմ Յարութիւնեանին անուանեց նոր մարդու բարդ ներաշխարհը պատկերող ստեղծագործող նոր դարաշրջանի բանաստեղծ:
ՎԱԶԳԷՆ ԱԲՈՎԵԱՆ՝ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան Վարչութեան Անդամ, Գրող