««Միացում» Հին Կարգախօսին Տալ Նոր Բովանդակութիւն»
Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Արցախեան շարժման 30ամեակի կապակցութեամբ «Ապառաժ»ը զրուցել է Ստեփանակերտի «Աշխարհ» ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն, ռազմական եւ ազգային անվտանգութեան խնդիրների փորձագէտ, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի խորհրդական Հրաչեայ Արզումանեանի հետ:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան շարժումը հայ ժողովրդի իդէալների իրականացման տեսանկիւնից:
ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Մենք պէտք է հասկանանք, որ այն, ինչ տեղի է ունեցել 1988 թուականին՝ արտայայտուելով «Միացում» կարգախօսով, ունի շատ խոր արմատներ: Արցախեան շարժումը Մեծ Եղեռնի եւ 20րդ դարում ընդունուած որոշումների հետեւանք է, երբ Թուրքիայի ազդեցութեան տակ բոլշեւիկ-քեմալականները Արցախը եւ Նախիջեւանը յանձնել են Ադրբեջանին: Հայ ժողովրդի դարերով կուտակուած՝ պետականութիւնը վերականգնելու ցանկութիւնը, յոյսը եւ կամքն արտայայտուեցին 1988 թուականին:
Հայութիւնը գիտակցում էր, որ Արցախի հայութեանը սպասւում է Արեւմտեան Հայաստանի հայութեան ճակատագիրը: Այդ իսկ պատճառով Արցախի առջեւ դրուած էր երկու նպատակ՝ Արցախի հայութեան փրկութիւնն ու Արցախի միացումը Հայաստանին:
Փորձի պակասութեան եւ ճակատագրի բերումով որոշուեց, որ այդ նպատակներին կարելի է հասնել միայն հայկական 2 պետութիւնների միջոցով: Ճանաչուած-չճանաչուած՝ երկրորդական խնդիր էր: 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ յաջողեցինք: Այսօրուայ դրութեամբ մենք ունենք երկու պետութիւն, երկու կառավարման համակարգ, բայց իրականում մենք ունենք դէ ֆակտօ (փաստօրէն-Խմբ.) մէկ Հայաստան: Հայաստանն ու Արցախն ունեն միասնական զինուած ուժեր, ազգային անվտանգութեան համակարգ, միասնական ֆինանսական եւ ընկերային-տնտեսական ոլորտ, կրթական համակարգ եւ այլն: Կարելի է ասել, որ 95 տոկոսով միացումը տեղի է ունեցել:
Արցախեան շարժումն ապացուցեց, որ մենք ի վիճակի ենք դնել համաժողովրդական խնդիրներ եւ լուծել դրանք: Արցախեան շարժումը եւ յաղթանակը առաջընթաց եւ փոփոխութիւն դարձաւ հայութեան համար: Հայ ազգի միասնութիւնը տեղի էր ունենում միայն վէրքի, աղէտի եւ այն յիշատակի շուրջ, որ մեզ կոտորել են: Արցախեան շարժումը եւ յաղթանակը կոտրել են այդ կարծրատիպը: Մենք հասկացանք, որ կարող ենք լինել ոչ միայն զոհի դերում, այլ ի վիճակի ենք կռուել եւ յաղթանակել:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչ նշանակութիւն է ունեցել Արցախեան շարժումը համաշխարհային քաղաքական տեսանկիւնից:
ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Համաշխարհային իմաստով՝ ակնյայտ է, որ 30 տարի առաջ նախաձեռնուած գործընթացը 20րդ դարավերջին տեղի ունեցող փոփոխութիւնների միայն մէկ բաժինն է: Արցախեան շարժումն ունէր ոչ միայն տարածքային-քաղաքական, այլ համաշխարհային-քաղաքական նշանակութիւն: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ մենք կարողացել ենք առաջ քաշել եւ լուծել համահայկական խնդիրներ: Այն փորձառութիւնը, որը մենք ձեռք ենք բերել այս 30 տարուայ ընթացքում, իւրայատուկ է եւ օգտագործուելու է յառաջիկայ հայկական խնդիրների լուծման համար:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէս Արցախեան շարժման օրերին, այնպէս էլ այսօր՝ աշխարհում ազատութեան ձգտող ժողովուրդների ու երկրների թիւը չի կրճատւում: Ըստ ձեզ՝ տարբերւո՞ւմ են արդեօք ազատութեան ձգտող ժողովուրդների ցանկութիւններն ու տեսլականները:
ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Ազատութեան իդէալն, ի հարկէ, անխտիր եւ անփոփոխ է բոլոր ժողովուրդների համար, բայց ազատութեան ձեւը եւ այդ իդէալի իրականացումն ու տեսլականը բնականաբար տարբեր են: Ազատութեան հայկական բանաձեւը տարբերւում է Հարաւային Սուդանի՝ ազատութեան մասին պատկերացումից: Դա բնական է: Ազատ եւ անկախ լինելու ազգերի իրաւունքն ընդհանուր է՝ որպէս երեւոյթ, բայց պէտք չէ ընդհանրացնել Արցախի, Աբխազիայի, Հարաւային Օսիայի, Բրեդնիստրովիայի խնդիրը չճանաչուած երկրների կարգախօսի տակ: Արցախեան հարցի լուծումը բացառապէս արցախեան է լինելու:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան հիմնահարցի կարգաւորման ներկայ փուլը եւ ի՞նչ հեռանկար էք տեսնում:
ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Արցախեան խնդիրը, որ դրուած էր հայ ժողովրդի առջեւ 1988 թուականին, լուծուած է: Մենք հասել ենք մեր նպատակին՝ Արցախի հայութիւնը փրկուած է, Արցախը դէ ֆակտօ միացել է Հայաստանին: Հայ ազգի համար այդ խնդիրը փակ է: Մնացել են միջազգային երեւոյթները՝ Արցախի Հանրապետութեան ճանաչումը, իսկ դա արտաքին ասպարէզի խնդիր է: Անկախ նրանից, թէ երբ եւ ինչպէս կը լուծուի այդ խնդիրը, 21րդ դարում հայ ժողովրդի առջեւ ծառացած են այլ, որակապէս աւելի բարդ խնդիրներ: Եւ այդ նոր խնդիրները լինելու են աւելի մեծ չափացոյցով, որովհետեւ մենք, տարածաշրջանը եւ աշխարհը փոխուել ենք: Այդ իսկ պատճառով՝ հայ ազգը պէտք է դադարեցնի ետ նայել: Լաւ կամ վատ ենք լուծել մեր առջեւ դրուած խնդիրը 20րդ դարի վերջում, այդ արդէն ամրագրուել է պատմութեան գրքերում, դարձել է հայոց պատմութեան մի մաս: Այսօր մենք ունենք սահմաններ, պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան համակարգ, երկիր եւ հնարաւորութիւններ: Վերջ: Պէտք է խօսենք եւ մտածենք այն խնդիրների մասին, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջեւ 21րդ դարում:
Մենք ապրում ենք յետ-խորհրդային տարածաշրջանում, որն այսօր բաւականին պայմանական է: Յետ-խորհրդային տարածքում տեսնում ենք տագնապներ եւ զանազան երկրների ազդեցութիւնն այդ հակամարտութիւնների վրայ: Կառուցւում է նոր երկիր, նոր աշխարհ, նոր համաշխարհային համակարգ: Այդ նոր համաշխարհային համակարգում հայերն, ի հարկէ, կ՛ունենան հին-նոր հայկական խնդիրներ, եւ այդ խնդիրներն աւելի շատ կապուած չեն լինելու յատկապէս Արցախի հետ: 21րդ դարում մեր առջեւ կանգնած են սպառնալիքներ եւ ազգային անվտանգութեան խնդիրներ, որոնք այլեւս տեղական չեն: Նման շքեղութեան մասին այլեւս կարող ենք մոռանալ: Նոր ռազմական տագնապներում ուղղակի ներքաշուած են լինելու տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կենտրոններ: Ծագած տագնապները աւելի շուտ նմանուելու են Սիրիայում տեղի ունեցող իրավիճակին. շատ մասնակիցներ՝ իրենց շահերով:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի մէջ Արցախը միայն մի բաժինն է կազմում: Ի՞նչ էք կարծում՝ հնարաւո՞ր է Միացեալ Հայաստան երազանքի իրականացումը:
ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Հայ Դատը միջազգային, ռազմական, քաղաքական իմաստով մնում է չլուծուած: Այսօր մենք պէտք է պատրաստուենք լուծելու այդ, քանի որ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները նպատակ ունեն վերականգնելու Առաջին Համաշխարհային պատերազմում ստեղծուած իրավիճակը: Իսկ դա բխում է հայկական շահերից: Մենք պէտք է պատրաստ լինենք դրան, որ Վուդրօ Ուիլսընի իրաւարարական վճիռը եւ Սայքս Փիքոյի որոշումը 21րդ դարում կը դառնան իրականութիւն:
Մենք, ցաւօք սրտի, չունենք անհրաժեշտ ռազմական կարողականութիւնը այդ խնդիրը լուծելու համար, բայց Արցախեան շարժման օրօք հայ ժողովուրդը եւս պատրաստ չէր: Միայն շարժման ընթացքում գիտակցեցինք, որ մեր նպատակին կարող ենք հասնել զէնքով: Մենք անպատրաստ ենք մտնել պատերազմի մէջ, եւ այդ դասը պէտք է հաշուի առնել: Այսօր մենք ունենք պետութիւն, մտաւորականներ եւ համահայկական ներուժ նոր մարտահրաւէրներին պատրաստ լինելու համար: Ցաւօք սրտի, մինչեւ այսօր դասեր չենք քաղել: Ապացոյցը՝ Ապրիլեան պատերազմն էր:
Համահայկական խնդիրների մէջ մենք իրաւունք չունենք սահմանափակուել միայն Արցախեան յաղթանակով: Այս 30 տարին մենք միայն վայելել ենք եւ հասցրել սովորելու այն, որ մեզ պէտք է օգնեն. համոզուել ենք, որ պարտաւոր են: Մեզ ժամանակ են տուել, սիրել եւ գուրգուրել են, իսկ հիմա եկել է ժամանակը՝ մտածել, ինչ են լինելու Արցախի խնդիրները 21րդ դարում, որն է լինելու Արցախի դերը համահայկական խնդիրների լուծման մէջ:
Եթէ 20րդ դարավերջին «Միացում» կարգախօսով հասանք Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների միացմանը եւ լուծեցինք մեր ժողովրդի առաջ դրուած խնդիրը, ապա 21րդ դարում, դարձեալ օգտուելով հին կարգախօսից, պէտք է այն լիցքաւորենք նոր իմաստով, այն է՝ համայն հայութեան միացում: «Միացում» հին կարգախօսին պէտք է տալ նոր բովանդակութիւն: Մեզ համար այժմ դա անհրաժեշտութիւն է: Այդ միացումը պէտք է կազմակերպուի, իսկ կարգախօսի յստակեցումը գուցէ լինի առաջին քայլը մեծ խնդիրներ լուծելու համար:
Միացումը պէտք է լինի ոչ թէ տարերայնօրէն, ինչը տեղի էր ունեցել 88ին, 92ին եւ Ապրիլին, այլ՝ համակարգուած: Որեւէ արտակարգ իրադարձութեան ժամանակ միայն «միացումով» զբաղուելը չափազանց մեծ շքեղութիւն է: Մենք պէտք է սովորենք դնել ու լուծել համահայկական խնդիրներ նաեւ խաղաղ պայմաններում:
Արցախեան յաղթանակից յետոյ կանգնեցինք աւելի մեծ խնդիրների առջեւ, որոնց լուծման համար դեռեւս ժամանակ ունենք, սակայն, միեւնոյն ժամանակ, պէտք է շտապել: Եթէ Արցախի հարցը լուծում է գտել, ուրեմն պէտք է փորձել կազմակերպուել եւ աւելի մեծ նպատակներ դնել հայ ժողովրդի առջեւ: Օգտագործենք ձեռք բերուած փորձառութիւնը աւելի մեծ խնդիրներ լուծելու համար: Իսկ փորձը փաստում է՝ երբ հայ ժողովուրդը միաւորւում եւ իր առջեւ նպատակ է դնում, նուաճում է այն: