ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Հետաքրքիր է, որ ջազը ԽՍՀՄում արգելուած էր եւ բացասաբար էր ընդունւում: Այն համարում էին բուրժուական՝ կապիտալիստական երաժշտութիւն: Սակայն, 60ական թուականներին այն սկսեց կամաց կամաց ընդունուել հասարակութեան կողմից: Դրան հաւանաբար նպաստեցին Լուի Արմսթրոնգի համաշխարհային ճանաչումը, Օսկար Պետերսոնի եւ Էլլա Ֆիցջերալդի եւրոպական հիւրախաղերը, իսկ Դիւկ Էլինգտոնը այցելեց ԽՍՀՄ, որտեղ հանդիպեց նաեւ Արամ Խաչատրեանին: Եւ այդ տարիներին ի յայտ եկան բազմաթիւ նուագախմբեր, որոնց կատարմամաբ հնչում էր ջազային երաժշտութիւն: Այդ նուագախմբերից էին‘ Գէորգի Գարանեանի «Մելոդիա» նուագախումբը եւ Կոնստանտին Օրբէլեանի ղեկավարած Հայաստանի Պետական էստրադային նուագախումբը:
Ասելիքս այն է, որ Սեպտեմբերի 5ին Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեանների Կրթական եւ մշակոյթայի կենտրոնում կայացաւ ջազ երաժշտասէրների (եւ ոչ միայն) կողմից ճանաչուած Գարի Քէօսայեանի ջազային խմբի («Գարի Քեօսայեան եւ Ընկերներ») համերգը, որում ընդգրկուած էին կիթառահար Դարիէլ Դարդենը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թէյլորը, կոնտաբասիստ Կարլ Վինսենտը եւ Մարվին Սմիթի Սմիթը՝ հարուածային գործիքներ:
Գալով համերգի, հաճելիօրէն զարմացայ, տեսնելով ջազի սիրահարների բազմութիւնը: Դահլիճում մօտ 300 ունկնդիր կար, մեծամասամբ կանայք: Ներկայ էին մեր համայնքի շատ քիչ քանակութեամբ երաժիշտներ, նկարաիչներ, դերասաններ: Ճիշդն ասած, ակընկալում էի այնտեղ աւելի շատ ծանօթ արուեստագէտների հանդիպել, բայց երեւում է ԽՍՀՄում գործող բացասական վերաբերմունքը նրանց վրայ էլ է ազդել: Բայց համերգին ներկայ էին նաեւ ամերիկեան շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Ինձ համար հաճելի էր ներկայ գտնուել Գարի Քէօսայեանի համերգին, որովհետեւ վաղուց առիթ չէր եղել ջազ երաժշտութեան համերգին ներկայ լինել: Վերջին անգամ ջազի կենդանի կատարում լսել եմ Երեւանի «Առագաստ» սրճարանում Մալխասի կատարմամբ: Սրճարաններում ջազ նուագելն էլ կարելի է վերագրել ՀՀ անկախացմանը:
Ջազը դժուար ընկալուող երաժշտութիւն է: Մասնագէտների գնահատմամբ այն ուղեղի լարում է պահանջում, բայց երբ ներկայ ես գտնւում համերգին (ոչ միայն ջազի), զգում ես երաժիշտների ապրումները, երաժշտութեան ռիթմերի ու տակտերի տակ նրանց դիմախաղը, ստեղներին կամ լարերին շեշտադրուած հարուածները, այն աւելի ընկալելի է դառնում:
Գարի Քէօսայեանի դէպքում դիմախաղն այնքան նուրբ էր, համեստ, իր յարգը գնահատող, բարեկիրթ ազնուականի տեսքով, որ թւում էր ինքն ու դաշնամուրի ստեղները մի ամբողջութիւն են՝ երաժշտութիւնն ուղակի յորդում էր նրա նուրբ մատների տակից:
Ջազային այս խբի համերգին առաջին անգամ մասնակցում էր տաղանդաշատ, բոլոր ասպարէզներում (որպէս երգիչ, դերասան, նկարիչ) փայլող Յովհաննէս Բաբախանեանը, ում կատարումները շատ ջերմօրէն ընդունեց հանդիսատեսը: Նախ ձայնը՝ իսկական ջազային խռպոտութեամբ, կատարողականը՝ իր բեմ դուրս գալը եւ հանդիսատեսին գերել ու դարձնել իր համախոհը՝ իսկական արհեստավարժի կարողութիւն է:
Համերգին մասնակցում էր նաեւ Գարի Քէօսայեանի տիկին՝ դերասան, երգչուհի Ալլա Սահակեանը, ով իր մեղմիկ ձայնով նոյնպէս տպաւորութիւն թողեց:
Համերգը կազմուած էր երկու մասից, որոնց ընթացքում հնչեցին Լուի Արմսթրոնգի, Ռէյ Չարլզի, Միշել Լեգրանի եւ իհարկէ Գարի Քէօսայեանի ստեղծագործութիւնները: Այդ հանրածանօթ երաժիշտների ստեղծագործութիւնները կատարւում էր Քէօսայեանի կողմից իւրատեսակ գործիքաւորմամբ, որոնց ժամանակ միւս գործիքների վրայ նուագողները մերթ ընդ մերթ իրենց արհեստավարժ մենանուագն էին ներկայացնում: «Shining Stars» երգը, որ կատարեց Յովհաննէս Բաբախանեանը, Քէօսայեանի տեղեկացմամբ առաջին անգամ կատարուել է 2005 թուականին Շարլ Ազնաւուրի ներկայութեամբ: Իսկ Գերշուինի «Summer Time» երգի կատարման ժամանակ Ալլա Սահակեանը կարծես անակնկալի եկաւ, երբ Յովհաննէս Բաբախանեանն իր ուրոյն ձայնով ներգրաւուեց երգի կատարմանը: Դա հանրայայտ երգի մի նոր, հետաքրքիր տարբերակ էր, որ հնչեցուեց Գարի Քէօսայեանի եւ իր ընկերների «մեղաւորութեամբ»:
Նուագախմբի անդամները տարիքն առած երաժիշտներ էին, որոնք նոյնիսկ այցելել էին Երեւան, ընդ որում սաքսաֆոնահար Լուիս Վան Թէյլորը՝ հինգ անգամ: Ամէն անգամ, երբ որեւէ ստեղծագործութեան ժամանակ սաքսոֆոնահար Լուիս Վան Թէյլորը վարպետօրէն իր մենանուագն էր կատարում, կիթառահար Դարիէլ Դարդենը ծափահարելով յուշում էր հանդիսատեսին, որ հարկաւոր է ծափահարելով գնահատել նրա կատարումը: Ընդհանրապէս, կիթառահարը բոլորից աւելի ակտիւ էր իրեն դրսեւորում եւ ուրոյն կերպար էր: Իսկ երբ ինքն էր մենանուագով հանդէս գալիս, կարծես ձայնակցում էր կիթառին՝ բերանով նոյնանման ձայներ արձակելով: Քէօսայեանի տեղեկացմամբ, նա այս տարի Ապրիլ ամսին եղել է Երեւանում եւ վանկարկել «Մերժիր Սերժին» կարգախօսն ու նաեւ տպաւորուել է հայկական խոհանոցով, որ հրամցրել է Ալլա Սահակեանը: Կոնտրաբասը «սանձող» Կարլ Վինսենտն իր չափսերով լիովին համապատասխանում էր իր գործիքի չափսերին ու շատ լուրջ, կենտրոնացած կատարում էր իր պարտականութիւնները: Իսկ հարուածային գործիքների վարպետ Մարվին Սմիթի Սմիթը յստակօրէն, վարժ շարժումներով թմբկահարում էր, պահպանելով թէ՛ ռիթմը, թէ՛ տակտը:
Շնորհակալութիւն պէտք է յայտնել Գարի Քէօսայեանին, ով համախմբել էր այս արհեստավարժ նուագողներին, ովքեր մեզ հիանալի ջազային երեկոյ պարգեւեցին:
Համերգի ընդմիջումից յետոյ, երբ երաժիշտները սկսեցին նուագել, հանդիսատեսներից ոմանք, հաւանաբար չնկատելով, տարուած լինելով խօսակցութեամբ, շարունակում էին աղմկել: Գարի Քէօսայեանը յանկարծ դադարեցրեց նուագը եւ ցուցադրեց, թէ ուշադիր լսում է չընդհատուած զրոյցը: Զրոյցով տարուածները յանկարծ ուշքի եկան եւ ընդհատեցին իրենց զրոյցը… Տհաճ միջադէպ: Միգուցէ նրանք ջազի սիրահարներ չեն, այլ եկել էին համերգին մասնակցելու եւ… Ընդհանրապէս, շատ դէպքերում, մարդիկ աւելի շատ էստրադային եւ ժողովրդական երգեր են լուսում: Ջազը հաւանաբար բոլորի կողմից ընկալելի չէ: Յաճախ էլ մարդիկ ցուցադրաբար դասական երաժշտութիւն են լսում, բայց չեն հասկանում ոչ հնչող երաժշտութիւնից, ոչ էլ երաժշտութեան հեղինակից… քաղքենիութիւն…
Ինչեւէ, համերգի աւարտին հայ համայնքում յայտնի դոկտոր Մարկ Մարատ Հայրապետեանը (արուեստագիտութեան թեկնածու, ՌԴ Բնական գիտութիւնների ակադեմիայի անդամ, սննդաբան, բնաբոյժ, «The Guardian of Health» առողջապահական կլինիկայի տնօրէն) անակնկալ մատուցեց երաժիշտներին՝ «Գարի Քէօսայեան եւ Ընկերներ» խմբին յանձնելով Լոս Անջելոսի նահանգային խորհրդի անդամներ Լորա Ֆրիդմանի եւ Ադրին Նազարեանի կողմից ստորագրուած պատուոգրերը:
Մարատ Հայրապետեանն իր խօսքում նշեց, որ Գարի Քէօսայեանի մատների տակ ջազը իւրովի է հնչում եւ ներկայացնում է բարձր կատարողական արուեստով:
Աւարտուեց մշակոյթային եւս մի ձեռնարկ ի շահս հայ հանդիսատեսի, որոնց ժամանակ նոր ծանօթութիւններ տեղի ունեցան, որոնք, կարծում եմ, մտերմացնում են հասարակութեանը՝ հայ համայնքին:
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ Լրագրողների միջազգային միութեան անդամ է
Երբոր մէկը իր չհասկցած բանին մասին գրէ, ասանկ գրութիւն կըլլայ:
ՎՄ յայտնի է որ Հայաստանի ջազին մասին շատ գաղափար չունի, կրնամ ըսել որ ջազի մասին ալ գաղափար չունի: Եթէ գաղափար ունենար, պիտի չիգրեր որ աս տեսակ երաժշտութիւնը դժուար կը հասկցուի. ջազը, բարեկամ, ամէնէն ժողովրդական տեսակ երաժշտութիւնն է, եթէ քեզի համար դժուար է, կը խօստվանիս որ չես հասկնար արդէն: Ետքը, ճազի ամէնէն պարզ ձեւերէն մէկը հոն է,որ ամէն մէկ նուագող սոլօ մը կընէ, մենակատարութիւն մը, ասոնք իրենց գործիքներով իրարու հետ կըխօսին: Հա, կերեւի կոր որ միակ չիհասկցողը աս գրողը չէ եղեր սրահին մէջ. գրեր է որ մարդիկ խօսելու սկսեր են եւ նուագողները ստիպուեր են կենալ եւ հասկցնել, որ պէտք է մտիկ ընեն: Իմ կարծիքովս, աս տեսակ թէ ուրիշ տեսակ երաժշտութիւն ներկայացնելու ատեն, պէտք է քեպապ եւ օղի ըլլայ, մեր ժողովուրդին արուեստի մակարդակը հոն իջած է շատոնց…