ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Մարտի սկզբին ադրբեջանական ԶԼՄներում եւ համացանցում լայն տարածում էր գտել այն տեսանիւթը, որում ադրբեջանական մանկապարտէզի երեխաներին սովորեցնում էին, թէ հայերը նրանց թշնամիներն են:
Արցախի ՄԻՊը ուշագրաւ տեսանիւթ է պատրաստել՝ ի ցոյց դնելով շփման գծի միւս կողմում գոյութիւն ունեցող ճշմարտութիւնը:
Նոյն հարցին, որ ուղղել էին ադրբեջանցի երեխաներին, թէ «ովքե՞ր են ձեր թշնամիները», հայ մանուկները տալիս են շատ պարզ ու անմեղ պատասխաններ: Հայ փոքրիկների «թշնամիները» ունեն մէկ ընդհանուր բան՝ մուլտֆիլմերի հերոս լինելը: Նրանցից մէկը «թշնամի» է համարում Spiderman-ին, միւսը՝ Dragon-ին: Փոքրիկ հայուհուն էլ դուր չի գալիս «Մաշան»: «Նա անընդհատ խանգարում է արջուկին», Մաշային չսիրելու պատճառը այսպէս է պարզաբանում փոքրիկը:
Երեխաներից ոմանք էլ, առհասարակ, պատասխանում են՝ թշնամիներ չունեն:
Տեսանիւթում Արցախի ՄԻՊը ուշադրութիւը սեւեռել է նաեւ Ապրիլեան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի վայրագութիւններին՝ մտահոգութիւն հնչեցնելով, որ Ադրբեջանի կողմից քարոզչական գործիք դարձած այդ երեխաներն ինչպէ՞ս պիտի վերացնեն ատելութիւնը:
Տեսանիւթի վերջում հայ մանուկները դիմում են իրենց հասակակից ադրբեջանցիներին. «Դուք մեր թշնամին չէք»: