Մեղուաբոյծ Գուրգէն Հիւսեանը, որ Քարվաճառում մեղուապահութեամբ է զբաղւում արդէն 5րդ տարին, վստահ է՝ Քարվաճառի մեղրն էկոլոգիապէս (բնապահպանանութեան նկատմամբ-Խմբ.) 100 տոկոսով մաքուր է:
«Դա բացատրւում է նրանով, որ սյստեղ մշակովի դաշտեր չկան, հողը պարարտանիւթ չի ստանում, մեղուն նեկտար է բերում մաքուր ծաղիկներից: Մաքուր է նաեւ ջուրը, հետեւաբար, Քարվաճառում անարատ մեղր ենք ստանում», ասում է մեղուապահը:
Մեղուապահութեան գաղտնիքները Գուրգէն Հիւսեանը սովորել է իր պապից. ինքն ընտանեկան գործը շարունակում է արդէն 40 տարի: MAG մեղուաբուծական տնտեսութեան տնօրէնը Քարվաճառում 450 մեղուափեթակ ունի: Մեղուապահութեամբ զբաղւում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան Արմաւիրի մարզում: Այս օրերին Քարվաճառում ընթացքի մէջ է մեղրաքամը: Մեղրաքամի աշխատանքներին մասնակցում են նաեւ տեղի երիտասարդները: Մեր զրուցակիցն ընդգծում է. այս տարի եղանակային պայմանները յատկապէս բարենպաստ էին. Քարվաճառում մէկ մեղուաընտանիքից ստացւում է միջինը 25 կգ. ապրանքային որակի մեղր:
Մեղուաբոյծը 3 տարի է արտադրանքն արտահանում է արտերկիր: Արտահանուել է նաեւ Քարվաճառի մեղրը՝ որպէս որակաւոր ապրանք: «Այս պահին 4 տոննա մեղրի պատուէր ունենք ԱՄՆից», ընդգծեց մեր զրուցակիցը: Տնօրէնի խօսքով՝ արտահանման աշխարհագրութիւնն ընդլայնելու նախագծեր կան:
Քարվաճառում մեղուապահութեամբ զբաղուելն ըստ Գուրգէն Հիւսեանի ե՛ւ արդիւնաւէտ է, ե՛ւ հաճելի: «Բացի այն, որ մաքուր ու բարձրորակ մեղր ենք ստանում, նաեւ այստեղ եղած ամիսներին հանգստանում ենք ու վայելում Քարվաճառի բնութիւնը», ասում է մեր զրուցակիցը:
Նշենք, որ մեղուապահութիւնը Շահումեանի շրջանում գիւղատնտեսութեան առաւել զարգացած ճիւղերից է: Շրջանում հաշուըւմ է մօտ 2700 մեղուափեթակ: Շրջանում ստացուած բերքն սպառւում է հիմնականում Արցախում եւ Հայաստանի Հանրապետութիւնում:
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Արարատ» հիմնադրամի կողմից