Պատրաստեց՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին հրապարակել է «Միֆեր եւ իրականութիւն Պարտադիր կուտակային կենսաթոշակային hամակարգի մասին» ծաւալուն, 80 էջանոց զեկոյց:
Ըստ այս հետազօտութեան՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտութեան հիմնաւորումներն, մեղմ ասած, տեղին չեն: Օրինակ է բերւում՝ սոցիալական արդարութեան խնդիրը. «Անշուշտ միակ եւ միանշանակ ընդունման ենթակայ փաստարկը վերաբերում է հին համակարգի անարդար լինելու հանգամանքին:
Անկախ քաղաքացու՝ տարիների ընթացքում ստացուած աշխատավարձից, վճարուած հարկերից կամ կենսաթոշակային վճարներից, նրա թոշակը պայմանաւորուած էր բացառապէս աշխատանքային ստաժով՝ առանց մասհանումները հաշուի առնելու: Կենսաթոշակային բարեփոխումների համակարգի ինչ մոդել էլ ընտրուի, այն պէտք է ապահովի արդարութեան սկզբունքը:
Սակայն կուտակային համակարգը միակը չէ, որը կարող է ապահովել սոցիալական արդարութիւն: Գոյութիւն ունեն նաեւ այլ մեխանիզմեր, որոնք ապահովում են կապը կեանքի ընթացքում վճարուած մասհանումերի եւ ծերութեան կենսաթոշակի միջեւ»: Հետազօտութեան հեղինակները բարեփոխման կողմնակիցների փաստարկներից մէկի վերաբերեալ էլ նշել են՝ «Դրանք կապ չունեն կենսաթոշակային համակարգի հետ եւ դրանց լուծումը գտնւում է կենսաթոշակային տիրոյթից դուրս:
Այսպէս՝ ՀՀում առկայ է ստուերային զբաղուածութիւն, հազարաւոր քաղաքացիներ զբաղուած են ձեռներցութեամբ կամ հանդիսանում են վարձու աշխատող, վաստակում են եկամուտ, սակայն պատշաճ գրանցուած չեն եւ չեն վճարում իրենց հասանելիքը պետական բիւջէին: Բազմաթիւ են դէպքերը, երբ նոյնիսկ գրանցուած լինելու պարագայում ձեւակերպուած է իրականից աւելի ցածր եկամուտ՝ պետութեան առջեւ պարտաւորութիւնները նուազեցնելու նպատակով: Հանրապետութիւնում կայուն մեծ թիւ են կազմում նաեւ աշխատող աղքատները: Կուտակային համակարգը որեւէ կերպ չի կարող լուծել (եւ չլուծեց) ստուերից դուրս գալու խնդիրը, ինչը ակնկալում էին նոր համակարգի կողմնակիցները»:
Զեկոյցի հեղինակները բերում են մի շարք օրինակներ, որոնք, ըստ իրենց, հիմնաւոր փաստեր չեն համակարգը ներդնելու համար:
Այս հետազօտութեան հեղինակները կենսաթոշակային բարեփոխումների մասին առաջարկութիւններ են ներկայացնում, նշելով՝ ՀՀն կարիք ունի կենսաթոշակային բարեփոխումների շուրջ մեծ հանրային քննարկման եւ նոր համակարգի մշակման:
Այդ քննարկումներն, ըստ զեկոյցի, պէտք է լուծի 3 հիմնական խնդիր՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկման անցումային շրջանի միջոցառումների կազմում, կամաւոր կուտակային համակարգի զարգացման համար խթանիչ միջոցների ձեւաւորում, նոր կենսաթոշակային համակարգի մշակում:
«Նոր կենսաթոշակային համակարգի մշակումը օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) պահանջելու է որոշակի ժամանակ՝ խորքային ուսումասիրութիւնների, իրավիճակի համակողմանի գնահատման, համակարգի մեխանիզմների (մեքենակառոյցներու-Խմբ.) մշակման, հանրային լայն քննարկումերի իրականացման համար: Այս ընթացքում նախ անհրաժեշտ է՝ յետաձգել 2018 թուականի Յուլիսի 1ից ուժի մէջ մտնող օրէնսդրական այն դրոյթը, որն անխուսափելիօրէն կը խորացնի վիճայարոյց պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման գործընթացը եւ արդիւնքում՝ եւս մէկ ամբողջական քայլ կ՛արուի դէպի «անվերադարձելիութեան սահմանը»՝ նախատեսելով շուրջ 80 հազար նոր մասնակիցների պարտադիր ներգրաւումը:
Միւս կողմից, մինչեւ խնդրի վերջնական եւ բազմակողմանի լուծումը, առկայ ռիսկերը (վտանգները-Խմբ.) հաշուի առնելով, անհրաժեշտ է նաեւ համակարգի մասնակիցների համար առաւելագոյնս նուազեցնել պարտադիր նպատակային վճարի դրոյքաչափը», գրուած է զեկոյցում:
ՀՅԴն առաջարկում է չեղարկել պարտադիր կուտակային համակարգն, որն, ըստ հետազօտութեան հեղինակների անմիջապէս կ՛ապահովի հետեւեալ կարեւորագոյն խնդիրների լուծումը. մասամբ կ՛աւելանան համակարգում ընդգրկուած քաղաքացիների եկամուտները, կը նուազեն պետական բիւջէի ծախսերը (տարեկան 21 մլրդ. ՀՀ դրամ) եւ ճնշումը պետական բիւջէի պակասուրդի վրայ, չի առաջանայ յաւելեալ պարտք վերցնելու անհրաժեշտութիւն, կ՛աւելանան տնտեսութեան սպառման ծաւալները եւ կը ձեւաւորուի տնտեսական ակտիւութեան լրացուցիչ իրական խթան:
Չեղարկումը, ինչպէս նշուած է հետազօտութիւնում, պէտք է իրականացուի հաշուի առնելով համակարգում ներառուած բոլոր կողմերի՝ պետութեան, ֆոնդերի կառավարիչների, քաղաքացիների շահերը. «Կուտակուած գումարները պէտք է տեղադրուեն քաղաքացիների անհատական հաշիւերին եւ հաստատուի դրանց տնօրինման պայմաններն ու ժամանակացոյցը: Ֆոնդերի կառավարիչների կողմից տեղաբաշխուած երկարաժամէտ պարտատոմսերը կարող են վերաձեւակերպուել որպէս պետական բիւջէի առջեւ երկարաժամէտ պարտաւորութիւններ»:
ՀՅԴն առաջարկում է խթանել կամաւոր կուտակային համակարգը:
Այս առաջարկը ՀՅԴն հիմնաւորում է հետեւեալ կերպ՝ վերջին տարիները յստակ ապացուցեցին, որ եթէ.
ա. Քաղաքացիների տնօրինութեան տակ լինում են յաւելալ միջոցներ.
բ. Առկայ է քաղաքական եւ տնտեսական կայունութիւն.
գ. Առկայ է վստահութիւն բանկային համակարգի նկատմամբ, ապա քաղաքացիների աւանդները արձանագրում են աճի միտում: