ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հրաւիրուեցի դիտելու Շեքսպիրի «Հենրի IV» պատմավէպի (մաս Ա. եւ Բ., գրուած 1597-98թ.թ.) բեմադրութիւնը։ Որքանո՞վ էր մատչելի 16րդ դարի անգլերէնը, կը կարողանայի՞ հետեւել պատմութեանը։ Ամէն ջանք պիտի թափէի հնարաւորինս օգտագործելու ընկերակիցներիս լեզուական գիտելիքները՝ նրանց զգոյշ հարցեր տալով, ու հետեւելու թատերախաղի գրքոյկի գրութեանը։ Խօսքի ուժը կարեւոր գործօն էր արուեստի տուեալ ոլորտում։ Սակայն պարզուեց, որ կային նաեւ այլ օղակներ, որոնց շղթայական յաջորդականութիւնը կարողացաւ մինչեւ վերջ կապուած եւ գամուած պահել հանդիսատեսին, նաեւ՝ ինձ, առանց կարեւորելու լեզուական խոչընդոտները։
Արեւմտեան Լոս Անջելեսի Վետերանների համալիրի Ճապոնական այգում, ամառային բացօթեայ թատրոնում, Լոս Անջելեսի Շեքսպիրի կենտրոնը բեմադրում էր Շեքսպիրեան քրոնիկների շարքից «Հենրի IV» պատմավէպը, Դանիէլ Սալիվընի բեմադրութեամբ, Ուրբաթ, 8 Յունիս, 2018ին, որ փառատօնի սկիզբ էր, իսկ ներկայացումները շարունակւում են մինչեւ Յուլիսի 1ը։
Թատրոն բնութեան մէջ. ամֆիթատրոնի պարզ, անպաճոյճ բեմի ետեւի մասում գտնուող բլուրը օգտագործուած էր այնքա՛ն մտածուած, որ ծառայում էր իբրեւ թէ՛ կռուի դաշտ, թէ՛ անցորդների ճանապարհ, թէ՛ մուտք՝ դէպի տարբեր պատկերների համար դասաւորուած բեմը։ Իսկ բեմի կերպարանափոխումը եւ յարդարումը կատարւում էր մի քանի առարկաների փոփոխմամբ եւ տեղակայմամբ, ամենապարզագոյն միջոցներով։ Տարազաւորումն ու դիմայարդարումը նոյնպէս արուած էին նուազագոյնի ձգտումով։ Որեւէ օժանդակ միջոց չէր միջամտում թատերախաղի ընթացքին։
Հենրի IVը (1366-1413), որ թագաւորել է 1399ից, Լանքաստըրների դինաստիայի հիմնադիրն է։ Աջակցել է 1397ին Ռիչարդ IIի պետական յեղաշրջմանը, սակայն շուտով արտաքսուել է։ 1399ին ղեկավարել է Մագնատների խռովութիւնը ընդդէմ Ռիչարդ IIի, ում՝ գահից հրաժարուելուց յետոյ ինքն է գահ բարձրացել։ Ճնշել է ժողովրդային շարժումները։
Պատմավէպի հիմնական թեման այլասերուած անհատի վերափոխումն է դէպի իրական մարդ արարածը, այդ անցման ծէսը, որ կատարուեց երեք ժամ քսան րոպէ տեւած թատրոնի ընդմիջից։ Բեմադրիչը իրականացրել էր այն համոզիչ ձեւով, նաեւ մասնակից դարձնելով հռչակաւոր դերասան Թոմ Հենքսին՝ մարմնաւորելու գլխաւոր հերոս, արկածախնդիր եւ անհոգ Ֆալստաֆի կերպարը։
Իսկ ինչո՞ւ էինք այնտեղ. մասնակցելու փառատօնի՞ն, թէ դիտելու յայտնի դերասանի ելոյթը։ Կարծեմ, ո՛չ մէկը եւ ոչ միւսը. ներկայ պիտի լինէինք Շեքսպիրեան այս ներկայացման մէջ մի հայ երիտասարդի խաղարկութեանը, ում՝ Փենսիլվանիայի Carnegy Mellon համալսարանից բակալաւրի աստիճան ստանալիս, ասուել էր. «Կարծես թէ դու շեքսպիրեան դերասան պիտի դառնաս»։
Երիտասարդ դերասանն էր Րաֆֆի Պարսումեանը, որ աւարտելով վերոյիշեալ համալսարանը, մեկնում է Ֆրանսիա, շարունակելու ուսումը Փարիզի Le Coq Յանկարծաբանութեան դպրոցում, ուր սովորում է երկու տարի։ Մինչ այդ, Փենսիլվանիայում ուսանող լինելու ընթացքում, մեկնում է Մոսկվայի Գեղարուեստի ակադեմիական թատրոն (MXAT), որտեղ վերապատրաստւում է վեց ամիս։ Աւարտելով ուսումնառութիւնը, երկու տարի անընդմէջ աշխատում է Օրեգոնի Շեքսպիրեան թատրոնում։ Սակայն միօրինակ միջավայրում երկար չմնալու համար Րաֆֆին վերադառնում է Լոս Անջելես, սկսում է ներգրաւուել տարբեր ծրագրերի մէջ եւ ձեռնամուխ է լինում այլ դերերի։
Շեքսպիրեան դերասանական փորձառութիւնը առիթ էր տուել ելոյթ ունենալու «Հենրի IV»ի տուեալ բեմադրութեան ընթացքում։
Բեմադրութեան առաջին մասում Րաֆֆին հանդէս էր գալիս Հաթսփըրի խրոխտ կերպարով, հիւսիսի այն ռազմատենչ զինուորականի, որպիսին Հենրի IV թագաւորը կ՛ուզենար տեսնել իր որդուն՝ անպատասխանատու եւ սանձարձակ Հալին։ LA Times օրաթերթի Յունիս 10, 2018ի համարում թատերական քննադատ Ch. McNulty-ն Պարսումեանի այս դերակատարումը համարում է կերպարի չափազանցուած ընդգծում։ Մինչդեռ, The Wrap արուեստների առցանց լրատուի թղթակցուհի D. Emery-ն գրում է. «Պարսումեանի պարոն Հենրի Փըրսին (Հաթսփըրը) վարւում է որպէս պատշաճ հակադրութիւն Լինկլաթերի մանկական, տղայական Հալին» (Յունիս 11, 2018)։
Ներկայացման երկրորդ մասում Րաֆֆի Պարսումեանը Պիստոլն էր, ցոփ եւ շուայտ կեանքով ապրող, ինչպիսին էր նաեւ իր մեղսակից բարեկամ Ֆալստաֆը, հեշտասիրութեան ընկերակիցը։ Այս դերի մէջ արդէն Պարսումեանն անառարկելի էր իր դիպուկ դերակատարումով, մթնոլորտի սրմանն օժանդակող խաղարկութեամբ։
Թէ՛ առաջին եւ թէ երկրորդ արարի հանգուցալուծումն էր վերափոխուած իշխան Հալի յայտնութիւնը եւ թագաւորական գահի ստանձնումը։
Զարմացած է Ֆալստաֆը այս դասաւորութեան վրայ, զարմացած էինք նաեւ մենք՝ մարդանալու այս երեւոյթի առջեւ։ Զարմացած էինք նաեւ՝ Րաֆֆիի խաղարկութեամբ։
Ներկայացման աւարտին սպասում էինք տեսնելու եւ շնորհաւորելու նրան յետ ներկայացման կազմակերպուած ընդունելութեան գողտրիկ տաղաւարում։
Ազատուած բեմական ծանր տարազներից, թեթեւ եւ ուրախ, մեզ էր մօտենում երիտասարդը։ Նրա համար ասես կարեւոր չլինէին մարդկանց շռայլած գնահատանքը, անհամբերութեամբ նայում էր իր հօր աչքերին ու հարցնում. «Ինչպէ՞ս էր, պա՛պ…»։
Եւ նա ստացել էր իր համար մեծ նշանակութիւն ունեցող քննադատի հաւանութիւնը…