
ԵՐԵՒԱՆ, «Արմրատիօ».- Լրագրող Լիլիթ Մուրադեան կը հաղորդէ.
«Եռաբլուր» պանթէոնում հոգեհանգստի կարգ է, խնկարկում ի յիշատակ ապրիլեան պատերազմում զոհուած հայորդիների: Նշանառու Գրիգոր Յարութիւնեանի մայրը՝ տիկին Անահիտն է խաչակնքում ու աղօթում որդու համար: Ուժերիդ գերլարումով մօտենում ես նրան ու փորձում ես զրուցել: Նա արդէն յստակ գիտի ի՞նչ հարց են իրեն ուղղելու: Ասում է՝ ցաւը չի մեղմացել:
Յետոյ արդէն ասում բազմաթիւ անգամ պատմածը՝ ո՞վ, ինչպէ՞ս իրեն տեղեակ պահեց որդու զոհուելու մասին. Ասում է, որ մինչ լուրը կը հասնէր նրան՝ սիրտը վատ բան էր կանխազգում: Գիշերը մի քանի անգամ արթնացաւ սրտի ծակոցից, քնած տեղը լսել էր որդու ձայնը՝ յետոյ ինքն էր հանգստացրել այն յոյսով, որ որդու հետ խօսել էր Մարտի 31ին:
Տիկին Անահիտն շտապում էր տուն: Միւս որդին, ով այս պահին ծառայում է բանակում, զինուորական արձակուրդ էր եկել:
Առաջին անգամ զինուորները չլսեցին հրամանատարին, անհաւասար պայքարը շարունակւում էր… Քեարամ Սլոյեանը, Ռոբերտ Աբաջեանը, Անդրանիկ Զոհրաբեանը զոհուեցին իրենց հրամանատարի հետ:

«Եռաբլուր» պանթէոնում Քեարամի մայրն է: Նախօրօք մտածուած սփոփանքի բոլոր խօսքերն անիմաստ են թւում, սկսում ես բառեր փնտռել, բայց նրանք այնքան ուժեղ են, որ իրենք են քեզ օգնութեան հասնում: Քեարամի մայրն ասում է, որ միւս որդուն ճանապարհում է հայոց բանակ ու նոյն պահին էլ յաւելում՝ հպարտ է իր Քեարամով:
Եթէ Մարտակերտում չլինէին Ուրֆանեանի նմանները, հիմա Մարտակերտ քաղաքը հակառակորդի ձեռքում կը լինէր: Ապրիլից յետոյ շատ բան փոխուեց, սակայն մի բան մնաց անփոփոխ՝ եղած դէպքում այսօր էլ պատրաստ են մեր տղաները հակառակորդին հուժկու հարուած հասցնել: Արմէնակ Ուրֆանեանի մայրիկին չի սփոփում հերոսի մայր լինելու գիտակցումը:

Յանկարծ նկատում եմ, որ «Եռաբլուր» պանթէոն են բարձրանում ապրիլեան պատերազմի մասնակիցները, որոնցից շատերն այսօր բուժւում են նորաբաց վերականգնողական կենտրոնում: «Ռադիօլուր»ի զրուցակիցը Յովհաննէս Պօղոսեանն է, յիշում է, որ գիշերը պայթիւնի ձայն է լսել, որից յետոյ էլ սկսուել են հիմնական գործողութիւնները: