ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Հայ-ադրբեջանական սահմանին՝ Արենի գիւղի հատուածում, ադրբեջանական կողմն ամրացել է բլրի վրայ, որը երեք կողմից հայկական դիրքերի նշանառութեան տակ է: Այս մասին երէկ Նախիջեւանի հատուածում տեղակայուած հայկական բարձրադիր դիրքերից մէկում լրագրողներին ասաց մայոր Անդրանիկ Ծատուրեանը: Նա վստահեցրեց, որ այս ուղղութեամբ հայկական կողմը որեւէ դիրք չի կորցրել: «Այստեղ խօսք չի կարող լինել տարածք գրաւելու մասին, պարզապէս երկու կողմում էլ դիրքեր են աւելացուել, միջդիրքային տարածութիւններն են փոքրացել», ասաց մայորը:
Յիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը Յունիսի 20ին տեսանիւթ էր հրապարակել Նախիջեւանում իրենց կատարած գործողութիւնների մասին: Դրուագներից մէկում յայտարարւում է, որ Արենի գիւղը եւ Երեւան-Եղէգնաձոր հատուածը փաստացի գտնւում են ադրբեջանական բանակի նշանակէտի տակ:
Մայոր Ծատուրեանի խօսքով՝ հակառակորդը հրաձգային զինատեսակներից չի կարող մեր գիւղերը, առաւել եւս՝ ճանապարհը թիրախաւորել: «Նման իրավիճակում նրանք ստիպուած են լինելու գործի դնել խոշոր տրամաչափի զինատեսակներ, ինչի պարագայում պատասխան հակահարուած կը ստանան», նշեց նա:
Հայ-ադրբեջանական սահմանից մինչեւ Երեւան-Եղէգնաձոր ճանապարհը 5200 մետր է, ինչը նշանակում է, որ հրաձգային զինատեսակներից հնարաւոր չէ ճանապարհը վերահսկողութեան տակ պահել:
1450 մ. բարձրութեան վրայ գտնուող մարտական դիրքից զինուորականը լրագրողներին ցոյց տուեց հայկական կողմի նշանառութեան տակ գտնուող ադրբեջանական կրակակէտերը: Նշենք, որ այս հատուածում հայկական դիրքերն ամրացած են երեք կողմում գտնուող կարեւոր բարձունքներում, եւ հակառակորդի ցանկացած շարժ տեսանելի է մեր դիրքերից: Ցանկացած խախտման դէպքում հայկական կողմը երեք ուղղութիւնից կարող է կրակ վարել եւ ճնշել հակառակորդին», ասաց մայոր Ծատուրեանը:
Նրա խօսքով՝ վերջին շրջանում հակառակորդն այս հատուածում ակտիւացել էր, սակայն, հաւանաբար, չէին հաշուարկել, որ հայկական կողմն էլ աւելի բարենպաստ դիրքերից կը լռեցնի նրանց:
ՀՀ ՊՆ մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեանն էլ նշեց, որ այս պահին տուեալ հատուածում իրավիճակը հանգիստ է: «Հակառակորդը սեփական տարածքում իր բոլոր առաջխաղացումներով որեւէ առարկայական առաւելութիւն չի ստացել հայկական դիրքերի նկատմամբ», յայտարարեց նա: