ԵՐԵՒԱՆ.- «ՄԱԿի բնակչութեան հիմնադրամը իրականացրել է բնակչութեան թուաքանակի կանխատեսում, եւ ըստ այդ կանխատեսման՝ մինչեւ 2050 թուականը ՀՀում 65 տարեկան եւ աւելի տարիքի բնակչութեան թուաքանակը կը հասնի գրեթէ 22 տոկոսի, որը շատ մտահոգիչ թիւ է», «Առաջին Լրատուական»ի հետ զրոյցում ասաց ՄԱԿի Բնակչութեան հիմնադրամի «Օժանդակութիւն բնակչութեան հարցերով քաղաքականութիւնների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Յովհաննիսեանը: Նրա խօսքով՝ այս ֆոնին նուազում է նաեւ ծնելիութեան թիւը, այդ տենդենցը (միտումը-Խմբ.) պահպանուելու է նաեւ առաջիկայ տարիներին:
Աննա Յովհաննիսեանի խօսքով՝ ծնելիութեան նուազման տենդենցը նկատւում է դեռեւս 1990ական թուականներից: Պատկերը փոխելու համար, մեր զրուցակցի խօսքով, կառավարութեան հետ համատեղ բազմաթիւ քայլեր են ձեռնարկում, մշակում են ռազմավարութիւն, ազգային ծրագիր, որը ներառելու է կոնկրետ (յստակ) քայլեր:
Մեր դիտարկմանը, թէ այս ֆոնին նախադրեալներ կա՞ն 2040 թուականին Հայաստանի բնակչութիւնը հասցնելու 4 միլիոնի, տիկին Յովհաննիսեանը նկատեց. «Այո, ժողովրդագրական պատկերը շատ մտահոգիչ է, արտագաղթի տեմպը՝ նոյնպէս, բնակչութեան ծերացումը նոյնպէս խնդիր է, բայց մենք այս բոլոր հարցերի շուրջ ինտենսիւ (լարուած-Խմբ.) աշխատում ենք կառավարութեան հետ: 4 միլիոն բնակչութիւն ունենալը շատ լաւ ուղենիշ է: Կոնկրետ նպատակ կայ, որի ուղղութեամբ աշխատում ենք: Մենք օգտագործում ենք 4 միլիոնը որպէս յստակ ուղենիշ», ասաց Յովհաննիսեանը: