«Արտաքին ներդրումներն ինչպէ՞ս կարող ենք գրաւել Հայաստանում: Մենք ձեւերը գտել ենք եւ բերել ենք», Թօնի Մորոյեանը Սիլիկոնի Հովտում գործող առաւել յայտնի հայերից մէկն է: Նա տասնեակ ընկերութիւնների հիմնադիր է, հայաստանեան «Արմթեք» համաժողովի համահիմնադիրն ու նախագահը: 1991ից ի վեր Մորոյեանը փորձում է իր գիտելիքներն օգտագործել ի նպաստ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:
Գործարարի խօսքով, հայ մասնագէտները տարբերւում են առաւել ճկուն լուծումներով.
«Հայկական ուղեղը շատ մրցակցային է, մենք մրցակից ժողովուրդ ենք, միմեանց հետ էլ ենք շատ մրցակցում, դրան մեզ պատմութիւնն է նախապատրաստել՝ պէտք է լինէինք մրցակցող, որպէսզի գոյատեւէինք»:
Մորոյեանի խօսքով, երբ տեխնոլոգիական աշխատանքների պատուիրատուներն իրեն հարցնում են, թէ ինչու ընտրեց Հայաստանը, այլ ոչ թէ Չինաստանը կամ Հնդկաստանը, նրա պատասխանը հիմնուել է տասնամեայ փորձի վրայ.
«Երբ նախագիծ են իրականացնում Հնդկաստանում‘ կ’աւարտեն, կը բերեն որակով, բայց երբ Հայաստանում կ’իրականացնենք‘ նախագիծը որակով է եւ հետն էլ հայերը 2-3 նոր գաղափարներ կ’առաջարկեն: Դա է մեզ տարբերում միւսներից»:
Թօնի Մորոյեանի խօսքով, այսօր Հայաստանում կան բարձր տեխնոլոգիաների փայլուն մասնագէտներ, սակայն, նրանց երկրի ներսում պահելու համար անհրաժեշտ է ապահովել բարձր վարձատրուող աշխատատեղեր, ուստի՝ արտերկրեայ ներդրումներ են պահանջւում.
«Հայաստանում մարդիկ կարծում են, թէ աշխատավարձն է որոշիչ: Դա սխալ է՝ աշխատավարձը միայն չէ, որ արտաքին ներդրում անողը վերլուծում է»:
Ներդրողին առաջին հերթին անհրաժեշտ է համոզուած լինել, որ Հայաստանում իր ներդրումները պաշտպանուած են, որ երկրում գործում է արդար դատաիրաւական համակարգ: Ինչ վերաբերում է Սփիւռքի հայերի ներդրումներին, այս դէպքում իրավիճակն այլ է, աւելացնում է Մորոյեանը.
«Հայաստանը շատ բարձր դիրք ունի Ամերիկայում‘ թէ՛ կառավարութիւնը, թէ՛ Սփիւռքի գաղութը: Մենք մեդալի համար չենք անում: Այդ մեդալն ինչ պէտք է անեմ‘ տանը՞ դնեմ: Եթէ առիթ տրուի Սփիւռքին‘ գան, օգնեն, նոյնիսկ անվճար: Իրենք կ’ուզեն միայն, որ եթէ բան են անում, ժամանակ են ծախսում, ապա արդիւնքը տեսնեն»:
Գործարարի խօսքով, Հայաստանում տեղի ունեցած «Թաւշեայ յեղափոխութիւնը», որը Սփիւռքում սկզբից անհանգստութեամբ ընդունուեց, այժմ բոլորին ոգեւորել է.
«Կարծում եմ, ժամանակն է, որ պէտք է երթանք: Եւ առիթ է‘ Հայաստանն ազատագրուեց»:
«Գործարարի խօսքով, Հայաստանում տեղի ունեցած «Թաւշեայ յեղափոխութիւնը», որը Սփիւռքում սկզբից անհանգստութեամբ ընդունուեց, այժմ բոլորին ոգեւորել է»:
Զարմանալին ա՛յն է, որ կարգ մը անհատներ իրենց իրաւունք կը վերապահեն «բոլորին» անունով խօսելու…: