Եկէք միասին բացայայտենք ընդեղէնի հրաշագործ յատկութիւնները:
Ընդեղէնի բոլոր տեսակներն են օգտաւէտ, հարցը միայն շատ ու քչի մէջ է։
Ընդեղէնը կարող է հրաշագործ ազդեցութիւն ունենալ սրտի աշխատանքի վրայ, եթէ այն դառնում է հաւասարակշռուած սննդակարգի մի մաս: Ընդեղէնի այս յատկութիւնը պայմանաւորուած է նրա մէջ պարունակուող մի շարք օգտակար նիւթերով։
Ոչ-յագեցած ճարպաթթուները, որ պարունակում է ընդեղէնը, իջեցնում են արեան խոլեստերոլի մակարդակը: Ընդեղէնը բուսական ծագում ունեցող մթերքների շարքում գրաւում է առաջին հորիզոնականը իր Օմէգա-3 ճարպաթթուի պաշարով, որը կարգաւորում է սրտի ռիթմիկ աշխատանքը:
Բջջանիւթը նոյնպէս խոլեստերինի մակարդակը կարգաւորելու յատկութիւն ունի: Սա նաեւ յագեցածութեան զգացողութիւն է տալիս, որն օգնում է աւելի քիչ սնունդ օգտագործել։
Վիտամին E-ն կանխարգելում է երակներում թրոմբերի առաջացումը, որը, ինչպէս գիտէք, կարող է ճակատագրական լինել՝ յանգեցնելով սրտի կաթուածի։
Ամինաթթուները օգնում են կանխել երակների խցանումները եւ երակների պատերը աւելի ճկուն դարձնել:
– Ի՞նչ քանակով օգտագործել ընդեղէնը
Պէտք է նշել, որ ընդեղէնում առկայ ճարպերը շատ օգտակար են, բայց դրանք նաեւ բարձր կալորիականութեամբ են օժտուած, այդ պատճառով էլ պահանջում են չափաւոր օգտագործում: Ընդեղէնը պէտք է օգտագործուի իբրեւ մսամթերքին փոխարինող միջոց: Վնասակար ճարպերը կարելի է փոխարինել մի բուռ անվնաս ընդեղէնի հատիկներով: Մէկ բուռ – դա մօտ 42-43 գրամ է – նուշ, պնդուկ, գետնանուշ, պիստակ, ընկոյզներ եւ մնացած տեսակներն ուտելով՝ նուազեցնում էք ձեր սրտի հիւանդութիւնների հաւանականութիւնը:
Մի զգուշացում եւս. եթէ օգտագործում էք շոկոլադապատ, շաքարապատ կամ աղի ընդեղէն, ապա մոռացէք վերը թուարկուած բոլոր օգտակար յատկութիւնների մասին…