ՎԵՆԵԱՏԻԿ.- Վենետիկի յանձնաժողովի նախագահ Ճիանի Պուքիքիօ յայտարարութիւն մը հրապարակած է Հայաստանի ընտրական օրէնսգրքի նախագիծին վերաբերեալ: «Փանորամա»ն կը ներկայացնէ Վենետիկի յանձնաժողովի մամուլի քարտուղարի տրամադրած յայտարարութեան բնագիրը, որուն մէջ կ՛ըսուի.
«Վենետիկի յանձնաժողովի եւ ՀՀ առաջին փոխվարչապետի քննարկումների արդիւնքում Վենետիկի յանձնաժողովը ընդունում եւ աջակցում է այն խաղաղ ճանապարհին, որով հայ ժողովուրդը առաջ է տանում փոփոխութիւնները: Ընդունում է Հայաստանում առանձնայատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղաժամ ընտրութիւնների անցկացում:
Ողջունում է Հայաստանի իշխանութիւնների յանձնառութիւնը՝ պահպանել միջազգային չափանիշները՝ ընտրական օրէնսգրքի վերնայման ժամանակ:
Նշում է, որ առաջարկուած փոփոխութիւններն ունեն լեգիտիմ նպատակներ ու հիմնականում դրական են թւում:
Վենետիկի յանձնաժողովը, մասնաւորապէս, ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկուել են քուէարկութեան իրաւունքի դիւրացման համար, լրատուամիջոցների հասանելիութիւնը, դիտորդների իրաւունքները եւ ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի թափանցիկութիւնը ընդլայնելու, ինչպէս նաեւ ընտրական կեղծարարութեան դէմ պայքարելու համար:
Ողջունում է առաջին փուլից յետոյ դաշինքներ կազմելու մասնակիցների թուի սահմանափակման վերացումը՝ համաձայն Վենետիկի յանձնաժողովի ու ԵԱՀԿ-ԺՀՄԻԳի առանցքային առաջարկութիւնների:
Ողջունում է Վենետիկի յանձնաժողովի ու ԵԱՀԿ-ԺՀՄԻԳի միւս առաջարկութիւնների իրականացումը՝ մասնաւորապէս.
– Ընտրական շեմի եւ ընտրական գրաւի վերադարձման նուազեցումը, ընտրական գրաւի գումարի նուազեցումը:
– Դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հաւատարմագրման վերջնաժամկէտների նուազեցումը, ինչպէս նաեւ դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացումը, ինչպիսին է նրանց թուաքանակի սահմանափակման հնարաւորութիւնը:
– Զինուած ուժերում ազատ քուէարկութեան ապահովման երաշխիքները:
Յիշեցնում է Վենետիկի յանձնաժողովի վերապահումները՝ կապուած ընտրական համակարգում խոշոր փոփոխութիւնների հետ, ինչպիսիք են տարածքային (ռէյտինգային) ցուցակների վերացումը, որոնք պէտք է կատարուեն ընտրութիւններին նախորդող 1 տարուայ ընթացքում:
Նշում է նաեւ, որ այս վերապահումները պակաս կարեւոր են, եթէ քաղաքական ուժերի միջեւ առկայ է կոնսենսուս (համաձայնութիւն-Խմբ.) փոփոխութիւնների վերաբերեալ»: