2018 թուականի Մայիսի 6ին, Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կայացաւ «Եւ կանգնած էր Սեւ ծովի ափին տաճարը» վերնագրով վաւերագրական ֆիլմի շնորհանդէսը: Ֆիլմը նկարահանուել է «Agora-Georgia- Վիկտորեա Մաքսոեւա» կազմակերպութեան նախաձեռնութեամբ՝ Վիրահայոց թեմի եւ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովուի աջակցութեամբ: Ֆիլմի հեղինակներն են Վիկտորեա Մաքսոեւան եւ Գարիկ Աբէլեանը:
Ֆիլմը պատմում է այն մասին, որ խորհրդային տարիներին Վիրահայոց թեմին պատկան բազում հայոց եկեղեցիների թւում Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին նոյնպէս բռնագրաւուել է իշխանութեան կողմից եւ զրկուել իր առաքելութեանը ծառայութիւնից, վերածուելով պահեստի, աստղադիտարանի եւ տեսագրութիւնների սալոնի:
Ազգի մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշեանցի հովանաւորութեամբ 1898 թուականին կառուցուած եկեղեցին 1992 թուականին Աջարիայի Ինքնավար Հանրապետութեան Գերագոյն խորհրդի որոշմամբ վերադարձւում է Վիրահայոց թեմին: Աստծու տաճարը վերստին նուիրւում է իր առաքելութեան իրականացմանը:
Տարէցտարի զարգանում եւ ընդարձակւում է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու գործունէութիւնը: Այն տեղի ազգաբնակչութեան համար կատարում է Աստծու եւ հաւատքի տան գործառոյթները: Այստեղ տեղի են ունենում սուրբ պատարագներ եւ Հայոց եկեղեցու կանոնակարգով նախանշուած բոլոր ծէսերն ու արարողութիւնները: Եկեղեցին կատարում է նաեւ Աջարիայի հայութեանը հաւատքին մերձեցնելու, եկեղեցու շուրջը համախմբելու, նաեւ ազգային ոգի ներշնչելու, լեզուն եւ մշակոյթը պահպանելու նուիրեալ առաքելութիւնը:
Նշենք, որ օպերատոր Սէյրան Բարոյեանի եւ Ալ. Մանթաշեանց կենտրոնի ուսուցչուհի Մարիետա Աբեթեանի ու միւս բաթումցիների օժանդակութեամբ ֆիլմում օգտագործուել են հազուագիւտ կադրեր:
Յաւարտ շնորհանդէսի իրենց տպաւորութիւնները կիսեցին Բաթումում ՀՀ Գլխաւոր հիւպատոս Եղիշէ Սարգսեանը, Վիկտորեա Մաքսոեւան, Սոնա Յովհաննիսեանը եւ ուրիշներ:
Միջոցառումն ամփոփեց Արարատ քահանայ Գումբալեանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի օրհնութիւնը եւ ջերմ սէրը:
Հոգեւոր հայրը բարձր գնահատեց ֆիլմի արժանիքները եւ երախտիքի խօսքեր ուղղեց նկարահանող խմբին, նշեց, որ սոյն ֆիլմը դարձաւ Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու այցեքարտը:
Վերջում տեղի հայութեան հոգեւոր հովիւը նկարհանող խմբին փոխանցեց նուէրներ: