ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Վիրահայոց թեմն այս տարի երկու հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան: Առաջինը վերաբերում է Թբիլիսիի Թանդոյեանց Սուրբ Աստուածածին եկեղեցուն, երկրորդը՝ Թբլիսիի Սուրբ Նշան եկեղեցուն:
Թանդոյեանց եկեղեցու համար երկու հայցապահանջ է ներկայացուել 2018թ. Յունուարի 5ին. Վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել դատարան ընդդէմ Վրաստանի հանրային ռէեստրի (մատեանի-Խմբ.) ազգային գործակալութեան եւ էկոնոմիկայի (տնտեսութեան-Խմբ.) նախարարութեան գոյքի կառավարման ազգային գործակալութեան: Թեմը գտնում է, որ 2017 թուականի Յուլիսի 18ի որոշմամբ Թանդոյեանց Սուրբ Աստուածածին եկեղեցին փոխանցելով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին, վրաստանիհանրային ռէեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմութիւնը եւ եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:
Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացուել է էկոնոմիկայի նախարարութեան գոյքի կառավարման ազգային գործակալութեան դեմ, որը Թանդոյեանց եկեղեցին եւ դրան կցուած հողակալուածքը, առանց որեւէ հիմնաւորման, պետութեան հաշուեկշից օտարել է՝ այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշուեկշռին փոխանցելու գործը։
Վիրահայոց թեմի շահերը դատարանի եւ համապատասխան վարչական մարմիններում պաշտպանում են միջազգային EMC եւ TDI (Tolerance and Diversity InstituteTop of Form) կազմակերպութիւնների իրաւաբանները:
«Վիրահայոց թեմն ունի բոլոր իրաւական, փաստացի, արխիւային նիւթերն ինչպէս ՀՀի արխիւից, այնպէս էլ Վրաստանի ազգային արխիւում պահպանուած բազմաթիւ նիւթերից, որոնք ապացուցում են, որ եկեղեցին ի սկզբանէ եղել է հայկական, կառուցուել է Իսահակ Թանդոյեանցի կողմից եւ նրա միջոցներով, եւ այն պէտք է վերադարձուի իր իրաւական սեփականատէրերին՝ Վիրահայոց թեմին», «Հետք»ի հետ զրոյցում ասաց Վիրահայոց թեմի մամլոյ դիւանի պատասխանատու Սուսաննա Խաչատրեանը:
Համաձայն Վիրահայոց թեմի նիւթերի՝ Թանդոյեանց Սբ. Աստուածածին եկեղեցին (Պլեխանովի, այժմեան Դաւիթ Աղմաշենեբելի փողոց 38), կառուցուել է 19րդ դարի 50-60ական թուականներին: 1866թ. Թանդոյեան ընտանիքի նախաձեռնութեամբ հարց է բարձրացուել Սբ. Աստուածածին փայտաշէն հին եկեղեցու տեղում նորը կառուցելու առնչութեամբ: Եկեղեցին ի սկզբանէ կառուցուել է որպէս հայկական առաքելական եկեղեցի՝ հայազգի Սահակ Թանդոյեանցի կողմից: Վերջինիս անունով էլ այն ստացել է Թանդոյեանց անուանումը: Այդ մասին է վկայում նաեւ եկեղեցու հարեւանութեամբ մինչեւ վերջերս պահպանուած գրութիւնը:
1923-1924թթ. Թանդոյեանց եկեղեցին փակուել է Խորհրդային իշխանութիւնների կողմից: Եկեղեցու ունեցուածքը բռնագրաւուել է, իսկ եկեղեցին յանձնուել Հանրապետութեան պիոներական (սկաուտական-Խմբ.) կազմակերպութեանը, ապա վերածուել է «Կոլխիդա» (Կոլխեթի) կինոթատրոնի (շարժապատկերի սրահի-Խմբ.):
Վրաստանի անկախութեան հռչակումից յետոյ՝ 1990ական թուականներից, Վրաստանի կառավարութիւնը, հաշուի չառնելով կիսաւեր եկեղեցու պատմական ծագումն ու դաւանանքային յատկանիշները, այն չի վերադարձրել Վիրահայոց թեմին: 2017 թուականին Վրաստանին Հանրային ռէեստրի ազգային գործակալութիւնը Թանդոյեանց եկեղեցին փոխանցել է Վրաց եկեղեցու պատրիարքարանին՝ որպէս սեփականութիւն: Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Թանդոյեանց եկեղեցու հիմքերի վրայ արդէն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացրել:
Վրաց ուղղափառ եկեղեցին էլ յայտարարել է, որ այնտեղ յայտնաբերուել են վրաց ուղղափառ եկեղեցու հետքեր եւ գրացել է եղեկեցին որպէս վրաց պատրիարքարանի սեփականութիւն:
«Պահանջում են եկեղեցին կրկին վերադարձնել պետական հաշուեկշռին, այսինքն՝ էկոնոմիկայի նախարարութեան, քանի որ առանց ուսումնասիրութեան այն հանուել է պետական հաշուեկշռից, եկեղեցին իբր թէ յայտնուել է օդում, եւ դրանից ելնելով վրաց ուղղափառ եկեղեցին յայտ է ներկայացնել այն որպէս իր սեփականութիւնը գրանցելու համար», պատմեց Սուսաննա Խաչատրեանը:
Վիրահայոց թեմի մամլոյ դիւանի պատասխանատուն յայտնեց, որ դատական նիստերն այս գործով յետաձգւում են: Յաջորդ նիստը նշանակուած է Սեպտեմբերի 11ին:
Վիրահայոց թեմի երկրորդ հայցն ընդդէմ Թբիլիսիի քաղաքապետրանի է՝ Սուրբ նշան եկեղեցու հարցոյ: Վիրահայոց թեմն այս գործով վիճարկում է քաղաքապետարանի տրամադրած շինթոյլտուութիւնը մի քաղաքացու, ով Սուրբ Նշան եկեղեցու կողքին տարածք է ձեռք բերել եւ շինարարութիւն սկսել: Պատրաստւում է եռայարկ տուն կառուցել: Թեմը պահանջում է անվաւեր ճանաչել այդ շինթոյլտուութիւնը:
«Եկեղեցին այժմ վթարային, կոնսերուացուած (պահպանուած-Խմբ.) վիճակում է, իսկ Սուրբ Նշանի կողքին այժմ կատարւում է անօրէն շինարարութիւն, որը կարող է միանգամայն փլուզել եկեղեցին: Մենք դիմել ենք դատարան, որպէսզի դադարեցնենք շինարարութիւնը: Մենք դիմել ենք դատարան ընդդէմ քաղաքապետարանի, որը պատմական հոգեւոր յուշարձանի կողքին շէնք կառուցելու թոյլտուութիւն է տուել», մանրամասնեց Սուսաննա Խաչատրեանը:
1701թ. կառուցուած Սուրբ Նշան եկեղեցու պատկանելութիւնը վրացական կողմը վիճելի է համարում: 2012 թուականի Յունուարին, յիշեցնենք, եկեղեցում բռնկուած հրդեհի հետեւանքով փլուզուել էր աջակողմեան գմբէթը պահող սիւնը, համապատասխանաբար՝ նաեւ գմբէթը: Նոյն տարուայ Մայիսն էլ արդէն առաւել մեծ մասշտաբների փլուզում էր տեղի ունեցել:
Հայաստանի մշակոյթի նախարարութեան պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեան գործակալութեան աշխատակիցներից եւ բնագաւառին առնչուող մասնագէտներից կազմուած աշխատանքային խումբ էր մեկնել Վրաստան փլուզումն ու եկեղեցու վիճակն ուսումնասիրելու համար: Թէեւ յուշարձանի վերականգնման նախահաշուարկ էր կազմուել վրացի գործընկերների հետ, որով վերկանագնման արժէքը կազմել էր շուրջ 1.4 մլն. լարի (325 մլն. դրամ), սայլը տեղից այդպէս էլ չէր շարժուել: Եկեղեցին շարունակում էր մնալ վթարային եւ առանց հսկողութեան:
Եկեղեցու կողքի տները եւս խարխուլ վիճակում են, եւ այդ տարածքում շինարարական աշխատանքները վտանգում են նաեւ յարակից բնակիչների տներին:
Բացի Վիրահայոց թեմից, Սուրբ Նշան եկեղեցու անմիջական կողքին գտնուող տան բնակիչը եւս դիմել է դատարան ընդդէմ այդ շինարարութեան, քանի որ իր տան պատն ընդհանուր է եւ շինարարութիւնը սպառնում է տան կայութեանը:
Սուրբ նշանի գործով երկու նիստ է տեղի ունեց, որոնք, սակայն, եւս յետաձգուել են:
Պատահական եւ զարմանալի չէ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպէս իր սեփականութիւն է գրանցել Թանդոյեանց եկեղեցին, քանի որ դեռեւս 2013 թուականից ահազանգել էինք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպէս իր ունեցուածք գրանցել Էսամցխէ-Ջաւախք նահանգի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա (որոշ աղբիւրներում՝ Տամալա) գիւղի հայկական Վանք եկեղեցին, Ախալցխայի հարաւ-արեւմտեան ծայրամասում գտնուող երկու մատուռները, որոնք տեղացի հայերն անուանում են Քրոջ եւ Եղբօր վանքեր եւ այլ եկեղեկիներ ու մատուռներ:
Փոխարէնը իրաւաբանական գրանցում չունեն Վրաստանի տարածքում գտնուող հայկական գործող ու չգործող եկեղեցիներն ու մատուռները: Վիրահայոց թեմը Վրաստանի տարածքում գործող 58 եկեղեցիների գրանցման համար դիմել է Վրաստանի կառավարութեանը, սակայն հարցը դեռեւս քննարկման փուլում է:
«ՀԵՏՔ»