Բժշկական միջամտութիւնից եւ քսուկներից բացի՝ առողջ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է ճիշդ սնուել: Եւ այսպէս, ի՞նչ ուտել առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար:
Պիգմենտային բծերի համար ձեր սննդակարգում ներառէք ցիտրուսային մրգեր, հատապտուղներ, կաղամբ եւ չիլի պղպեղ:
Պատճառները՝ հիպերպիգմենտացիան կարող է վկայել վիտամինների, մասնաւորապէս, B12ի պակասի մասին: Այս վիտամինով հարուստ են կենդանական ծագման մթերքները: Սակայն առանց մսի էլ կարելի է ազատուել չափից առաւել պիգմենտացիայից: Պէտք է միայն հետեւել որոշակի սննդակարգի:
Բշտիկների եւ պզուկային ցանի դէպքում շատ կերէք ընկուզեղէն, կտաւատի սերմեր, ջրիմուռներ, ծովամթերք:
Պատճառները՝ եւ կրկին մեղաւոր են բարձր գլիկեմիկ ցուցիչ ունեցող մթերքները: Իզուր չէ, որ յաճախ բշտիկների հետ կապուած խնդիրներ ունենում են ճարպոտ մաշկ ունեցողները:
Ճարպագեղձերի աճի ակտիւութեան պատճառով մաշկի վրայի անցքերում սկսում են բազմանալ բակտերիաներ, ու զարգանում է բորբոքային գործընթաց: Գլխաւորն այն է, որ սննդակարգը յագեցած լինի պոլիհագեցած ճարպաթթուներով հարուստ սննդով, որոնք վերացնում են բորբոքումը: Աւելի պարզ ասած, պէտք է յաճախակի ուտել մրգեր, բանջարեղէն, ընկոյզ, կտաւատի սերմ ու կտաւատի ձէթ, ծովային ջրիմուռներ, ծովամթերք եւ ձուկ:
Չոր մաշկի դէպքում կերէք ընդեղէն, միս, աւոկադօ եւ ձու:
Պատճառները՝ մաշկի չափազանց չորութիւնը վկայում է միաժամանակ E վիտամինի աւելցուկի եւ խոլեստերոլի պակասի մասին: Վերջինը բնորոշ է բուսակերներին, քանի որ խոլեստերինի զգալի քանակ մեր օրգանիզմը ստանում է հէնց մսից ու ձկից: Եթէ դուք բուսակեր չէք, ապա աշխատէք կանոնաւոր կերպով միս եւ ձուկ ուտել: Յատկապէս օգտակար կը լինեն երկարափետուր թունան, սկումբրիան ու սաղմոնը:
Կնճիռների դէպքում պէտք է ուտել սոյա, ծնեբեկ, բադրիջան, սոխ:
Պատճառները՝ կնճիռներն արտայայտիչ դառնալու վրայ շատ ուժգին է սննդակարգում ալկոհոլի առկայութեան ազդեցութիւնը, քանի որ այն ջրազրկում է օրգանիզմը: Մաշկի վաղաժամ ծերացման պատճառներից կարող է լինել նաեւ շաքարը, քանի որ նրա մէջ եղած գլիւկոզան ազդում է մաշկի էլաստիկութեան վրայ: Աւելին՝ եթէ ամէն օր սոյա պարունակող մթերքներ ուտէք, ապա մաշկի ծերացման նշանները գրեթէ անտեսանելի կը լինեն, իսկ աչքերի շուրջ կնճիռներն իսպառ կ՛անհետանան: