«ԱԼԻՔ».- «Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնութեամբ, օրերս Արցախի Հանրապետութիւնում մեկնարկել են բարեգործական աշխատանքները:
Խումբը հերթական անգամ կազմակերպել է դասընթացներ՝ նպատակ ունենալով մասամբ լուծելու Արցախում գործազրկութեան եւ կանանց զբաղուածութեան հարցերը: Դասընթացներն այս անգամ ընթանալու են կար ու ձեւի, ասեղնագործութեան, հելունագործութեան եւ կտորից տարբեր աշխատանքների պատրաստման ոլորտներում: Խմբի անդամներն արցախցի կանանց եւ աղջիկներին փոխանցելու են իրենց հմտութիւններն:
«Թեւանիկ»ը ՀՕՄի Արցախի միաւորման հետ համատեղ է ձեռնարկել այս աշխատանքներին:
Ուլունքագործութիւն, ասեղնագործութիւն, կարուձեւ եւ կտորից տարբեր աշխատանքների պատրաստում. այս 4 ուղղութիւններով են «Թեւանիկ» խմբի 5 անդամներն իրենց հմտութիւնները փոխանցում Ստեփանակերտի եւ շրջանների շուրջ 60 կանանց եւ աղջիկներին:
««Թեւանիկ» խմբի ծրագրերից մէկն էլ Արցախում պատրաստուած արուեստի գործերը, ձեռքի աշխատանքները Իրանում վաճառքի հանելն ու հասոյթը նեղութեան մէջ գտնուողներին փոխանցելն է: Այս դասընթացը հնարաւորութիւն է տալիս տեղացիներին զարգացնել իրենց հմտութիւնները՝ լուծելով կանանց զբաղուածութեան հարցը», նշել է խմբի անդամ Ալինա Գասպարեանը:
Կարուձեւի խմբակն այս տարի առաջին անգամ է կազմակերպուել: Թեհրանից ժամանած կարուձեւի մասնագէտ Անահիտ Թորոսեանի խօսքով՝ հանդերձագործի շնորհքին պէտք է տիրապետի իւրաքանչիւր կին. «Մասնակիցների խանդավառութիւնն ակնյայտ է: Կարող եմ ասել, որ խմբակը ծառայեց իր նպատակին», նշել է Անահիտ Թորոսեանը:
Մարտունու մանակապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատող Անահիտ Յակոբջանեանը մեզ հետ զրոյցում նշել է, որ դասընթացը փորձի փոխանակման եւ նոր կարողութիւններ ձեռք բերելու հնարաւորութիւն է ընձեռնում:
ՀՕՄի Արցախեան գրասենեակի տնօրէն Սվետլանա Յարութիւնեանը «Ապառաժ»ի հետ զրոյցում նշել է, որ կառոյցը փոխատուցել է շրջաններից ժամանած մասնակիցների ճանապարհածախսը:
6 օր տեւողութեամբ դասընթացի 3 օրն անց է կացուել Ստեփանակերտի Սօսէ մանկապարտէզում, յաջորդ 3 օրը դասընթացի կը կազմակերպուի Շուշիում: